Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում քիչ առաջ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) հռչակվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին։
Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը՝ Մարգարիտ Բարանկիցեն ասաց. «Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»։
Որպես «Ավրորայի» դափնեկրի Բարանկիցեին շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Մարգարիտ Բարանկիցեն նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու եւ երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) եւ Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):
«Ես ընտրել եմ այս կազմակերպությունները, որովհետեւ նրանք աջակցում են ինձ եւ երբեք չեն լքում՝ նույնիսկ դժվարին ժամանակներում: Նրանք նույն սկզբունքն ունեն, ինչ ես եւ Մեզոն Շալոմը՝ կարեկցանք, բարյացակամություն, արժանապատվություն եւ մեծահոգություն»,- ասաց Բարանկիցեն:
Կարդացեք նաև
«Մարգարիտ Բարանկիցեն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող հալածանքների եւ անարդարության հանդիպելիս, մեկ մարդն անգամ մեծ ազդեցություն կարող է ունենալ,- ասաց Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին եւ շարունակեց,- տեսնելով Մարգարիտ Բարանկիցեի խիզախությունը, կամքն ու նվիրվածությունը, ես հուսով եմ, որ նա կարող է ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին մտածելու, թե ինչ մենք կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են եւ ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»:
Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել ու խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։
Հյուրերը մեծարանքի են արժանացրել նաեւ մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Թոմ Քաթինային (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիմային (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ Հայր Բերնարդ Կինվիին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։ Նրանք 25.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կստանան՝ ուղղելու այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց:
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա են եղել նաեւ մարդասիրության ասպարեզի առաջատարներ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Գարեթ Էվանսը, Հինա Ջիլանին, Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին եւ Վարդան Գրեգորյանը։
«Մրցանակի ընտրական փուլում մենք առնչվեցինք մարդկային ոգու տոկունության բացառիկ դրվագների եւ ծանոթացանք մեծ թվով ոգեշնչող անհատականությունների, որոնք հենց այս պահին աշխարհում ինչ-որ մի տեղ լրջագույն գործ են կատարում»,– ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: «Մենք հպարտ ենք, որ պատիվ ենք ունեցել ճանաչման արժանացնելու Մարգարիտ Բարանկիցեին եւ աջակցելու անձամբ նրա կատարած մեծարժեք գործին։ Իր գործունեությամբ նա գալիս է ապացուցելու, թե ինչ հսկայական ազդեցություն կարող է ունենալ անհատը բազմաթիվ մարդկանց կյանքում»։
IDeA հիմնադրամ
Ուրախ եմ, որ իմ ու հանձնաժողովի կարծիքները համընկան:
Շատ արդար հանձնաժողով էր… 🙂