Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բազմադարյա Արցախը

Ապրիլ 25,2016 14:30

Չէի ձեռնարկի հոդված գրել, եթե չլինեին վերջին աննախադեպ զարգացումները, եթե յաթաղանը կրկին չկախվեր հայկական բնաշխարհի վերեւում: Հանկարծ մտածեցի, որ ղարաբաղյան հարցը երբեք չի կարող հանգուցալուծվել, քանի դեռ հակընդդեմ են լինելու տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները:

Հարկ է արմատապես փոխել այս անպտուղ կոնցեպցիան եւ վերջ տալ մեր «իեյնիմ-նեյնիմ» դիվանագիտությանը, որը հարցը արդեն 20 տարի քաղաքական փակուղի է մտցրել: Եվ այս պարագայում չի կարող լինել ընդունելի փոխզիջում, որովհետեւ կողմերից յուրաքանչյուրը շարունակում է պնդել իր ճշմարտացիությունը: Նախիջեւանը հնամենի հայկական տարածք է, բայց որը վաղուց հայաթափվել է եւ հետեւաբար չի կարող նրա համար գործել ազգերի ինքնորոշման սկզբունքը. ինչ է, պետք է հրաժարվե՞նք պատմական Նախիջեւանից:
Զարմանալի մի երեւույթ եւս. բոլոր միութենական ինքնավարությունները կոչվում էին ազգային պատկանելության անուններով՝ Աբխազական, Աջարական, Օսեթական եւ այլն, բացառությամբ Նախիջեւանի եւ Արցախի: Բայց հայկական ինքնավար կազմավորումների առկայությունը հաստատում է դրանց ոչ ադրբեջանական լինելը, մանավանդ, որ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը մինչ օրս էլ Ադրբեջանի հետ ցամաքային սահմաններ չունի: Եվ այսպիսով՝ որտեղի՞ց աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջանը՝ որպես պետական միավոր, ապա եւ բուն ադրբեջանցին՝ իբրեւ ցեղային երեւույթ:

Նախ պետք է հստակեցնել՝ ովքեր էին նրանց նախնիները: Թուրքական ցեղախմբերը Կովկաս մտան xI-xII դդ., իսկ Տուղրիլ բեկը ոտք դրեց Փոքր Ասիա սոսկ մ. թ. 1147 թվականին: Այսինքն, ներկայիս ադրբեջանցիները զտարյուն քոչվորներ են, որոնք իրենց խառնիխուռն հոտերով Ալթայի եւ Հյուսիսային Չինաստանի կողմերից եկել, տնավորվել են ներկայիս տարածքներում: 1918թ. մայիսին կովկասյան թուրքերը կամ Լենինի բնորոշմամբ՝ «կովկասյան թաթարները» հռչակեցին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը: Ինչո՞ւ Ադրբեջանի, քանզի դա ատրպատական բառի աղավաղված ձեւն էր եւ այդ անունն էր կրում պատմական Պարսկաստանի Հյուսիսային նահանգներից մեկը:

Դա նաեւ հեռահար նպատակ էր հետապնդում Պարսկաստանին հողային պահանջներ ներկայացնելու առումով, թեեւ դեռեւս մ.թ.ա. 349-ին Ալեքսանդր Մակեդոնացին Հյուսիսային Մեդիան հանձնել էր պարսիկ նշանավոր իշխան Ատրոպատեսին, որը հույն զորավար Պրետիկասի աներն էր: Այնուհետ Մեդիայի այդ մասը Ատրոպանես անունով կոչվեց Ատրոպատյան Մեդիա կամ Ատրպատական: Սակայն նշված տարածքում ապրում էին բազմաթիվ ազգեր` հայեր, եզդիներ, թալիշներ, լեզգիներ, ուդեր, թաթեր եւ այլք, որոնք դեմ էին նորաստեղծ թուրքական պետությանը, եւ կովկասյան թուրքերը Նուրի փաշայի բանակի օգնությամբ մտան երեք ամիս դիմադրող Բաքու, կոտորեցին ավելի քան 30000 մարդ եւ միայն սեպտեմբերի 15-ին կյանքի կոչվեց նոր պետականությունը՝ ԱԴՀ-ն: Ադրբեջանը հայտնվեց աշխարհի քարտեզի վրա, բայց դեռ պարզ չէր, թե ովքեր էին դրա բնակիչները, եւ 1936թ. ԽՍՀՄ նոր սահմանադրության ժամանակ Ստալինը միանձնյա կերպով ամրագրեց Ադրբեջանում բնակվող ազգաբնակչության անվանումը՝ ադրբեջանցի:

Եվ այժմ, նախկին քոչվոր ցեղի առջեւ ծանրացավ սեփական պատմություն ունենալու ցնորածին բարբաջանքը: Խորհրդային 70 տարիների ընթացքում նրանք առնվազն 4 անգամ կերտեցին իրենց պատմությունը, սկզբում համարելով, որ իրենց նախնիները թյուրքերն են, բայց Խորհրդային պետության եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացման պատճառով, փորձեցին նոր վարկածներ մշակել: Եվ զարմանքով «հայտնաբերեցին», որ ներկայումս ապրում են հնագույն պետություններից մեկի՝ պատմական Մեդիայի տարածքում: Եվ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Մ. Բագիրովի նախաձեռնությամբ ադրբեջանցիները համարվեցին Մեդիայի ժառանգորդներ:

Բայց այդ վարկածը, որը ստեղծվել էր ադրբեջանցիներին հին ժողովուրդ անվանելու համար, մի մեծ, բացասական կողմ ուներ. Մեդիան երբեք սահմանակից չէր եղել իր հնամենի հարեւաններին` Հայաստանին եւ Վրաստանին, եւ այնտեղ դարեր ի վեր ապրել էին թալիշները, ովքեր Մեդիայի իրական ժառանգորդն էին, եւ բացի այդ, իրանախոս ազգություն էին: Մի խոսքով, այս վարկածը եւս քննություն չբռնեց եւ նորակոչ ադրբեջանցիները որոշեցին մի նոր պատմություն նկարել: Համառ պրպտումների արդյունքում ծնվեց Աղվան-Շիրվանական տարբերակը: Այդ վարկածի հեղինակը ակադեմիկոս Ս. Բույնաթովն էր: Նախ եւ առաջ աղվանները հնամենի ժողովուրդ էին, եւ սույն տարածքի բնիկներ, եւ դրա որոշ բեկորներ դեռ պահպանվել էին տխրահռչակ Ադրբեջանում: Ընդ որում՝ ակադեմիկոսն առաջարկում էր չհրաժարվել Մեդիական տարբերակից, զուգահեռաբար այն բխեցնելով եւ Աղվանքից: Մնում էր այդ ժողովուրդների մշակույթը համարել ադրբեջանական եւ հարցը կլուծվեր: Ու նրանք մտովի ընդարձակեցին Աղվանքի պատմական սահմանները` դրա մեջ ընդգրկելով Մեդիան եւ Պարսկաստանի հյուսիսային հատվածը: Այսպիսով ստեղծվեց հորինովի, բայց իրենց համար ընդունելի սեփական պատմություն եւ նոր էթնոգենես:

Բայց այս նոր վարկածը երկար կյանք չունեցավ:

ԽՍՀՄ-ի հարաբերությունները բարելավեցին Թուրքիայի հետ, եւ կոմունիստական վերնախավը սկսեց Թուրքիային վերաբերվել ավելի հանդուրժողականորեն, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից եւ Հանրապետությունների անկախությունից հետո ադրբեջանցիները հանկարծ հիշեցին, որ իրենք էթնոսով թուրք են, եւ որ իրենց տարբերությունը եղբայր թուրքերից կրոնի հակամետ հոսանքներն են՝ սունի-շիա: Եվ հարց ծագեց՝ հրաժարվե՞լ գեղեցիկ կերպով «կերտված» անցյալից, թե՞… Եվ ընտրվեց 4-րդ, ցնորածին տարբերակը: Պատմաբանների նոր սերունդը «այդ բոլոր անցյալները» դրեց մի կաթսայի մեջ, խառնեց ապուրը եւ ստեղծեց մի նոր, հիբրիդային շիլա. էթնոսով թուրք են, բայց աղվանցիների եւ մեդիացիների հետնորդներ: Բանից պարզվում է՝ աղվաններն ու մեդիացիները սերում էին թուրքական ցեղերից: 1989թ. «Ադրբեջանի կոմունիստ» թերթում այս վարկածն էին պաշտպանում գիտնականներ Ալիբեյզադեն եւ Վելիեւը, ավելին՝ սկիֆներին անգամ համարելով ադրբեջանցի: «Գիտական» ցնորամտությունը հասավ այն աստիճանի, որ Մ. Ռաֆիլին «Խորհրդային Նախիջեւան» թերթում զետեղված իր հոդվածում ապացուցում էր, որ նահապետ Նոյը ադրբեջանական մեծագույն… աստղագետ է եւ որ շումերները նույնպես… ադրբեջանցիներ են:

