Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. «Օբաման կանցնի պատմության գիրկը` որպես ստախոս նախագահ»

Ապրիլ 25,2016 12:17

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի համոզմամբ` ոչ Բարաք Օբաման, ոչ էլ այլ երկրների նախագահներ մեզ բարություն չեն անում` Հայոց ցեղասպանությունը ճանաչելով. դա իրողություն է:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այն փաստին, որ այս տարի ևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չարտաբերեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, ասաց. «Oբաման կանցնի պատմության գիրկը` որպես ստախոս նախագահ, քանի որ այս տարի վերջին ապրիլի 24-ն էր, որ նա կարող էր պահել իր խոստումը, ինչը չարեց, ինչպես ԱՄՆ նախորդ նախագահները»:

Սակայն ըստ «Կալիֆորնիա Կուրիեր»-ի խմբագրի` մանկամտություն է կարծել, որ եթե Օբաման չի արտաբերում Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, դա նշանակում է ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, կամ երեխայություն է կարծել, որ Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է, դրա համար Օբաման զերծ է մնում օգտագործել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Պարոն Սասունյանը հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դեռ 1981-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ըստ Հարութ Սասունյանի` հայ ժողովրդի շփոթմունքն այնտեղ է, որ հաճախ չեն տարբերում, որ ճանաչելը մի բան է, բայց եթե մի նախագահ չի ուզում օգտագործել Հայոց ցեղասպանությունը, որ դա չանդրադառնա իր` Թուրքիայի հետ հարաբերություններին, դա այլ բան է և դա ամենևին չի նշանակում, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ամփոփելով այս թեման` պարոն Սասունյանն ասաց. «Օբաման չի ասում ցեղասպանություն, ասում եմ` ամոթ իրեն, որ խոստում տվել է ու չի կատարել այն»:

Ըստ Հարութ Սասունյանի` արդեն վաղուց ժամանակն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից անցնենք իրավական դաշտ, թե չէ թուրքական ծուղակ է ճանաչման գործով զբաղվելը, քանի որ աշխարհը վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Նա օրինակ բերեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին վեհափառի` դատական կարգով Սիսի կաթողիկոսարանի կալվածքները պահանջելը ու հիշեցրեց, որ ՀՀ-ում էլ ստեղծվել է իրավաբանների խումբ, որը զբաղվում է դատական ատյաններ դիմելու համար թղթածրարի պատրաստման գործով: Հարցին` արդյոք ՀՀ իշխանությունները պատշաճ պատրաստվո՞ւմ են միջազգային դատարան դիմելու գործին, պարոն Սասունյանը պատասխանեց, թե իրավաբանների խումբը, որը պատրաստում է այդ փաթեթը «պետք է շտապի, որ հանկարծ հանպատրաստից չներկայանան միջազգային դատարան»:

Պարոն Սասունյանը բարձր գնահատեց «Ավրորա» մրցանակաբաշխության` Հայաստանում անցկացումը ու նշեց. «Սա փորձ է, որ հայկական հարցերը, օրինակ, ցեղասպանությունը, ներկայացնենք միջազգային հանրության հռչակավոր անձերի մասնակցությամբ: Մարդիկ գալիս են Հայաստան, ծանոթանում մեր ժողովրդին ու մեր դատին: Օրինակ` պակիստանցի կինը, որը խոսում է Հայոց ցեղասպանության մասին, վստահ եմ, որ երբեք էլ չէր իմանա այդ մասին, եթե այս մրցանակաբաշխությունը չլիներ ու նա չգար Հայաստան:

Դառնալով արցախյան հիմնախնդրին ու այն հարցին` արդյոք հակամարտության` չլուծված լինելը վտա՞նգ է պարունակում, որ Հայոց ցեղասպանությունը կրկնվի, պարոն Սասունյանը համաձայնեց ու հիշեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմը. «Օրինակ` ապրիլի 2-5-ի հարձակումը, որտեղ ադրբեջանցիները բարբարոսական արարքներ գործադրեցին, և որոնք միջազգային օրենքով կարելի է որակել որպես պատերազմ ու պատերազմական ոճրագործություն: Հուսամ, որ մեր ղեկավարությունն այդ հարցով կզբաղվի ու կներկայացնի միջազգային դատարան, հակառակ դեպքում ազերիները շարունակելու են»:

Արցախի անկախության` Հայաստանի կողմից ճանաչման մասին խոսելով` պարոն Սասունյանը հայտնեց, թե «անհրաժեշտ է, որ Հայաստանը ոչ թե ճանաչի Արցախի անկախությունը, այլ հայտարարի, որ Արցախը Հայաստանի մասն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930