Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանում դատապարտված Ուկրաինայի ԶՈւ ծառայակից Նադեժդա Սավչենկոյին հայրենիք վերադարձելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Խոսելով ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին՝ Պորոշենկոն մասնավորապես ասել է. «Այդ խոսակցության ընթացքում, առաջին անգամ, լույս երևաց թունելի վերջում։ Մենք քննարկել ենք կոնկրետ ժամկետներ (նկատի ունի Սավչենկոյին Ուկրաինա վերադարձնելու ժամկետները,-խմբ.)։ Ես մեծ հույսեր ունեմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախագահական ինքնաթիռը կբերի Սավչենկոյին Ուկրաինա»։
Ուկրաինայի նախագահի այս հայտարարությունը Կրեմլում դեռևս չի մեկնաբանվել։