Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. Դատապարտում ենք ոստիկանության հրապարակային և ցուցադրական բռնությունները քաղաքացիների նկատմամբ

Ապրիլ 24,2016 23:28

2016 թ.-ի ապրիլի 21-ին՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց և ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ ՀՀ Ոստիկանությունը, շարունակելով իր ավանդական գործելակերպը, անհամաչափ ոստիկանական ուժեր ներգրավելով խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ, ցուցադրաբար և բռնի կերպով խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նորմերը, ոչ թե ապահովում էր խաղաղ ցույցի անվտանգությունը և իրականացումը, այլև բռնությունների կիրառմամբ խաղաղ ցույցի մասնակիցներին (ըստ պաշտոնական տվյալների՝ մոտ 42 հոգի) բերման ենթարկեց ոստիկանության բաժիններ, ֆիզիկական բռնություն կիրառվեց բողոքի ցույցը լուսաբանող 1in.am-ի լրագրողների նկատմամբ՝ կոտրելով նրանց տեխնիկան:

Բացի դրանից, Ռուսական դեսպանատան ցույցի ավարտից հետո Երևանի ոստիկանապետ Ա. Կարապետյանը, առանց որևէ իրավական հիմնավորման, ոստիկանության բաժին է հրավիրել Շահեն Հարությունյանին և սպառնացել վերջինիս, որ բողոքի  ցույցերին հետագա մասնակցության դեպքում նա կարող է  կենթարկվել  քրեական հետապնդման:

Ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողություններին զուգահեռ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները որևէ բացատրություն չէին ներկայացնում իրենց գործողությունների վերաբերյալ, որով ցուցադրում էին իրենց հրապարակային անպատասխանատվությունը և անպատժելիությունը հանրության առջև:

Գտնում ենք, որ ոստիկանության նման ապօրինի գործողությունների պատճառ է հանդիսացել  2015 թ. հունիսի 23-ի ոստիկանության զանգվածային ապօրինությունների փաստերի հիման վրա հարուցված քրեական գործի անթույլատրելի հետաձգումը ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից, սպասվելիք իրավական գնահատականի բացակայությունը, որը նպաստեց ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության շարունակական անպատժելիության և անպատասխանատու գործելակերպի հերթական դրսևորմանը:

Միանշանակ և առանց որևէ վերապահումների ոստիկանության վարքագիծը և գործողությունները գնահատում ենք հակաիրավական:

Գտնում ենք, որ ոստիկանները իրենց գործողություններով խախտել են ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց գործառույթները, այլև չարաշահել են դրանք՝ նպատակ ունենալով խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական լծակներն օգտագործել՝ վախեցնելով մարդկանց ներկայացնել իրենց բողոքը և կարծիքը:

2016 թ. ապրիլի չորսօրյա ռազմական գործողությունների և այդ ընթացքում մարդկային զոհերի, ավելի քան 100 վիրավորների, արտաքին սպառնալիքների դիմագրավման պարագայում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանության նման գործելակերպը ոչ միայն չի բխում և չի համապատասխանում  ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքերից, այլև ավելի է նվազեցնում իշխանությունների նկատմամբ առանց այն էլ ցածր մակարդակում գտնվող հանրային վստահության մակարդակը:  Նման գործելակերպը գնահատում ենք ժողովրդավարական արժեքների և սկզբունքների շուրջ սոցիալական համախմբման դեմ ուղղված բռնապետական կառավարման ոճի գործողություն:

Դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինությունները և  գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետը և նրա տեղակալները, ինչպես նաև Երևանի ոստիկանապետը պետք է անհապաղ հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

24 ապրիլի, 2016թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մինաս says:

    Մեր հարազատ իշխանությունը հազիվ կարողանում է մի գյուղացի երեխա կանգնեցնել 3-4 թուրքի դեմ, քանի որ ամեն մի բողոքավոր կնիկ – աղջկա դեմ ստիպված է թանկ սարք ու կապով, 2-3 լուրջ ու առողջ գելխեղդ պահել: Դուք հայրենասեր չեք, քանի որ կրիտիկական պահին ջուր եք լցնում թշնամու ջաղացին՝ ձեր անմիտ ցույց ու միտինգներով աշխարհի առաջ խայտառակելով հայրենի ղեկավարությանը! Առավել հակաազգային ու խիստ վնասակար պիտի համարել մեր ազգային օլիգարխ – էլիտայի պատվելի ներկայացուցիչների ունեցվացքի նկատմամբ անթաքույց ոտնձգությունների ձեր անպարկեշտ կոչերը: Դուք, կարճամիտներդ միթե չեք հասկանում որ մասսայական չքավորությունը այն աստիճանի, որ տոմսի փող նույնիսկ չեն ճարել երկրից փախչելու ու բանակից խուսափելու, – նրանց շնորհիվ է! Առավել եւս, մեր ժողովուրդը մեկ մարդու պես պատրաստ է հիմա կյանքը դնելու ընդեմ ոսոխի, որովհետեւ … ըտենց կյանքը կարելի է դնել, – բա որ հարուստ ու ապահով լինեին, ով կկռվեր? Այսպիսով, պետք է համախմբվել ու փառաբանել մեր աստվածատուր խեկավարներին ու եներալներին!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930