Շիրակի ու Լոռու մարզի բարձրաստիճան պաշտոնյաներն ու բնակիչները Ջարդի կամ Հերհերի ձորում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտ գտնվող այս ձորում 1920 թվականին դաժանորեն սպանվել են Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները, նրանց ժայռերից գլորել են ձորը: Նույնիսկ պատմում են, որ այս դեպքերից հետո մարդիկ երկար ժամանակ խուսափել են անցնել Հերհերի կողքով, քանի ձորն արձագանքել է սպանված մարդկանց ճիչը:
Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այսօր Ջարդի ձորում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արցախյան քառօրյա պատերազմին՝ հայտարարեց. «Այդ օրերին հայ ժողովուրդը իր լավագույն որակները ցուցաբերեց, ցուցադրեց, ինչը որ քնած էր, փոշու տակ թաղված էր, հանեց: Եվ մաղթենք, որ հետփոշուց չծածկի, այլ մնա այդպես: Եվ ես իմ անձնական կարծիքն եմ ասում՝ մենք հանձնելու հող չունենք, ո՛չ մի թիզ, դեռ վերցնելիք ունենք, տալիք չունենք, դրա համար ինչ է պետք լինել հզոր, ուժեղ, միասնական, ամուր, մաքուր, ազնիվ, պարկեշտ»:
Ըստ Սրբազանի, մեր ժողովուրդը ցույց տվեց, որ հայրենիքն ամեն ինչից վեր է, հայրենիքի համար կարելի է կյանքն էլ տալ, նահատակվել: «Հայրենիքի շենացման համար մտածեք, ժողովուրդը իր լավագույն որակները ցույց տվեց, մնում է, որ բոլոր նրանք, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, սովորեն, օրինակ վերցնեն ու իրենք էլ իրենց վրայից թոթափեն մանր-մունր բաները, հաշիվները, ճղճիմ բաները եւ զբաղվեն այս երկիրը մեծացնելով ու հզորացնելով»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