Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի փակ դռների գաղտնիք  էլ այս գիրքն է, որը մեր մոտակա ժամանակի պատմությունն է». Դավիթ Գասպարյան

Ապրիլ 24,2016 17:08

Ապրիլի 23-ին կայացավ Պարույր Հայրիկյանի՝ «Իմ բանտային յուշերից» (1965-1973) քառահատորի Ա գրքի շնորհանդեսը։

Շնորհանդեսի ժամանակ Պարույր Հայրիկյանը խոսեց գրքից՝ նշելով, որ արդեն գրում է գրքի երկրորդ մասը. «Առաջին գործով ինձ հետ դատված բոլոր 4 ընկերներս մահացել են, երկրորդ գործով՝ Ազգային միացյալ կուսակցության 5 ղեկավարներից երեքը նույնպես մահացել են: Ես, հետևելով մեր պատմության ընթացքին, հասկացա, որ եթե ես չգրեմ նրանց մասին, ապա ով ինչ էլ գրի, լինելու է ուռճացված կամ հակառակը՝ թերագնահատված: Ես հիմա մեռնելու իրավունք չունեմ, որովհետև այդ ընկերներիս առաջ պարտք ունեմ. ինչքան հնարավոր է գրել նրանց մասին: Զգում եմ, որ այսպիսի գործ մարդկությունը չունի: Ոչ թե ես եմ լավ գրում, այլ վեր եմ հանում պատմություններ, իրադարձություններ, որ աներևակայելի և բացառիկ են»:

Գրքի շնորհանդեսին ներկա էին Գերագույն խորհրդի պատգամավորներ Մեխակ Գաբրիելյանը, Սամսոն Ղազարյանը, Ֆիդայական երգերի մեկնաբան, երգիչ Սահակ Սահակյանը, Հիմնադիր խորհրդարանի եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Կարո Եղնուկյանը կնոջ՝ Ռուզաննա Եղնուկյանի հետ և այլք:

Շնորհանդեսին ներկա՝ գրականագետ, բանասիրությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանն ասաց, որ գրքին ծանոթ է ոչ ամբողջությամբ, բայց շատ հատվածներ կարդացել է. «Գրքի ծնունդը երեխայի ծնունդի պես է: Ես միշտ այդ զգացողությունն եմ ունեցել, երբ տպարանից գիրքը տանում էի տուն: Գրքի շնորհանդեսների շատ քիչ եմ մասնակցում. ոչ գրողը կա, ոչ էլ գրականությունը: Սակայն այս գիրքը ուրիշ է: Կա մարդը, ճակատագիրը և պատմությունը: Սա այն գիրքն է, որտեղ խոսում է ժամանակը: Արդեն ժամանակը գրել է այդ ամենը և պետք է ընդամենը այն հանձնել թղթին: Անուններ են, որ գրել են մեր նորագույն շրջանի պատմությունը՝ Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Ստեփան Զատիկյանը, Աղասի Արշակյանը, Ազատ Արշակյանը և շատ ուրիշներ:

Գրքում ինձ ուրախացրեց մեկ բան: Ամեն կերպ այնպես է արել, որ փաստը խոսի, դեպքը, իրողությունը խոսի, ոչ թե ենթադրությունն ու տրամաբանական մոտիվը: Այսօր մեր գրականությունը հեռացել է ընթերցողից, որովհետև ճշմարտություն չկա այնտեղ: Մարդը գիրքը բացում է ու տեղնուտեղը փակում: Մարդը որոնում է կենսագրական փաստ, ճակատագիր, իրողություն, պատմական դեպքերի տրամաբանական ընթացք. մի բան, որ այս գրքում կա»:

Գրականագետը գիրքը համեմատեց իր «Փակ դռների գաղտնիքը» գրքի հետ. «Ժամանակին ես առիթ ունեցել եմ արխիվներում լուսացնելու, որի արդյունքը եղավ իմ «Փակ դռների գաղտնիքը» գիրքը: Հանեցի ասպարեզ գրական մարդկանց ճակատագրերը, այն՝ ինչ որ փակ էր՝ Չարենցի, Բակունցի, Մահարու, Զապել Եսայան և այլ գրողների: Առավոտյան մտնում էի արխիվներ, թերթում էի էջերը, որոնց մեջ կային հարցաքննություններ, դատավճիռներ, գնդակահարություն ու աքսոր: Ու երբ դուրս էի գալիս այդ արխիվներից, տեսնում էի, որ կյանք կա, արև կա, սրճարաններ, մարդիկ. կարծես գերեզմանից դուրս գայի: Ես արխիվից էի դուրս գալիս, իսկ Պարույր Հայրիկյանը ապրել է այդ կյանքը: Եվ այն դաժան, փաստագրական ճշմարտությունը, որ կարողացել է տեղ հասցնել, շատ մեծ բան է: Ինչքան փաստը շատ ուժեղ և խոսուն է, այնքան գիրքը կշահի:Մի փակ դռների գաղտնիք  էլ այս գիրքն է, որը մեր մոտակա ժամանակի պատմությունն է»:

Գրքի մասին իր կարծիքն ասաց նաև բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը. «Կան գրքեր, որ ծնվում են կիսաշունչ, հեղինակները ամեն կերպ փորձում են կյանքի մղել, բայց չի ստացվում: Կան գրքեր, որ ժամանակի ընթացքում ունենում են հաջողություններ, հետո մարում են: Իմ ձեռքում այն գիրքն է, որ ժամանակի հետ հաղթական սլացք է ունենալու, ավելի է արժևորվելու, և սերունդները, եթե փորձեն մեր ժամանակի շուրջ ուսումնասիրություններ  անել, շատ բաներ են գտնելու այս ժողովածուում:

Մարդիկ կան, որոնք իրենց գաղափարների համար պայքարի ելնելով, հասնելով դժվարության մի հատվածի՝ դա վերջնակետն են համարում, ասելով , որ ավարտեցին իրենց առաքելությունը: Այստեղ այդ անսպառությունն ես տեսնում: Ոչ  մի բանտարկություն, զրկանք չի կարողացել հետ պահել մարդուն, որ իր առաջ նպատակ է դրել հասնելու իր գաղափարների հաղթական ավարտին»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930