«Երեկ լարված է եղել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային հատվածում՝ Մարտակերտի շրջանում, ականանետներից ավելացել է կրակոցների թիվը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, սահմանին սովորաբար լարվածություն, խախտումներ կամ ոտնձգություններ լինում են հիշարժան օրերին, հանգստյան օրերին, հակառակորդը փորձում է ճշտել մեր զգոնությունը: Դիտարկմանը, թե հակառակորդը պաշտոնապես հայտարարել է, որ հայկական կողմի տանկ է խոցել, Սեյրան Օհանյանը հերքեց. «Դա Ադրբեջանի հերթական բացահայտ սուտն է»:
Հարցին, թե լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վտանգ կա՞, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Մենք վերահսկում ենք իրադրությունը, ձեռք է բերված ժամանակավոր հրադադար, որը որ պետք է մեզ հետ տանի 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված եռակողմ հրադադարին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ հրադադարը պաշտպանվի: Հրադադարի պաշտպանումը, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննության մեխանիզմների ձևավորումն է, որ հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալ: Թե ինչ նպատակներ ունի այսօր Ադրբեջանն, իհարկե, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, և հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը պատրաստ են ամեն ինչ անել, հետ մղել ցանկացած ոտնձգություն և ապահովվել Արցախի անվտանգությունը»:
Մանրամասները տեսանյութում.
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