Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեմեսիս» գործողությամբ սպանվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները

Ապրիլ 25,2016 14:00

Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող եւ իրականացնող Երիտթուրք պարագլուխներին պատժելու համար ստեղծվել է «Նեմեսիս» գործողություն, որի ժամանակ պետք է պատժվեին նաեւ 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչները եւ թուրքերի հետ համագործակցած հայ դավաճանները:

1919 թվականին Երեւանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում կայացվել է գործողության կատարման որոշումը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները, իսկ գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործել են  հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող Շահան Նաթալին եւ ազգային-ազատագրական շարժման մարտիկ Գրիգոր Մերջանովը:

1920-1922 թվականների ընթացքում ծրագիրը հաջողությամբ իրականացվեց:

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ Արամ Երկանյանը 1920 թվականի հունիսի 19-ին գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն եւ վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին: Նույն ժամանակահատվածում սպանել է Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Ագաեւին, որը Շուշիի հայերի ջարդի ու Բաքվի հայերի ջարդի հիմնական պատասխանատուներից մեկն էր: 1922 թվականի ապրիլի 17-ին  Արամ Երկանյանը ու Արշավիր Շիրակյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին, որը հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել: Նույն օրը Բեռլինում նրանք վերացրել են «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին եւ նրա թիկնապահներից մեկին: Վերջինս ոչնչացրել է հայերի ծրագրավորված բնաջնջման վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը եւ վերցնելով կուսակցական արխիվը՝ փախել Թուրքիայից։

1922 թվականի հուլիսի 22-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը եւ Արտաշես Գեւորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաեւ Ստեփան Ծաղիկյանը եւ Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:

1921թ. դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի մեծ վեզիր Սայիդ Հալիմին:

1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի ներքին գործերի նախարար եւ մեծ վեզիր, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին: 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, եւ դատարանը արդարացրել է նրան:

1921 թվականի հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջիվանշիր Խանին:

Նասիբ Յուսիֆբեյլին մեղադրվում էր 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից մեկը լինելու մեջ, որին 1920 թ. մայիսի 31-ին սպանել են Բաքվից դուրս եկող ճանապարհին:

Դատավճռի ցուցակում են եղել նաեւ Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվերը եւ «Միություն եւ Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը:

1922 թվականին կարմիր բանակի հայազգի հրամանատար Հակոբ Մելքումովը գնդակահարել է Էնվերին Տաջիկստանում, իսկ Նազիմը Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի է ենթարկվել:

Ծրագրի շրջանակներում սպանվել են նաեւ 3 հայ դավաճաններ` Հարություն Մկրտչյանը, Վահե Իհսսանին` Եսայան, եւ Արշավիր` Արթուր Յասյանին:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930