Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ընկանք Ռուսաստանի ծուղակը». վերլուծաբան Էմմա Գաբրիելյան

Ապրիլ 24,2016 18:03

«Ռուսաստանը պիտի տեսնի, որ Հայաստանում Հայաստանի շահը պաշտպանողներ կան»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած` «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության շուրջ միջազգային, տարածաշրջանային եւ ազգային զարգացումները» թեմայով ճեպազրույց-քննարկման ժամանակ «Առավոտ» օրաթերթի քաղաքական վերլուծաբան Էմմա Գաբրիելյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյան-Սերգեյ Լավրով հանդիպման տեսագրությանը, նշեց, որ այն բավականին տպավորիչ էր այն առումով, որ Սերժ Սարգսյանը փաստորեն նպատակահարմար համարեց հրապարակային ամրագրել, որ Հայաստանը դժվարանում է վերադառնալ բանակցություններին: Քառօրյա պատերազմի սանձազերծման պատասխանատուի հարցը շատ սկզբունքային հարց է: «Կարեւոր է Ադրբեջանի պատասխանատվությունը ֆիքսելը, որովհետեւ դա չֆիքսելը նշանակում է մեկ, երկու, երեք ամիս կամ մեկ տարի հետո նոր պատերազմի սանձազերծում: Ի՞նչ հաջողության կհասնենք այդ ճանապարհին, ինչպե՞ս պետք է հասնել Ադրբեջանի պատասխանատվության ամրագրմանը, Հայաստանի այսօրվա դիվանագիտության պայմաններում դա հնարավո՞ր է` սա այլ խնդիր է ու քննարկելու այլ թեմա է»:

«Բանակցություններ սկսել արժե՞, թե՞ ոչ: Ինչ-որ դադար պետք է տալ, քանի դեռ պատասխանատուի առումով Ադրբեջանի ֆիքսմանը չենք կարողացել հասնել: Մենք ընկանք Ռուսաստանի ծուղակը: Ռուսաստանը տարիներ շարունակ Ադրբեջանին զինեց, երես տվեց, ինչը ունեցավ հետեւանքներ: Մենք ընկանք ծուղակն այն առումով, որ եթե բանակցությունների գնալու ենք ապագայում, ապա գնալու ենք ոչ այն դիրքերով, որն ունեցել ենք 1994-95 թվականներին՝ հաղթողի դիրքերից: Մենք չենք պարտվել: Մեր բանակը, մեր զինվորները հանուն Արցախի, ի շահ մեր երկրի ամեն ինչ արել են եւ փառք ու պատիվ նրանց: Եթե ստիպեցին Հայաստանին գնալ բանակցությունների, ապա պարտադիր պայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին»:

Հարցին, թե ի՞նչ պլանով էր եկել Լավրովը, «Առավոտ»-ի վերլուծաբանը նշեց. «Ռուսական մամուլից բացի, նաեւ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարեց, որ Լավրովը դատարկ ձեռքով չի գալիս Երեւան: Դա պաշտոնական հայտարարություն է: Իսկ ռուս համանախագահը մի քանի օր առաջ փաստորեն Հայաստանում ստել էր, թե` «Լավրովի առաջարկներ» չկան: Ոչ ոք չգիտի, թե Լավրովի առաջարկները` կես էջանոց, երկու էջանոց են, քանի կետից են բաղկացած: Դա էական էլ չի: Գուցե Լավրովը բանավոր գաղափարներով էր եկել, որպեսզի ներկայացնի, թե Մոսկվան որ կետից է պատկերացնում բանակցությունների վերսկսումը: Երեւանում ակնհայտ ցուցադրվեց Մոսկվայի նախաձեռնողի դերը` ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ գործընթացը առաջ տանելու մտադրությունը: Սա, թերեւս, վկայում է այն մասին, որ Արեւմուտքի համաձայնությամբ Ռուսաստանը կարգավորման գործընթացում ղեկը վերցրել է իր ձեռքը:

Կազանի փաստաթղթի մասին: Դա արհեստականորեն մտցվեց Ռուսաստանի կողմից: Նույնիսկ էստեղ՝ Հայաստանում, մամուլի ասուլիսի ժամանակ հայ լրագրողը հարց է տալիս Լավրովին՝ ո՞վ է մերժել Կազանի փաստաթուղթը: Մի փաստ, որը գիտե ցանկացած մարդ, որը զբաղվել, հետաքրքրվել է Ղարաբաղյան կարգավորման պատմությամբ եւ քիչ թե շատ ծանոթ է խնդրին: Ադրբեջանն է մերժել, այդտեղ նորություն չկար: Բայց դա պետք էր Լավրովից լսել` Երեւանում: Այս դեպքում էլ, ամեն ինչ արվում է, որպեսզի Ադրբեջանի պատասխանատվությունը ծածկվի եւ կեղծ օրակարգ բերվի` 5 տարի առաջ քննարկվող առաջարկների թեման: Մի բան հաստատ է. Ադրբեջանի մերժելու արդյունքում է պատերազմ սանձազերծվել: Այսինքն, հետեւանքների մասին չի խոսվում, բայց ֆիքսվում ենք այլ թեմաների վրա: Ակնհայտ երեւում է, որ սա Ռուսաստանի կողմից հստակ քաղաքականությունն է:

