Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրապ Եգանյան. «Ժամանակն է, որ զինվորների պես մեզ դուխ տան  տնտեսագետներն ու կառավարիչները»

Ապրիլ 24,2016 12:43

ՀՀ կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը Aravot.am-ին տված հարցազրույցներում մեկում նշել էր, որ սգալու ժամանակը վաղուց անցել է, այժմ եկել է թուրքից վրեժ լուծելու պահը: Նա քննադատել էր նաեւ հայի կերպարի մատուցումը դպրոցական դասագրքերում՝ նեղվելով, որ հայը ներկայացվում է որպես թույլ մարդ. աճող սերնդի մոտ Արեւմտյան Հայաստանը հետ բերելու գաղափարը սերմանելու, Վանի, Զեյթունի ազատագրական պայքարի մասին ավելի շատ խոսելու փոխարեն, անտրամաբանական պատմություն է ներկայացվում, թե երկու ասկյարով հարյուր հոգու են սպանել, մեր աղջիկներին են բռնաբարել:  Ըստ Զոհրապ Եգանյանի,  գովելի չէ, երբ մարդն ինքն իրեն չի կարողանում պաշտպանել, առավել ևս ազգը: «1.5 միլիոն մարդ սպանելը այդքան էլ հեշտ չէ ու պետք է պարզել, թե ինչո՞ւ երիտթուրքերը կարողացան այդքան հեշտությամբ անել, ո՞ւր էին մեր տղամարդիկ, քաղաքական էլիտան ու ֆիդայական ջոկատները», -ասել էր մեր զրուցակիցը:

Aravot.am-ն այսօր Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ցույց տվեց քառօրյա պատերազմը. 101 տարի անց նկատելի չէ՞ արդյոք մեծ փոփոխություն հայերիս մտածելակերպի մեջ:

«Այո, ասել եմ, մեր դպրոցական ծրագրերում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում եմ և, իմ կարծիքով, դրական փոփոխություններ ընթանում են: Օրինակ՝ անցած տարի փորձնական ծրագիր ներմուծվեց «Ազգային երգ ու պար», կարծում եմ սա կարելի է դասել ձեռքբերումների շարքին: Երեխան հայոց արժեքների մասին տեղեկություններ պետք է չստանա միայն պատմություն առարկայից: Հայի մտածողության փոփոխություն իսկապես տեսնում եմ, մենք այլևս միամիտ չենք, կամ, գոնե կամաց-կամաց դադարում ենք այդպիսին լինել: Քառօրյա պատերազմի ընթացքում մեր տղերքն իսկապես հերոսացան, ցույց տվեցին, որ կա բանակ, որն ի վիճակի է պաշտպանել երկիրը: Մենք հասկացել ենք, որ մեր երկիրը մենք ենք պահելու, ուրիշ ոչ մեկը մեր փոխարեն դա չի անի, ի դեպ՝ ամբողջ աշխարհում է այդպես, ամեն երկիր ու ժողովուրդ նախևառաջ ինքն է իր գլխի տերը: Ոչ մեկին հզոր կամ թույլ չեն սարքում ուրիշները, դա ամեն ժողովրդի ու պետության ընտրությունն է: Փոխվում է նաև Եկեղեցու հանդեպ մեր ընկալումը, տարածված կարծիք կար, որ 1915թ -ին մենք զենքին աղոթքով են դիմավորել, չգիտեմ, դժվար է հաստատել կամ հերքել այս տեսակետը, բայց այսօր բանակի կողքին կանգնած հայ հոգևորականը ի ձեռքում զենք է պահում, մյուս ձեռքում Ավետարան և սա ճիշտ է: Ես չեմ ասում՝ առաջին դեպքն է, երբ մեր Եկեղեցին զինվորի կողքին էր, ամենևին, ուղղակի հիմա այս ամենը ստացել է համակարգային բնույթ, սա իսկապես ձեռքբերում է: Ընդունենք, որ հայ հոգևորականների գործոնը ֆանտաստիկ դրական ազդեցություն թողեց ոչ միայն զորքի, այլև թիկունքի մոտ»:

