ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի` 1915թ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է, որը շարունակական հիշեցում է բոլորին ու շարունակական պահանջ բոլորից, հիշեցում առ այն, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, եւ պահանջ այն մասին, որ արդարությունը դեռ սպասում է իր անխուսափելի ժամին:
Ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործվել է պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ մի հանցագործություն, որը ոչ միայն դեռեւս չի պատժվում, այլեւ փորձ է կատարվում ժխտողականության միջոցով արդարացնել այն: Սակայն սա հենց այն դեպքն է, երբ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, երբ հիշողությունը ժամանակի ազդեցությամբ չի կարճանում, երբ ժամանակի հետ արդարությունն ավելի պահանջկոտ է դառնում: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հայատյացության գագաթնակետն էր, մի երեւույթ, որն այսօր էլ դրված է թե Թուրքիայի, թե նրա հոգեզավակ ու հովանավորյալ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում: Հայատյացությունն այլատյացության առանձնակի դրսեւորումն էր մեկ` հայ ազգի հանդեպ թուրքական իշխանությունների կողմից, ովքեր դրա գործուն աջակիցներն ու խրախուսողն են նաեւ այսօր եւ ոչ միայն մեր տարածաշրջանում: Բռնություններ, սպանդ ու տեղահանումներ իրագործելու այն մոլուցքը, որով ներկայում առաջնորդվում են տարբեր ահաբեկչական խմբավորումներ, աշխարհում դարձել է նորօրյա ցեղասպանությունների իրականացման սպառնալիք: Մինչդեռ, եթե հիմնավորապես ու առանց աշխարհաքաղաքական շահերին տուրք տալու դատապարտվեր հայոց ցեղասպանությունն իր հեղինակներով ու հետեւանքներով հանդերձ, այդ սպառնալիքը գոյություն չէր ունենա, կկանխվեին հայոց մեծ եղեռնին հաջորդած մյուս` ավելի ժամանակակից մեթոդներով, սակայն առանց ձեռագրի փոփոխության, նույն անմարդկային բնազդի մղումով կատարված ցեղասպանությունները: Տեղի չէին ունենա այն եղեռնագործությունները, որոնք դեռ անցյալ դարավերջին կրկին այլատյացության հողի վրա տեղի ունեցան ներկայիս Ադրբեջանի հայաշեն Բաքու եւ Սումգայիթ քաղաքներում, երբ ադրբեջանական կազմակերպված ամբոխը սպանում կամ բռնության էր ենթարկում ազգությամբ հայ քաղաքացիների, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանական բանակը կոտորեց գրեթե ողջ բնակչությանը, երբ ընդամենն օրեր առաջ նույն բանակն աջակից վարձկանի հետ, ավելի հեռահար նպատակներով, վերստին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, կրկնեց նույն ձեռագիրը քաղաքացիական բնակչության` երեխաների ու ծերերի նկատմամբ: Սրանք այն դեպքերն են, որոնք 1915թ. Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ պետք է արժանանան ոչ միայն դատապարտման,այլեւ ամենախիստ պատժի` վճռի, դատավճռի տեսքով: Այլապես լավագույն կոնվենցիաներն ու մարդու իրավունքներին վերաբերող թեզերը մնում են թղթի վրա, պատմությունը` արձանագրողի, միջազգային հանրությունն էլ` հեռակա դատապարտողի դերում:
Կարդացեք նաև
Սիրելի հայրենակիցներ, մենք հայոց ցեղասպանության դատապարտում ու ճանաչում ոչ թե պետք է խնդրենք կամ ակնկալենք, այլ` միջազգային հանրությանը մղենք նման վերաբերմունքի: Դա պետք է անենք շարունակաբար, ավելի կազմակերպված, ավելի ուժեղ երկիր դառնալով, մեր միասնականությունը գործնականում ցուցադրելով եւ ոչ միայն պատերազմական ժամանակներում կամ վտանգի պահին, ինչպես դա եւս մեկ անգամ արեցինք օրեր առաջ, այլ նաեւ խաղաղ ժամանակներում: Մենք կարողացել ենք մեր ոխերիմ եւ անհանդուրժող հարեւանների էությանը բնորոշ ցեղասպանության մշակույթին հակադրել ապրելու եւ հաղթելու մշակույթը, որը մեր ուժի գրավականն է: Մենք պետք է շարունակենք վստահորեն ապրել ու ավանդաբար հաղթել: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը բարոյական եւ իրավական հարթության մեջ հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին, եւ մեր պարտադրանքը բոլոր նրանց, ովքեր դեռ երկմտում կամ խուսանավում են այդ գործընթացում, ովքեր դեռ կարծում են, թե ցեղասպանության միջոցով հնարավոր էր եւ հնարավոր է արգելակել հայ ժողովրդի ընթացքը պատմության մեջ: Մենք վաստակել ենք այդ հաղթաթուղթը եւ պետք է հստակ գործածենք այն այսօր, վաղը եւ ավելի հեռավոր ապագայում, գործածենք Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում` ի շահ մեր աշխարհասփյուռ, բայց միասնական ժողովրդի»:
ՀՀ ազգային ժողով
Ինչու եք անվերջ ջնջում մեկնաբանությունները …???
Հարգելի Նունե, ջնջվում են վիրավորանք պարունակող Ձեր մեկնաբանությունները:
Մի’ ջնջեք մեկնաբանությունները…!!!
Եթե չեք խախտում մեր կայքում մեկնաբանությունների կանոնները՝ դրանք հրապարակվում են:
Ուր է Գալուստը….???