Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից Սելինա Դողանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից Գարո Փայլանը և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությունից Մարգար Եսայանը մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ապրիլքսարչորսյան ցավակցական ուղերձը:
Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր տեղի ունեցած հիշատակման արարողությանը մասնակցած պատգամավորները, ըստ Ermenihaber.am-ի՝ «Ակօս» թերթի հետ զրույցում ներկայացրել են իրենց վերաբերմունքը Էրդողանի ուղերձի վերաբերյալ:
CHP-ական Սելինա Դողանը նախագահի քայլը դրական է գնահատել՝ ասելով. «Ցանկանում ենք, որ անցած տարիների ընթացքում թափ առած և 2 ժողովուրդների մտերմացմանն ուղղված քաղաքական գործընթացը և քաղաքական քայլերն առանց որևէ նախապայմանի շարունակվեն: Մեր ցանկությունն է, որ նախապայմաններից հեռու մնալով, բարեկամաբար ու խաղաղությամբ այս երկրում ապրենք ու մեր ցավերի հետ առերեսվենք: Ցանկանում ենք, որ ավելի մարդկային և խելամիտ մոտեցմամբ այս հարցը առողջ մթնոլորտում քննարկվի ինչպես Թուրքիայի խորհրդարանի հարկի տակ, այնպես էլ այլ երկրների խորհրդարաններում»:
HDP-ական Գարո Փայլանը պատրիարքարանում ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության անցկացումը կարևոր է համարել, բայց նշել է, որ նախորդ տարի կարծես ավելի մեծ կարևորություն տրվեց ապրիլի 24-ին և նույնիսկ առերեսվելու կամք կար: Իսկ այս տարի ամեն ինչ իզուր է, և առերեսվելու կամքն էլ «սառնարան է դրվել»:
Կարդացեք նաև
«Այսօր մենք ունենք մի կառավարությունը, որի համար այս ամենը, ինչ տեղի է ունենում այստեղ, բնավ կարևոր չէ: Ճանապարհին, երբ գալիս էի պատրիարքարան, բոլոր ճանապարհները փակ էին, քանի որ այս տարի էլ որոշել են ապրիլի 24-ին հեծանվարշավ կազմակերպել: Ժամանակին այս երկրում ամեն 5 քաղաքացուց մեկը հայ է եղել: Նրանք բոլորը բնաջնջվել են: Այսօր մենք փոքրամասնություն ենք դարձել, իսկ ապրիլի 24-ն էլ՝ հեծանվարշավի օր: Մենք կհամարենք, որ առերեսվել ենք այս հարցի հետ, երբ ապրիլի 24-ը Թուրքիայի համար դառնա կարևոր օր»:
AKP-ական Մարգար Եսայանը ողջունել է նախագահի ուղերձը՝ համոզմունք հայտնելով, որ այն կարող է հայ համայնքում դրական տեղաշարժի հնարավորություն տալ: «Հույս ունեմ, որ հանրության և պետությունների միջև նախապայմանները կվերանան»: