Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել զինծառայող Մ. Դիմաքսյանի մահվան գործով գանգատը

Ապրիլ 25,2016 10:29

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. մարտի 31-ին վարույթ է ընդունել 2012 թ. փետրվարի 5-ին ծառայակցի անզգույշ հրազենային կրակոցի հետևանքով զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացած Մարատ Դիմաքսյանի գործով գանգատը, որը 2014 թ. մարտի 28-ին ներկայացվել է տուժողի իրավահաջորդ Ալ. Դիմաքսյանի կողմից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ:

Գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (Արդար դատաքննության իրավունք) 1-ին մասով, 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) 1-ին մասով և 13-րդ հոդվածով (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) նախատեսված իրավունքների խախտման հիմքով: Այն հիմնավորվել է նրանով, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նստավայրը՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, որը ՄԻԵԿ 6-րդ հոդվածի իմաստով օրենքի հիման վրա ստեղծված դատարան չէ: ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով պետությունը չի կատարել իր պոզիտիվ պարտավորությունը՝ զինծառայողի կյանքը և առողջությունը պաշտպանելու ուղղությամբ, չի ապահովել պատշաճ սարքավորումներով և մասնագետներով ապահովված բուժօգնություն, ինչպիսի պայմաններում հնարավոր կլիներ փրկել զինծառայողի կյանքը: ՄԻԵԿ 13-րդ հոդվածի իմաստով չի իրականացվել արդյունավետ քննություն, ինչի արդյունքում անպատասխան են մնացել մի շարք հարցեր, մասնավորապես՝ չեն բացահայտվել Մ. Դիմաքսյանի մահվան հանգանմանքները և հավանական մեղավորները:

Բացի դրանից՝ տուժողի ընտանիքին պետության կողմից չի տրամադրվել բարոյական վնասի փոխհատուցում: Ներկայացված գանգատը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել ՄԻԵԿ 2-րդ և 13-րդ հոդվածների հիմքով և իր հարցադրումները ներկայացրել կողմերին: Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Մ. Դիմաքսյանի ծառայակից Գ. Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 2013 թ. ապրիլի 25-ի դատավճռով Գ. Ալավերդյանը դատապարտվել է ազատազրկման՝4 տարի 6 ամիս ժամկետով:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930