Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ ակնկալել, որ Օբաման արտաբերի ցեղասպանություն, դա հենց հայոց եղեռն է». Գեւորգ Դանիելյան

Ապրիլ 24,2016 10:27

Ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդ մարդկանց հոսքը վաղ առավոտից է սկսել:

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի գնահատմամբ, ցեղասպանությունից  101-րդ տարի անց Թուրքիայի դիրքորոշման ու քաղաքականության հարցում չկան փոփոխություններ

« Թուրքիան  հաճախ հայտարարում է,  թե պատրաստ են իրենց արխիվները մեզ տրամադրել, որեւէ խոչընդոտ չեն ստեղծելու, պատրաստ են փորձել համատեղ ուժերով, պատմաբանների հետ քննարկել ու եթե համոզվեն՝ տեղի է ունեցել ցեղասպանություն, կընդունեն, կշարժվենք առաջ:

Դա այդքան էլ այդպես չէ, մեծ կեղծիք կա դրա տակ: Նույն Թուրքիան հայտարարում է, որ 1919-20 թթ քրեական գործերի նյութերն  այլեւս արխիվներում չեն պահպանվել, ոչնչացվել են, ավելին՝ հայտարարություն է տարածել, որ քրեական գործերի նյութերը, ամենայն հավանականությամբ, հափշտակվել են հայերի կողմից: Ի սկզբանե,  հայտարարում են, որ շատ նյութեր կան, բայց քրեական գործերի դատավճիռների նյութերը չկան:

Մինչդեռ Վատիկանի արխիվներում պահպանվել են շատ դատավճիռներ: Դատավճիռներում բառացի ոչ մի խոսք չկա ցեղասպանության մասին, բայց բովանդակային կտրվածքով կան: Դատավճիռներում այդ իրադարձությունների նկարագիրը դասական իմաստով հենց  ցեղասպանություն է: Ուրիշ բան, որ դրա մասին քիչ  են խոսում, փորձում թաքցնել, բայց դրանից ոչինչ չի փոխվում:

Դատավճիռները վկայում են, որ դրանք ոչ թե պատահական  պատերազմական գործողություններով թելադրված սպանություններ են եղել, այլ կոնկրետ շարժառիթներով: Տեղաշարժն էլ տեղի է ունեցել ոչ թե մարդկանց անվտանգությունը  ապահովելու նկատառումով, այլ նրանց հնարավորինս ավելի դյուրին եղանակով ոչնչացնելու նպատակով: Դա ֆիքսվում է  դատավճիռներով»:

Նա նաեւ նկատեց, որ պետք չէ սպասել, որ ԱՄՆ նախագահ Օբաման արտաբերի ցեղասպանություն բառը. «Դա հենց հայոց եղեռն է: Մարդկության դեմ ուղղված ինքնատիպ հանցագործություն, որը բոլոր հատկանիշներով նույնացվում է ցեղասպանության հետ»:

Հարցազրույցի մանրամասներն ավելի ուշ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930