Համաձայն ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական վիճակագրության, միայն վերջին հնգամյակում տարեկան շուրջ 550 ատենախոսություն է պաշտպանվել մեր հանրապետությունում: Ատենախոսությունների գծով հրատարակված բոլոր սեղմագրերում նշվում են գիտական նորույթներ, որոնք ունեն գիտագործնական նշանակություն: Եթե հավատանք այս տեղեկատվության իրատեսությանը, Հայաստանի Հանրապետությունը, շնորհիվ իր գիտական ներուժի, պետք է որ ունենար սոցիալ-տնտեսական կտրուկ առաջընթաց: Սակայն, ստացվում է այնպես, որ դեռեւս գիտությունը ծառայում է ատենախոսություն պաշտպանողների անձնական շահերին, որոնց զգալի մասն աստիճանաշնորհում ստանալուց եւ սեփական կարիերայի հարցերը լուծելուց հետո, պարզապես հեռանում է գիտական ասպարեզից եւ բնավ էլ մտահոգված չէ իր իսկ գիտական մշակումների ներդրումներով:
Նման իրավիճակը իներցիոն ուժով գալիս է անցյալից, երբ Խորհրդային Միությունը կազմակերպել էր «գիտնականների թողարկման ինդուստրիա», որպեսզի աշխարհում ի ցույց դներ իր գիտական ներուժը: Նման մոտեցումը մեր երկրի համար բացարձակ անընդունելի է: Իսկ պաշտոնների ձեռքբերմանը, պարտադիր զինակոչից տարկետումների «կորզմանը» ուղղված ատենախոսությունների մրցավազքը անհանդուրժելի է մեր օրերում: Հիմա արդիական է «առողջ գիտության» ձեւավորումը, որը թիրախավորվելու է երկրի սոցիալ-տնտեսական աճին, նորույթների ներդրմանն ու դրանով իսկ` երկրի բարգավաճմանը: Տեղին է հիշատակել հակամարտության տարածաշրջանում հայտնված Իսրայելի «տնտեսական հրաշքի» մասին, որի պատճառներից մեկը` գիտական նորամուծական առաջարկների հիման վրա ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է:
Ժամանակն է, որ մեր իրականությունում ատենախոսությունները գնահատվեն ոչ միայն հաջող պաշտպանությունների, այլեւ դրանց գիտագործնական փաստացի արդյունքների տեսանկյունից: Անհրաժեշտ է հետեւողական լինել եւ մեխանիզմներ մշակել, որպեսզի գիտական նորույթները իրենց իրական կիրառությունը գտնեն եւ փաստացի հատույց ապահովեն: Թերեւս, միայն պատերազմի այս օրերին հիշատակվեցին մեր գիտնականների մշակումները, որոնք կարող էին ծառայել երկրի սպառազինությունների արդիականացմանը: Ուստի անթույլատրելի է, որ գիտության կիրառական մշակումները մնան թղթի վրա: Գտնվելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում եւ չունենալով գիտության զարգացման համար շռայլ ռեսուրսներ, նույնիսկ կարելի է գնալ ծայրահեղ քայլի եւ գիտական աստիճաններ շնորհել պաշտպանությունից տարիներ անց եւ միայն այն դեպքում, երբ ակնառու կլինեն ատենախոսության ոչ միայն գիտագործնական տեսանելի` այլ հենց փաստացի արդյունքները:
Միգուցե այս դիրքորոշումը չափազանց կոշտ է, բայց մեր երկրի շուրջ ձեւավորված իրավիճակում ատենախոսներին պարտավորեցնող, որ հետեւողական լինեն իրենց իսկ կողմից առաջարկված նորույթների ներդրմանը եւ դրանով իսկ գիտությունը ծառայեցնեն ոչ թե անձնային, այլ պետական շահերին: Այս դեպքում կունենանք «առողջ ասպիրանտուրա»՝ մաքրված կարիերիստներից, չինովնիկներից ու զորակոչից փախչող երիտասարդներից:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
23.04.2016