Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգեկոչման ու պահանջատիրական մոմավառություն Մերձավան գյուղում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 25,2016 12:28

Դեռևս անցած տարի, երբ խնկարկվում էր Հայոց Մեծ Եղեռնի  զոհերի 100-ամյա տարելիցը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում կանգնեցվեց նրանց հիշատակի խաչքար, որտեղ յուրաքանչյուր թե՛ մերձավանցի և թե՛ հյուր, գալիս, մոմ է վառում, ծաղիկ դնում: Կարծես  այդ վայրը, որ դեռ մեկ տարի առաջ ամայի մի տարածք էր, այսօր բոլորիս համար դարձել է յուրօրինակ ու մեծ խորհուրդ պարունակող ուխտատեղի: Ուխտատեղի, որ մշտապես ապրողներիս ու գալիք սերնդին կհիշեցնի մեր դեմ կատարված ոճրագործության մասին: Ուխտատեղի, որտեղ ոչ թե արցունք ու խեղճություն է պատգամվում, այլ պայքարելու նոր լիցքեր ու հաստատակամություն, հայերիս հատուկ հպարտություն ու պատվախնդրություն:

Խաչքարը կանգնեցվել է գյուղի բնակիչ Գագիկ Ախտոյանի ջանքերով, որը մշտապես շեշտում է, որ դա միայն իր ու իր ընտանիքի խոնարհումը չէ, այլ ամբողջ գյուղինը, այն երիտասարդներինը, ովքեր աշխատել են, եռանդ ու ժամանակ են ներդրել այս ամենի մեջ: «Ամեն մեկս, որտեղ էլ որ ապրենք` լինի մեր հողի վրա, թե Սփյուռքում, մեր սրտի պարտքը պետք է համարենք ու առաջին հերթին մեզ խոսք տանք, որ պիտի շենացնենք, զարգացնենք մեր հայրենիքը, իսկ հայրենիքը սկսվում է յուրաքանչյուրիս տնից, հարազատ օջախից, գյուղից ու քաղաքից: Ուստի, պետք է շեն պահենք այն, հարգենք նախնիների  թողածն ու նրանց պատգամը, և սա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը  մեր ընկած նախնիներին և կլինի ամենամեծ մարտահրավերը, ցասման արտահայտումը այդ քոչվոր ու չկայացած պետության իրագործած վայրագությանը»,- մեր զրույցում նշեց Գ. Ախտոյանը:

Merdzavan Merdzavan (2) Merdzavan (3) Merdzavan (4)

Եվ ապրիլի 24-ին նորից նույն օրը, կրկին ամբողջ գյուղը հավաքվել էր խաչքարի շուրջը, որ մասնակից լինի  ու միանա համահայկական մոմավառությանը,  ոգեկոչման ու պահանջատիրական մոմավառությանը` ի հիշատակ մեր անմեղ զոհերի, մեր նախնիների, որոնցից շատերի շառավիղներն այսօր ապրում են նաև Մերձավանում` Մուշից, Արդահանից, Ալաշկերտից, Վանից ու Դիարբեքիրից:

Մինչ մոմավառությունը` հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր պապերի մշտարթուն հիշատակը`չմոռանալով այդ խորհրդանշական լռության մեջ ծածանել Հայաստանի ու Արցախի դրոշները` ի տես թշնամուն, որ հայը ապրում է, արարում, ծնում ու զարգանում: Լռության միջից առկայծող ցասման ճիչն էլ դրսևորվեց վայրագ թշնամու դրոշի այրմամբ ու ոտնահարմամբ:

https://www.youtube.com/watch?v=880XZt-hEFY

Աննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930