Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի երիտասարդությունը դիմում է միջազգային հանրությանը

Ապրիլ 24,2016 00:08

Արցախի երիտասարդությունը, ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայում կազմակերպված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միաժամանակ գլուխ է խոնարհում   2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի   բոլոր զոհերի, Արցախի Հանրապետության պետական սահմանների և Արցախի ժողովրդի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի առջև:

Իր երախտիքի խոսքն ուղղելով Հայոց ցեղասպանությունը   ճանաչած և դատապարտած բոլոր պետություններին, կառույցներին ու անհատներին,  Արցախի երիտասարդությունը   հարկ է համարում տեղեկացնել միջազգային հանրությանը, որ 2016թ. ապրիլի 1-5-ը, շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի 18-20 տարեկան զինվորների սխրանքի, կանխվել է մի նոր ցեղասպանության փորձ: Մինչ   որոշ երկրներ  և քաղաքական գործիչներ  հերթական դիվանագիտական հնարքն էին մոգոնում, թե ինչպես ապրիլի 24-ին  իրենց ելույթներում շրջանցել «Ցեղասպանություն» եզրույթը՝  Թուրքիային «չվիրավորելու»  համար, նույն Թուրքիայի թողտվությամբ ու խրախուսմամբ, իր եղբայր Ադրբեջանը հերթական ցեղասպանության փորձը ձեռնարկեց արցախահայության նկատմամբ, մոռանալով  1988-1994թթ. իր  իսկ  սանձազերծած՝ էթնիկ զտումների  և ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի դասերը, մոռանալով, որ իր առջև այլևս անզեն ու պետականությունից զուրկ հայը չէ: Անգամ ամենաժամանակակից ու քանակով  գերազանցող սպառազինությունը անզոր գտնվեց հայ զինվորի ոգու և հայ ժողովրդի միասնության դեմ, այն ճշմարտության դեմ, որ «Սրով եկողը սրից էլ կընկնի»:

Արցախի երիտասարդությունը ի լուր աշխարհի հայտարարում է, որ  իր պատմական հայրենիքում  ազատ ու անկախ ապրելու՝ արցախահայության  իրավունքի  նկատմամբ բռնության ցանկացած փորձ  դատապարտված է ձախողման և կոչ է անում միջազգային հանրությանն ու Հարավային Կովկասում խաղաղության պահպանման խնդիրներով մտահոգ բոլոր կառույցներին՝ միավորել ջանքերը Ադրբեջանի իշխանությունների հանցավոր արկածախնդրությունը սանձահարելու և   ռևանշիստական նկրտումները մեկընդմիշտ կասեցնելու նպատակով:

  Արցախի հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930