Հարցին՝ քառօրյա պատերազմից հետո որո՞նք կլինեն պետական այն քայլերը, որոնք կհարկադրեն ադրբեջանցիներին ու նրանց թուրք եղբայրներին գործողությունների անցնելուց առաջ երկար-բարակ մտածել,  ո՞ր  դեպքում ռիսկ չեն անի  հայի բնաջնջման մասին մտածել, մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ, որ ամեն ինչի կարևորը սկիզբն է, թե ինչպես կամ ինչից են սկսում: Մարդու կյանքում ևս այդպես է, երբ ավարտում ենք ուսումը, կամ բանակից զորացրվելուց հետո, սովորաբար զբաղվում են այն գործով, որը սկսում են առաջինը, հետո ուղղություն փոխել լինում է, բայց շատ դժվար: Նման իրավիճակում է մեր երկիրը, Արցախյան փառահեղ հաղթանակից հետո, երբ թվում էր, թե նման հաղթանակներ կունենանք նաև տնտեսությունում, ստացվեց հակառակը, երկիրը թալանվեց, գիտնականները սոված էին, իսկ կիսակիրթ ու անդաստիարակ խուժանը ցոփ կյանք էր վարում, ստեղծվեցին բանդաներ, գործարաններն ուղղակի թալանվեցին ու օրինակ՝ Իրան դրանք վաճառվում էին որպես մետաղի ջարդոն: Մի՞թե չէր կարելի այն ժամանակ այս ամենը տեսնել ու ճիշտ գծերի վրա դնել երկիրը: Իհարկե կարելի էր: Ամեն ինչ սկսվեց հենց այս փուլում ու այժմյան ղեկավարության համար շատ դժվար է ինչ-որ բան փոխել: Իհարկե, փոփոխություններ նշմարվում են, մենք արդեն տեսնում ենք պետական կառույցներ, այսպես ասեմ՝ յուղոտ գերատեսչություններ, որտեղ կոռուպցիոն ռիսկերն արդեն նվազեցված են, բայց ամբողջական պատկերը դեռ հեռու է լավը լինելուց:

Ասածիս իմաստն այն է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում մեր լավագույն դաշնակիցը կլիներ տնտեսապես ուժեղ Հայաստանը, երկիր, որտեղից մարդիկ չէին արտագաղթի, որը աշխարհին կներկայանար որպես մրցակից, ոչ թե անընդհատ պարտքով փող խնդրողի դիրքերից, որպեսզի կարողանա առաջնահերթություններ համարվող հարցեր լուծել: Մենք ունեինք այդ ներուժը, որ հիմա 20-30 մլրդ դոլարանոց բյուջե ունենայինք, այլ ոչ թե դրա տասնապատիկ անգամ քիչը ու շուրջ 5 մլրդ դոլար պետական պարտք:

Այսօր երեք տարեկան որդու հետ գնալու եմ Ծիծեռնակաբերդ, նրան կփորձեմ բացատրել, որ մենք ու թուրքերը կռվել ենք, մենք թույլ գտնվեցինք ու պարտվեցինք, դու պետք է մեծանաս ու քո սերնդով ուժեղ երկիր կառուցես, որ մենք այլևս չպարտվենք: Համարում եմ, որ երեխաների մեջ պետք է սերմանել այս ամենը ճիշտ, չասել միայն, որ եկան կոտորեցի,ն գնացին, պետք է բացատրել, թե ինչու այդպես եղավ, թե ինչ սխալներ եղան մեր կողմից, թե ինչու էր սատկել մեր մեջ ինքնապաշտպանական բնազդը: Մեր մեջ այն ժամանակ աճող գործոններ կային, որ ոչ պակաս թուրք էին: Իսկ մեր սերնդին ցեղասպանության թեման մատուցվել է այսպես ասեմ՝ տատական «թաղեմ թուրքերի ազիզը» ձևով ու չկա պատճառների մասին անկեղծ ու հասկանալի նյութերի անհրաժեշտ ծավալ:  Ապագա սերունդն ավելի իրատեսական կլինի, քան մենք ենք, իսկ մենք ավելի իրատեսական ենք, քան մեր ծնողներն են:

Ես լավատես մարդ եմ ու սպասում եմ, որ մի օր վերևում ուժեղ ձեռը սեղանին կիջնի ու կասի վերջ՝ 1 տարում անելու ենք այն, ինչ չենք արել 10 տարում: Ժողովրդին ոգևորել է պետք, դուխ տալ է պետք, հետը խոսել է պետք: Վստահ եմ, որ այդժամ հրաշքներ կգործենք ու այնպես ինչպես հայ զինվորն է մեր նախագահին առիթ տալիս դուխով ու հաղթողի կեցվածքով խոսել բանակցությունների ընթացքում, այդպես էլ հայ տնտեսագետը, կառավարիչն ու գիտնականը առիթ կտան Սերժ Սարգսյանին խոսելու մեր հաղթանակներից: Վերջում ասեմ, որ Երկիրն իսկապես երկիր չի, այն ուղղակի սրբություն է, սիրել ու ծաղկեցնել է պետք այն, անել երկրի համար այն, ինչ կանեինք մեր ընտանիքների նման», -ասաց Զոհրապ Եգանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930