Արցախը

Չեմ ուզում խոսել Արցախում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքի ավերակների, բազում, հնամենի եկեղեցիների մասին, լոկ կփաստեմ, որ ըստ օտարազգի մատենագիր Ստրաբոնի՝ Տիգրան Մեծի ժամանակ Արցախը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր, իսկ արդեն մեր թվարկության 1001-1260թթ. ինքնուրույն թագավորություն: Տարբեր ժամանակ նրա մայրաքաղաքներն են եղել Խաչերի Բերդը, Հաթերքը եւ Վայկունիքը: Սա տիպիկ միջնադարյան պետություն էր, որն ընդգրկում էր Խաչենի, Գարդմանի եւ Գեղարքունիքի իշխանությունները: Արցախի արքայական տոհմը սերում էր Սյունիների մի ճյուղից եւ հայտնի էր Խաչենի իշխանական տոհմ անունով: Արքայական տոհմը հիմնադրել է Խաչենի իշխան Հովհաննես Սենեքերիմը եւ ստացել միապետի տիտղոս, Բյուզանդիայի եւ Պարսկաստանի տիրակալների կողմից:

Անկախության
իրավական կողմը

ԽՍՀՄ սահմանադրությունը պահանջում էր, որ միությունից դուրս գալու ժամանակ պետք է տեղի ունենա հանրաքվե՝ ազգաբնակչության կարծիքը ճշգրտելու համար:
1931թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը ընդունեց «Պետական անկախության հռչակման վերաբերյալ» Հռչակագիր: Թողնենք մի կողմ տվյալ փաստաթղթի իրավական ուժը եւ գրագիտությունը. Բաքվում օգոստոսի 30-ին գործում էր Խորհրդային Ադրբեջանի, այլ ոչ թե Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը, միայն 1918-1920թթ. գործել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը եւ այլն:
Խնդիրն այլ բանի մեջ էր: ԽՍՀՄ-ի միջազգային իրավունքը եւ օրենքները պահանջում էին հանրաքվեի միջոցով իրականացնել ԽՍՀՄ-ից միութենական հանրապետությունների կամ ինքնավարությունների անջատումը՝ ազգաբնակչության կարծիքը իմանալու համար։ Ադրբեջանի Հանրապետության ինքնահռչակումը իրականացվեց առանց տվյալ՝ ժողովրդական գործոնի առկայության, ինչը նշանակում էր իշխանության ուղղակի եւ անուղղակի
բռնազավթում: Ավելին՝ «Միութենական հանրապետությունների ԽՍՀՄ-ից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» Օրենքի 3-րդ հոդվածը պահանջում էր, որ «Միութենական Հանրապետությունում, որն իր կազմում ունի ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր եւ ինքնավար շրջաններ, հանրաքվեն անցկացվի առանձին-առանձին՝ յուրաքանչյուր ինքնավարության համար»: Ինքնավար հանրապետություններին եւ ինքնավար կազմավորումներին իրավունք էր վերապահվում ԽՍՀՄ կազմի մեջ մնալու կամ չմնալու հարցի ինքնուրույն լուծման, ինչպես նաեւ իր պետական-իրավական կարգավիճակի հարցի վերաբերյալ։

 
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ
Գրող, հրապարակախոս

 

«Առավոտ» օրաթերթ
23.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930