1915թ. չարագուշակ օրերից մեկն էր… Թուրքերի կողմից հայերի դաժան ոճրագործությունների լուրը հասավ նաեւ Բիթլիսի Փրխուս գյուղ, որն իր հայաշատ բնակիչներով լուսացնում էր խաղաղ առավոտներից մեկը: Չարագույժ լուրը մի ակնթարթում փոխեց Վանա լճի մոտակայքում ծվարած գյուղի լուսավոր ճակատագրի հետագա ընթացքը: «Հարեւան գյուղերում օսմանցիներն անխնա կոտորում են հայերին, մեծ ու փոքր հայորդիներին ոչնչացնողները շուտով կհասնեն նաեւ Փրխուս, փրկվել է պետք…»: Այս լուրը արագորեն տարածվում է գյուղով մեկ. փրխուսցիները, առանց երկար մտածելու, վերցնում են տան անդամներին եւ սայլերով միանում դեպի Հայաստանի ճամփան բռնած քարավանին: Նրանց մեծ մասը կանայք էին, փոքր երեխաներ ու տարեցներ, իսկ ընտանիքի հայրերն ու որդիները, որոնք բանակ էին զորակոչվել, արդեն սպանվել էին:
Քույր ու եղբայր՝ յոթնամյա Զինա եւ հնգամյա Գեւորգ Մանուկյաններն իրենց բազմանդամ ընտանիքից փրկված միակ զավակներն էին: Նրանց մայրն ամեն կերպ փորձել է փրկել իր ընտանիքի մյուս անդամներին, Զինային, Գեւորգին եւ մի քանի ամսական աղջկան գիրկն առած՝ միացել է հայերի քարավանին, ամուսնուն ու երկու որդիներին թուրքերը սպանել էին բանակում: Ոչինչ չէին հասցրել իրենց հետ վերցնել, գյուղում էին թողել իրենց տուն-տեղը, հագուստն ու անհրաժեշտ կարեւոր բոլոր իրերը եւ բռնել գաղթի ճամփան: Գաղթականներից ոչ բոլորը կարողացան դիմանալ ու հասնել հասցեակետին: Ճանապարհի դժվարություններին չդիմացան նաեւ Զինայի եւ Գեւորգի մայրն ու մի քանի ամսական քույրը:
«Որբացած մորս ու քեռուս հարեւաններն ու ծանոթ-բարեկամներն են իրենց հետ սայլերով բերել-հասցրել Հայաստան ու հարյուրավոր որբ երեխաների հետ հանձնել Աշտարակի մանկատուն, որը Ամերիկայի հովանավորությամբ էր գործում: Իրենք շատ բան չեն հիշում բռնագաղթելու օրերից, փոքր էին, բարեկամների պատմած հիշողություններով էին մեզ հետ կիսվում: Երբ մյուս գյուղերը թուրքերն ավերել են, մարդկանց վայրագորեն սպանել, Փրխուսի բնակիչներից շատերը հասցրել են ժամանակին դուրս գալ ու փրկվել: Իրենք թուրքի սրի տակ չեն ընկել, հեռու են եղել կռիվներից, հայերի ջարդի լուրը լսելով՝ միացել են գաղթականների հոծ բազմությանն ու ռուսական բանակի օգնությամբ դուրս եկել երկրից, ովքեր էլ մահացել են՝ սովից ու հոգնածությունից»,- պատմում է յոթ տարեկանում իր հայրենի գյուղը ստիպված լքած փրխուսցի Զինա Մանուկյանի որդին՝ Սերգեյ Մկրտչյանը, որը հպարտությամբ է խոսում հայի ուժի մասին, ինչի շնորհիվ թուրքերին չհաջողվեց իրականացնել հայ ընտանիքները բնաջնջելու նողկալի ծրագիրը: Հակառակը՝ բռնի տեղահանված եւ թուրքերի պատճառով որբացած մայրն ու քեռին, շարունակեցին նոր շիվեր տալ եւ նոր գերդաստաններ հիմնելով՝ երկրի վրա ավելացրեցին հայերի թիվը:
Կարդացեք նաև
Նախիջեւանից Երեւան եկած զինվորական Գուրգեն Ալոյանը, տեսնելով մանկատան սան Զինային, որը հազիվ էր բոլորել իր 15-ամյակը, սիրահարվում է, ամուսնանում: Գուրգենը հետագայում նաեւ Գեւորգին է իր հովանու ներքո առնում, մանկատնից հանելուց հետո էլ գործի տեղավորում: Համատեղ երջանիկ կյանքի ընթացքում Զինան եւ Գուրգենը ունենում են հինգ երեխա՝ 4 տղա եւ մեկ աղջիկ: Հինգ երեխա՝ 4 աղջիկ եւ մեկ տղա էլ ունենում է Գեւորգը: Բոլորովին վերջերս իր 82-ամյակը նշած Սերգեյ պապը՝ փրխուսցի Զինայի 5 երեխաներից մեկը, ուրախությամբ է փաստում, որ 101 տարի առաջ Արեւմտյան Հայաստանում արմատախիլ արված հայ ընտանիքից մնացած եւ հայաստանյան հողում դրված երկու «սերմերից» մի քանի տասնյակ հայ նոր ընտանիքներ են ծնվել ու ընդարձակվել:
Նա ասում է, որ իր մայրն ու քեռին մահացել են՝ այդպես էլ չկարողանալով գոնե մեկ անգամ լինել հայրենի գյուղում: «Այն տարիներին արգելված էր այդ տարածքներ գնալը: Քեռիս ասում էր, որ ճամփեն բացելու դեպքում Մասիսի կողքով 6 ժամում կհասնի Փրխուս, ոտք կդնի իր հայրենի հողը, եւ կատակում էր, թե պետք է տեսնի՝ փախնելուց առաջ թոնրատան հորում իրենց ազգականների թաղած ոսկով լի կարասը տեղո՞ւմ է, թե՞ ոչ: Կատակը՝ կատակ, բայց այդպես էլ Փրխուսը ողջ կյանքի ընթացքում մնաց անհասանելի մի վայր»,- պատմում է Սերգեյ Մկրտչյանը, որը ծնվել ու իր ընտանիքն է կազմել Երեւանում: Պատահականություն է, թե՝ ոչ, Եղեռնից մազապուրծ սերնդի ներկայացուցիչը հանդիպել եւ իր կյանքն է կազմել կրկին համանման ճակատագրի արժանացած մի ընտանիքի աղջիկներից մեկի հետ: Ժորայի (Սերգեյ պապին այսպես են տանը անվանում) կնոջ՝ Թամարա Հովսեփյանի նախնիները գաղթել են Նախիջեւանից եւ հազիվհազ փրկվել թուրքերի ոճրագործություններից: «Նույն թվականին էլ իմ մայրական ու հայրական կողմն է ջարդերի ժամանակ փախել-եկել Հայաստան: Քեռիս իր հինգ քույրերին (ամենափոքրը մայրս էր) կենդանի բերել-հասցրել է Մեղրի, որտեղ նրանց շատ լավ ընդունել են, տուն ու տեղ տվել, այնուհետեւ տեղափոխվել են Երեւան, ամուսնացել եւ ամեն մեկն իր ընտանիքը կազմել: Նախիջեւանից գաղթել է նաեւ իմ հայրական կողմը: Չարբախ գյուղը մերոնք են հիմնել, նախկին անապատից, օձերով ու կարիճներով լի տափաստանից բնակավայր հիմնել: 1956-ին Նախիջեւանից կրկին հայերի հոսք է եղել դեպի Երեւան, հայրս նրանց բոլորին օգնեց բնակություն հաստատել Չարբախում: Այստեղ էլ հետագայում ես ու Ժորան հանդիպեցինք, ընտանիք կազմեցինք»,- պատմում է 4 թոռ եւ 2 ծոռ ունեցող 81-ամյա Թամարա Հովսեփյանը:
Մինչ զրուցում էինք Թամարա տատի հետ, Սերգեյ պապը սենյակ մտավ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» ձեռքին: Պարզվում է՝ Սերգեյ պապը ոչ միայն փրխուսցիների սերունդներից է, այլեւ սալմաստցի խաչագողերի: «Հորս պապերը խաչագողեր են եղել: Իմ պապու պապը՝ Ալոն (ում անունով էլ կոչվել են Ալոյան), Սալմաստ գավառից է եղել, իմ պապը Մկրտիչ Ալոյանն էր: Երբ մեծ եղբայրս բանակից եկավ, Մկրտիչ պապս ասաց, թե հերիք չի՞ էդ Ալոյի պոչը բռնեք էրթաք, ու այդ ժամանակից սկսած երեք եղբայրներով մեր ազգանունները փոխեցինք Մկրտչյան՝ Մկրտիչ պապիս պատվին, իսկ մյուս եղբայրս ու քույրս մնացին Ալոյաններ»,- պատմեց Սերգեյ Մկրտչյանը:
Վերադառնալով մայրական կողմի եւ մյուս հայ ընտանիքների հետ 101 տարի առաջ կատարված վայրագ դեպքերին՝ փաստում է՝ այսօր էլ թուրքն իր ձեռագրին հավատարիմ է մնացել: Որպես ասվածի ապացույց՝ բերում է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թուրքերի հավատարիմ եղբայրների ու նրանցից ոչնչով չտարբերվող ադրբեջանցիների թողած հետքերը Թալիշում:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.04.2016