Լրահոս
Օրվա լրահոսը

Հարիւրամեակի ստեղծած, գեղեցիկ գոյներով ու վառ երանգներով, իրականութիւնը ծածկող շպարը անհետացել է. «Ասպարեզ»

Ապրիլ 24,2016 09:26

Պարզ է, որ հարիւրամեակի ստեղծած, գեղեցիկ գոյներով ու վառ երանգներով, իրականութիւնը ծածկող շպարը անհետացել է, ու մենք դարձեալ գտնւում ենք բանտուած մեր անբաղձալի իրականութեան մէջ. իսկ փապուղու ծայրում առայժմ լոյս չի երեւում: Եթէ մեր յոյսը միջազգային քաղաքականութեան բարենպաստ վերաբերմունքի ու միջամտութեան վրայ էր յենուած, վերջին իրադարձութիւնները փաստեցին, որ զուր են այդ յոյսերը եւ առայժմ, այդ բեմերում դերակատարները մեր Դատի հակառակորդներն են իրենց դիւանագիտական հսկայ աղդեցութեամբ, իրենց ռազմաքաղաքական ու առեւտրա-տնտեսական դաշնակիցներով:

Իսկ մեր պետութիւնը աւելի ու աւելի է խճճւում իր համար վերից հիւսուած ոստայնի մութ թելերի մէջ: Միթէ՞ այս բոլորը անսպասելի ու անակնկալ էին մեզ համար: Միթէ՞ հարիւրմէկերորդ տարելիցը պիտի մեզ բերէր գիտակցելու, վերագիտակցելու դարերի խորքից, մեր պապերից մեզ ժառանգ հասած ճշմարտութիւնը՝ «Ձեռքդ քո ծնկին դիր ու բարձրացիր»: Պայքարի դաշտը բաց է: Եթէ կարող ես մէջդ խեղդել յոռետեսութիւնն ու անկարութեան ճնշող զգացումը, մտիր ու պայքարիր: Քանի դեռ սրտերը չեն սառչել, ոգեւորութիւնն ու վճռակամութիւնը ամբողջովին չեն փոշիացել, մտիր ու պայքարիր: Իրապաշտօրէն ճանաչիր հակառակորդներիդ՝ յայտնի ու ծածուկ, որ բացայայտօրէն կամ անտեսանելի գործում են ոչնչացնելու հայի հաւաքական ուժն ու կարողականութիւնը, նոյնիսկ ֆիզիքական ներկայութիւնը Միջին Արեւելքում, չէզոքացնելու, գունաթափելու ու անզօրացնելու Սփիւռքը, վերացնելու Արցախեան հարցը, Հայաստանը դնելու շրջափակուած, շրջապատուած, քաղաքականապէս, սոցիալապէս ու տնտեսապէս կախեալ կղզեակի իրավիճակում:

Տասնամեակներ ի վեր հետեւել ենք ու ձգտել «Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստան» գաղափարի իրագործմանը. սերունդներ ենք դաստիարակել Recognition, Restitution, Restoration (Ցեղասպանութեան Ճանաչում, Տնտեսական ու Հողային Վնասից Հատուցում) կարգախօսով: Խոչընդոտները աւելացել են, չեն պակսել. մեր պայքարի հիմերը թուլացել են, չեն ամրացել: Համահայկական, համադրուած ու միասնական ռազմավարութիւն է պէտք եւ անյողդողդ տեւական պայքար՝ այդ մեծ երազներին հասնելու համար: Հարիւրամեակ երեւոյթը պիտի հիմնարկէր ու մեկնարկէր այդ ռազմավարութիւնը: Ուզում եմ հաւատալ, որ այն ղեկավարները, որոնց վստահել ենք մեր պետութիւնը, մեր քաղաքական կուսակցութիւնները, կրօնական հաստատութիւններն ու նոյնիսկ մշակութային ու հասարակական զանազան կազմակերպութիւնները գիտակցում են պահը, մտահոգ են եւ միջոցներ են խորհում այդ համազգային, հաւաքական ռազմավարութեան ծրագրման ու գործադրման համար:

Ուզում եմ հաւատալ նաեւ, որ այդ ցանցում կը գործի check and balance-ի դրութիւն՝ կանխելու վտանգաւոր ուղղութիւններ, հակակշռելու արտաքին ճնշումների բացասական ազդեցութիւններ: Գրութեանս նպատակը, հասցէատէրը ես եմ եւ դու, հայ մարդը: Նպատակս հայ անհատի մէջ յանձնառութիւն սերմանելն է: Դատապարտելի է ետ նստել ու սպասել, որ մէկը մի բան պիտի փոխի ու ամէն ինչ լաւ պիտի լինի: Հրաշքների դարը անցել է. լկտի քաղաքականութեան դար ենք ապրում:

Հայրենիքում ապրող հայը պէտք չէ, որ երկինք երկիր հայհոյի, յանցաւորներ գտնի ու իր բոլոր դժբախտութիւններն ու անյաջողութիւնները նրանց ուսերին բարդի: «Ձեռքդ քո ծնկին դիր ու բարձրացիր»: Աշխատիր ու ճամբայ գտիր կեանքդ բարելաւելու եւ որպէս արժանապատիւ ու պահանջատէր հայ ապրելու ու սերունդդ դաստիարակելու: Եւ հաւատա՛յ ինձ: Լուծումը մայրենի հողիցդ պոկուելը չի: Ո՞ւր ես տանում մատաղ երեխաներիդ: Ճնճղուկի չափ էլ չկաս, որ գիտակցում է հարազատ օջախի անփոխարինելի արժէքին:

Ճուտը ասաց ճնճղուկ մօրը,

– Ձիւն է գալու, ցրտեց օրը:

Ուրիշների նման ինչո՞ւ

Տաք աշխարհ չենք մենք էլ թռչում:

– Ինչպէ՞ս ասեմ,- տխրեց մայրը,-

– Լայն ու մեծ է այս աշխարհը,

Բայց սովոր է միշտ մեր ցեղը

Ապրել միայն ծնուած տեղը:

Տանել ձմռան բուքն ու ձիւնը,

Բայց չլքել իր հին բոյնը:

Դու փոքր ես դեռ, կը մեծանաս,

Ասածներս կը հասկանաս:

Երբ քո տանն ես ցուրտը տանում,

Տունն աւելի է քաղցրանում:

Բանաստեղծութիւնը քաղել եմ Հայաստանի կրթական համակարգում տարրականի երրորդ դասարանի համար նախատեսուած դասագրքից: Զուգադիպութիւն էր, որ վերջերս, Հայաստան եղածս օրերին, թոռնիկս Արմանը իմ օգնութեան պիտի դիմէր իր դասը անգիր սովորելու: Մանկավարժ-մանկագիրը ի՜նչ հնարքներով է փորձում դեռ փոքր տարիքից հայ երեխայի մէջ սերմանել հայրենիքը չլքելու գաղափարը:

Հայաստանից դուրս ապրող հայը աւելի մեծ մարտահրաւէրների առջեւ է կանգնած, եւ տնտեսապէս աւելի ապահով իրավիճակը ո՛չ թէ սատարում, այլ բթացնում է հայ ապրելու ու ընդհանուր պայքարի մէջ իր դոյզն մասնակցութիւնը բերելու նրա մղումը: Երեխաներին հայկական վարժարան կամ շաբաթը մէկ օր հայկական մի որեւէ կազմակերպութեան հոգածութեան յանձնելը բաւարար չեն հա՛յ երեխաներ մեծացնելու համար, եթէ ընտանեկան մթնոլորտը հայկական չէ, եթէ տանը հայերէն չի խօսւում, եթէ հայ երաժշտութիւն չի լսւում, եթէ երեխան իր ընկերոջ հետ հայերէն չի հաղորդակցւում բանաւոր թէ գրաւոր-էլեկտրոնային, եթէ հայկական էլեկտրոնային խաղեր չի խաղում, եւ դեռ աւելին՝ եթէ չգիտի, թէ ո՞ւր է իր բնօրրանը, թէ իր նախնիները որտեղի՞ց են արմատախիլ եղել եւ ինչո՞ւ: Այս բոլորը ինչի՞ համար: Հայաստանից դուրս հայ ապրելու, յանձնառու մնալու ճիգ՝ սփիւռքահայի ներդնելիք լուման ի խնդիր մեծ նպատակի:

Հայոց Ցեղասպանութեան զոհերի ու հայի հայրենազրկման հարիւրմէկերորդ տարելիցը պահանջում է իւրաքանչիւրիցս գիտակցել, որպէս մարդ եւ մանաւանդ որպէս հայ, մեր իրաւունքներին եւ պայքարել բոլոր մակարդակներում այդ իրաւունքի ձեռքբերման համար:

 

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930