Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լավ կլիներ՝ հայերս ավելի քիչ խոսեինք եկամուտներից»

Ապրիլ 25,2016 15:30

Ռուսաստանաբնակ գալերիստ Արիս Պետրոսյանը՝
ոլորտի մինուսների եւ պլյուսների մասին

Շուրջ 10 տարի «Իմ սիրելի հայկական ընտանիք» խորագիրը կրող նախագծով ռուսաստանաբնակ գալերիստ Արիս Պետրոսյանը հայ նկարիչների աշխատանքները ներկայացնում է սփյուռքում: Այս օրերին նա հայրենիքում է: «Առավոտի» հետ զրույցում Արիս Պետրոսյանն ասաց, թե մշտապես երազել է, որ հենց ապրիլի 24-ին բարձրանա Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցի Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: «Սգո այդ օրը տարբեր երկրներում եմ գտնվել, օրինակ՝ 2011թ. Սիդնեյի պառլամենտի դահլիճում, որ տրամադրվում է հայերին, կազմակերպել եմ ցուցահանդես՝ Սիդնեյի հայկական եկեղեցու քահանա տեր Ավետիսի աջակցությամբ: Կամ՝ Քլիվլենդի նահանգում, որտեղ ընդամենը 120 հայ է բնակվում, ներկայացրել եմ շուրջ 40 հայ նկարիչների գործեր ու պետք է տեսնեիք, թե տեղաբնակ հայերը ինչպես էին այդ աշխատանքները ձեռքից ձեռք խլում… Գործունեությանս շնորհիվ էր, որ հասկացա՝ աշխարհում մեր ազգը ինչ թերություն էլ ունենա, իրավունք ունի արժանապատիվ ապրելու: Օրինակ, կազմակերպածս ցուցահանդեսների ամենատխուր վիճակն արձանագրել եմ Ռուսաստանում: Ի տարբերություն Արեւմուտքի, ռուսների մոտ ես չեմ տեսել այն ոգեւորությունն ու հետաքրքրությունը մեր նկարիչների արվեստի հանդեպ, ինչի ականատեսն եմ եղել Արեւմուտքի ցանկացած երկրում: Ամպագոռգոռ չհնչի, որոշ երկրներում էլ հայ տաղանդավոր նկարիչներին պարզապես չեն ճանաչում, օրինակ՝ Միքայել Առաքելյան անունը, որը նկարիչն է փարաջանովյան բոլոր ֆիլմերի: Կարող եմ այս ցանկը շարունակել, թվարկելով Գրիգոր Ազիզյանի, Էդուարդ Խարբերդյանի, Տիգրան Հովհաննիսյանի եւ մյուսների անունները»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Գալերիստին խնդրեցինք մանրամասնել ոլորտի բարդությունների մասին, օրինակ բերելով, որ 2012թ. հայտնի գալերիստ Լարի Կակոսյանի դեմ դատական հայց էր նեկայացվել՝ առանց սեփականատիրոջ համաձայնության երկու կտավ վաճառելու համար: Բարեբախտաբար, դատարանը այլ վճիռ կայացրեց, հակառակ դեպքում՝ մեր հայրենակիցը ստիպված կլիներ 14 մլն եվրո տուգանք վճարել: Պետրոսյանը նշեց, որ իր կազմակերպած ցուցադրությունները հիմնականում իրականացնում է հայ եկեղեցիների հետ համաձայնեցված, եւ եթե որեւէ գործ էլ չի վաճառվում, ապա ինքը նվիրաբերում է համայնքին: «Ցավում եմ, որ երբեմն անառողջ խոսակցություններ են շրջանառվում: Անկասկած, յուրաքանչյուր աշխատանք, այդ թվում՝ գալերիստինը, եկամուտ է ենթադրում: Օրինակ, երբեւէ թույլ չեմ տա ինձ հացթուխից գնել իր արտադրանքն ու ասել, թե ինչի ես այսքան թանկ վաճառում…Իսկ ընդհանրապես լավ կլիներ, որ այլոց օրինակով հայերս էլ անընդհատ չխոսեինք եկամուտներից: Չեք հանդիպի մի հոլանդացու, որին հետաքրքրի այս կամ այն մասնագետի եկամուտը… Ինձ հետ կատարված մի օրինակ բերեմ: Փարիզում 2013թ. մի երեւանցի աղջկա հանդիպեցի, որն ուզում էր ձեռք բերել հայաստանցի մի նկարչի աշխատանք ու ընդամենը 20 եվրո ուներ: Ես հենց այդ գումարով նվիրեցի այդ գործն աղջկան: Եվ երբ այդ մասին իմացավ հեղինակը, վիրավորվեց ինձնից…»,-հայտնեց գալերիստը:

Արիս Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ զբաղվո՞ւմ է բարեգործությամբ: «Հաճախ հրավիրում եմ տատիկ-պապիկների ու կազմակերպում լոտոյի մրցույթ: Վերջում հաղթողներին նվիրում եմ իրենց հավանած աշխատանքներից»,- ասաց նա: Իսկ թե ինչպես է վերաբերվում քննադատությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տեղին քննադատությունը օգնում է եւ նկարիչներին, եւ մեզ՝ գալերիստներին: Չեմ ընդունում, որ չհասկանալով, նկարչությանը հաճախ այս կամ այն որակումն են տալիս: Ի վերջո, արվեստ գնահատելը անհատական մոտեցում է պահանջում»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930