Հայաստանի Երրորդ հանրապետությունը ստեղծվում էր այն գաղափարական հիմքի վրա, որ հնարավոր է բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, խաղաղ լուծել Ղարաբաղի հիմնահարցը եւ մեր տարածաշրջանում լինել տնտեսական եւ մշակութային «բանուկ խաչմերուկ»: Այսօր ես հակված եմ մտածելու, որ դա պատրանք էր, որը կիսում էի նաեւ ես: Ավելին՝ երբ 2009 թվականին ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները, ես այն փոքրամասնության մեջ էի, որին թվում էր, թե դա շանս է՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու: Քառօրյա պատերազմից հետո ինձ համար վերջնականապես պարզ դարձավ, որ ես սխալվում էի:
Ինչո՞ւ այդ հույսերը չարդարացան: Որովհետեւ 1) մենք չենք կարողացել ուժեղ պետություն ստեղծել, 2) Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ցանկանում մեզ հետ ապրել կողք կողքի՝ նրանք գրեթե բացահայտ ասում են՝ կա՛մ գնացեք այս տարածաշրջանից, կա՛մ մենք ձեզ կմորթենք, 3) Ռուսաստանը նույնպես շահագրգռված չէ, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի:
Երկրորդ եւ երրորդ կետերը փոխելու հարցում մեզնից քիչ բան է կախված, առաջինն ամբողջությամբ կախված է մեզանից: Չմերժելով բանակցությունները ու դաշնակիցներ փնտրելը` մենք պետք է ստեղծենք այնպիսի մի պետություն, որի վրա հակառակորդները վախենան հարձակել: Ընդ որում, այնպես չէ, որ պետք է մի անգամ կռվենք, հետ մղենք հարձակումը, եւ նրանք հանգստանան: Մենք ստիպված կլինենք ամեն օր ապացուցել մեր ռազմական, տեխնիկական, տնտեսական եւ քաղաքական առավելությունները: Թե ինչ է դրա համար պետք, արդեն շատ է ասվել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթէ, երկրորդ կէտին վերջապէս գիտակցելու համար, Հայաստան ծնած կամ դաստիարակված մեր սիրելի ազգակիցները կարիքը ունեցած չըլլային գրեթէ քարորդ դար ժամանակի, առաջին կէտը իրականացնելու շատ աւելի մօտ կ’ըլլայինք այսօր:
Սակայն տակաւին ուշ չէ անշուշտ:
Եւ լաւ է ուշ, քան երբեք:
Ուրեմն, բարի նոր Զարթօնք, բոլորիս:
Մ. Հայդուկ Շամլեան
https://shoushisummercamp.org/