Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին եւ երրորդ նախագահների հանդիպումը

Ապրիլ 25,2016 12:00

Հայաստանի առաջին եւ երրորդ նախագահների հանդիպումը, որը կայացավ առաջին նախագահի նախաձեռնությամբ, միանգամայն անսպասելի սենսացիա էր՝ ոչ միայն հասարակության եւ շարքային քաղաքացիների, այլեւ հենց իրենց՝ քաղաքական գործիչների համար: Այդուհանդերձ, տեղի ունեցած եւ իրականություն դարձած հանդիպումն առաջին նախագահի ոճի մեջ էր: Վերջինս սիրում է ներքաղաքական դաշտում անսպասելի քայլեր կատարել: Երբ մի քանի տարի առաջ իր ՀԱԿ-ի հետ քաղաքական ու ընդդիմադիր դաշինքի մեջ մտավ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հետ, դարձյալ հասարակության եւ քաղաքական գործիչների համար անհավատալի ու անսպասելի էր, եւ հատկապես քաղաքական գործիչների ու առանձնապես ՀԱԿ-ի անդամների համար էր անսպասելի, ընդ որում՝ ոչ միայն ՀԱԿ-ի շարքային անդամների համար էր անսպասելի, այլեւ ՀԱԿ-ի եւ ՀԱԿ դաշինքի կուսակցական լիդերների:

Այսինքն՝ ընդդիմության լիդերի կարգավիճակում Տեր-Պետրոսյանը սիրում ու նախընտրում է բացարձակ ինքնուրույն քայլեր կատարել՝ առանց նույնիսկ կուսակիցների ու գաղափարակիրների կարծիքները հարցնելու ու հաշվի առնելու: Ենթադրում եմ, որ այս անգամ էլ է այդպես արել: Գուցե սխալվում եմ, գուցե իր կուսակիցների մի խմբի տեղեկացրել է նախագահ Սարգսյանի հետ իր մտահղացած այս հանդիպման մասին, բայց եթե տեղեկացրած էլ լինի, դա որեւէ սկզբունքային նշանակություն չունի, որովհետեւ եթե տեղեկացրած էլ լինի, դա արած կլինի ոչ թե խորհուրդ հարցնելու նպատակով, այլ իբրեւ ի գիտություն: Եվ եթե իբրեւ ի գիտություն էլ նախապես տեղեկացրած չլինի, վստահ ենք, որ տեղեկացնելու դեպքում ՀԱԿ անդամներից որեւէ մեկը չէր ընդդիմանա իրենց լիդերի կամքին ու մտադրությանը, որովհետեւ նրանք, ովքեր կարող էին ընդդիմանալ, վաղուց հեռացած կամ հեռացված են ՀԱԿ-ից:

Բայց սա մեր քննարկելու նյութը չի, իրենց ներկուսակցական խոհանոցն ու հարաբերություններն են եւ մեզ չեն վերաբերում: Մեզ վերաբերողը առաջին ու երկրորդ նախագահների հանդիպման եղելությունն ու իրողությունն են, ինչպես նաեւ այն, թե ինչ են խոսել նրանք իրար հետ այդ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում: Ինչ էլ խոսած լինեն, պիտի որ մեզ վերաբերի: Ենթադրում եմ, որ առանձնապես երկար-բարակ չեն խոսել, որովհետեւ եթե կուտակված բոլոր հարցերի մասին խոսեին, 10 ժամն էլ չէր բավարարի, եւ եթե իսկապես նպատակ ունեն «գործից խոսել», առաջիկայում եւս կհանդիպեն, ընդ որում՝ բավական հաճախ, եւ սա միայն նախաբանն էր:
Սա ընդամենը սենսացիոն նախաբանն էր, եւ չնայած երկուսի հանդիպումը բոլորի համար էր անսպասելի, շատերը շտապեցին ենթադրություններ անել՝ գուշակելով, թե ինչ են խոսել երկու նախագահները: Ըստ զանազան ենթադրողների՝ խոսել են Ղարաբաղյան հարցի փոխզիջումային տարբերակներից, ներքաղաքական ու գալիք ընտրություններին վերաբերող հարցերից եւ այլն: Որոշ ենթադրողներ էլ ենթադրեցին, որ Տեր-Պետրոսյանը հիմա էլ երրորդ նախագահի հետ է որոշել միավորվել՝ ընդդեմ երկրորդի: Այս վերջին ենթադրությունը ավելի հաճախակի սկսեց հնչել հանդիպմանը հաջորդած հարցազրույցից հետո, որտեղ առաջին նախագահը մի շարք հարցերում ուղղակի մեղադրում էր երկրորդին՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից բավական ծանր ժառանգություն է ստացել: Այնուհետեւ կետ առ կետ նշել էր, թե հատկապես որ հարցերում է Քոչարյանը ծանր ժառանգություն թողել Սարգսյանին: Չուշացավ նաեւ Քոչարյանի խոսնակ Սողոմոնյանի պատասխանը, որտեղ վերջինս նույն այդ հարցերում առաջին նախագահին էր մեղադրում: Կետ առ կետ: Այնուհետեւ Շարմազանովը ողջունեց առաջին նախագահի նախաձեռնությունը, Զարուհի Փոստանջյանն էլ խոսեց՝ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը որակելով «էժան բամբասանք»: Ուրիշներն էլ արտահայտվեցին՝ տարբեր կերպ:

Ինչեւէ: Հանդիպումը կայացել է, եւ անկասկած այն հետեւանքներ ու շարունակություն կունենա: Հուսով ենք՝ դրական: Այս հանդիպումը ուսանելի է ոչ միայն այլ քաղաքական գործիչների համար, այլեւ հենց իրենց՝ հանդիպման մասնակիցների համար: Նաեւ բոլորիս համար:
Վերջին բառերով ու արտահայտություններով չոչնչացնենք իրար, որովհետեւ հնարավոր է՝ վաղը կյանքը ստիպի, որ դեմ-դիմաց նստենք:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930