Ինչի՞ մասին չխոսվեց Նալբանդյան-Լավրով համատեղ ասուլիսում: Չխոսվեց ամենակարեւորի՝ Ադրբեջանի պատասխանատվության հարցի մասին: Ուղղակի աբսուրդ էր Հայաստանում հայ եւ ռուս լրագրողների առջեւ կանգնել եւ քննադատական, դատապարտող որեւէ խոսք չասել Ադրբեջանի հասցեին: Ինչո՞ւ եմ Ռուսաստանին կարեւորում այս առումով, որովհետեւ ռազմավարական դաշնակից է, պարտավորություն, բարոյականության առումով` ինչ-որ դրսեւորում պետք է լիներ: Ինչո՞ւ չի արվում: Որովհետեւ Ադրբեջանին զինել է Ռուսաստանը, նպաստել, որ խաղաղ բնակիչների եւ Ղարաբաղի նկատմամբ այդ ահաբեկչությունը տեղի ունենա Ադրբեջանի կողմից:

Շրջանառվում է ԵՏՄ-ից դուրս գալու թեման: Որպես Լավրովի ասուլիսի մասնակից, այն տպավորությունն ունեցա, որ բանակցությունները Հայաստանի համար հեշտ չեն անցել: Ակնհայտ լարվածություն էր նկատվում Հայաստանի ԱԳ նախարարի մոտ: Չեմ բացառում, որ ԵՏՄ-ից դուրս գալու` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախաձեռնությունը, Ռուսաստանի դեսպանության առջեւ պիկետները ազդել են ընդհանուր մթնոլորտի վրա, ռուսական քաղաքականության վրա: Բայց դա իրենց «եփած ճաշի» արդյունքն է, եւ կարծում եմ, այս պրոցեսը պիտի շարունակվի, Ռուսաստանը պիտի տեսնի, որ Հայաստանում Հայաստանի շահը պաշտպանողներ կան, հայ զինվորներն իրենց գործն անում են: Հայաստանի քաղաքացին էլ պետք է այնպես վարվի, որպեսզի մեր դիվանագիտությունը ծառայի մեր պետությանը եւ ոչ թե հակառակը` Ռուսաստանին:

Իսկ ինչ վերաբերում է Նալբանդյան-Լավրով մամլո ասուլիսին, ապա այն անցավ սովետական ոճին հարիր՝ համաձայնեցված հարցերով: Այստեղ պատերազմի իրավիճակում ասուլիս է անցկացվում` իրավիճակին բացարձակ անհամարժեք, Սիրայի ու Թուրքիայի վերաբերյալ հարցերով, այսինքն` Ռուսաստանի քարոզչությանը համահունչ»:

Ամփոփելով, «Առավոտ» օրաթերթի վերլուծաբան Էմմա Գաբրիելյանը նշեց. «Երկար տարիներ` մեր իշխանությունների նկատմամբ արդարացված հիասթափություն եւ դժգոհություններ ունեցող մեր հասարակությունը ապրիլյան պատերազմից հետո ապացուցեց, որ պատրաստ է Արցախին տեր կանգնել, արյունով ազատագրած հայրենիքը երբեք չի կարող զիջել: Այս պոռթկումը պետք է օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության»:

Մանրամասները` «1in.am»-ի տեսանյութում

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Հարգելի Էմմա,

    Խնդրում եմ մի բան հասկացեք, որ Ռուսաստանի զենք վաճառելու հետ կապված, ճիշտ է ցավալի է ու վրդովմունք առաջացնող իրողություն, որ մեր բարեկամ երկիրը մեր թշնամուն զենք է վաճառում, բայց մյուս կողմից, եթե ռուսները ազերի ն չվաճառեն, ապա ինչպես հայտնի է իզռաելից, Եվրոպական կամ ամերիկյան զենք կառնեն, որը մեզ համար անհասանելի է ու ավելի վատ կլինի մեր զինվորների համար (գոնե ճանաչում են թշնամու “գործիքը” և կարող են դրա դեմը առնել, բացի դրանից Ռուսաստանը ավելի քիչ լծակներ կունենա ազերի ն պատերազմի մտքից հետ պահել)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930