«Իմ Կեանքի ընթացքին տեսած եմ շատ երկիրներ և վայելած եմ բնութեան բազմատեսակ գեղեցկութիւններ, բայց Սիլիհտարի պարտէզներու յիշատակը մնացած է անջնջելի: Ինձ հետ տարեր եմ ամենուրեք այդ պարտէզները և անոնց մէջ ապաստաներ եմ ամէն անգամ, երբ մութ և սպառնական ամպեր կուտակուեր են իմ կեանքիս հորիզոնին վրայ»: «Սիլիհտարի պարտեզների» հեղինակի՝ Զապել Եսայանի բանտային նամակները կարդալուց հետո ցանկացա հիշել որեւէ հայ մտավորականի, այն էլ կին՝ Բաքվի բանտում պահելու, հանձնելու մասին: Չկար:Միակը Զ.Եսայանն էր, որի գերեզմանն ու մահվան թիվն անգամ հայտնի չէ…
Թիվ 18798 «Հետաքննական գործով» մեղադրական եզրակացությունը հաստատվել էր 1937 թվի հունիսի 27-ին, ֆրանսիահպատակ, մասնագիտությամբ գրող Զապել Եսայանի վերաբերյալ:
Ըստ մեղադրական եզրակացության, գրողը գնացել է Կիլիկիա՝ հայ որբերի գործը կարգավորելու նպատակով, հավաքագրվել է ֆրանսիական հետախուզության կողմից, եւ այս օրվանից մինչ ձերբակալման օրը եղել է ֆրանսիական գործակալ:
Նա ձերբակալվել է «Մի կապիտալիստական երկրի հետախուզական գործունեությանը նրա ունեցած մասնակցության տվյալների»:
Կարդացեք նաև
Ըստ Զապել Եսայանի, նա այդ քայլին գնացել է միլիոնատեր Պողոս Նուպար Փաշայի առաջարկով:
Մեղադրական եզրակացությունը հաստատել էր ՀԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսար, Պետական անվտանգության մայոր Խվորոստյանը:
Զապել Եսայանին դատապարտում են պատժի առավելագույն չափի, ապա այն փոխարինում աշխատանքային ուղղիչ հիմնարկներում 10 տարի ազատազրկմամբ, 5 տարով քաղաքացիական իրավունքների սահմանափակմամբ եւ անձնական ողջ գույքի պետականացմամբ:
Ստորագրել է ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի քարտուղար, երրորդ կարգի զինվորական իրավաբան Գետինգերը:
Ստորագրությունների մեջ կար նաեւ տրիբունալի քարտուղար, երրորդ կարգի իրավաբան Լիպարտելիանիի ստորագրությունը: Եսայանը բողոք է ներկայացնում, որտեղ ասում է, որ իր նկատմամբ կիրառվել են ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ անօրինական մեթոդներ, իր նախաքննության եւ դատաքննության ժամանակ տված ցուցմունքները ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ էին, ինքը չի եղել որեւէ այլ երկրի լրտես:
Ըստ Դավիթ Գասպարյանի «Փակ դռների գաղտնիքը» գրքի տեղեկանում ենք, որ Զապել Եսայանը 18 նամակ է գրել Բաքվի, Լենինականի, Երեւանի բանտերից, ինչը պահպանվում է Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի համանուն ֆոնդում, դատավարությունից հետո հայտնի չէ նրա գործի մանրամասների մասին:
Կա 1949 թվականի դեկտեմբերի 26-ի թվագրությամբ մի տեղեկանք. «1946 թվականի ջրհեղեղի պատճառով Զ.Եսայանի գործը փչացել է» :
Հայտնի չէ, թե որտեղ է վախճանվել Եսայանը: Նրա նամակները գրված էին հարսին, որդուն, աղջկան:
1956 թվականին որդին դիմել է մորը արդարացնելու եւ նրա գործը վերանայելու խնդրանքով :
1956 թվականի հուլիսի 6-ի նրա խցում գտնված Կարինե Գյուլիքեւխյանի հարցաքննություններին հետեւում են Գեղամ Սարյանի, Ալազանի, Ստեփան Զորյանի հարցաքննությունները: Ավետիք Իսահակյանը լինում է հիվանդ, այդ պատճառով նրան չեն հարցաքննել:
Հատուկ արխիվից հանվում են հույժ գաղտնի թղթապանակում գտնվող փաստաթղթերը, որով պարզվում է, որ գրող Զապել Եսայանը քսանականներից համագործակցել է բոլշեւիկյան «Երեւան» թերթին, մտել ՀՕԿ կոմունիստական կուսակցության շարքերը:
Գործով անցնող Արշակ Չոպանյանն էլ գործակալ չի եղել, այլ ֆրանսիական «Պատվո լեգիոնի» շքանշանակիր:
Մեղադրական եզրակացությունը հաստատածներն էլ, ըստ արդարացման դատավճռի, անհիմն տվյալներով կազմակերպել էին զանգվածային ձերբակալություններ, կեղծել էին հետաքննչական գործերը, հարցաքննել էին անօրինական մեթոդներով:
Իր խցակից, վկա Կարինե Գյուլիքեւխյանին Զապել Եսայանն ասել էր, թե իր հետ հարցաքննությունն անցկացրել են հայերեն, սակայն արձանագրել են ռուսերեն, ինչը չէր կարող հասկանալ:
Նա վստահ է եղել, որ երբեւիցե արդարությունը կհաղթանակի:
1957 թվի հունվարի 9-ին Զապել Եսայանն արդարացվել է:
«Ինձ պետք է ամառվա հագուստ, ոչինչ չունեմ այլեւս, շատ պարզ քո վերնաշապիկների մուգ գույնից կտոր ուղարկես, լավ կլինի, ծխախոտ եւ սննդարար հյութեր: Առայժմ չի կարելի, միայն գրում եմ, որ պատրաստ լինեք»:
Բաքվի բանտից միակն նամակն էր, որ ստորագրել էր «Ձեր կարոտով դժբախտ մայր»: Մնացած նամակներն ավարտվում էին՝ «Ձեր կարոտով մայրը» ստորագրառումով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Սարսափելի է: Կարող ենք փաստել, որ Եղեռնը շարունակվել է Հայաստանի խորհրդայնացումից հետո նույնպես: Եվ ինչ պայծառ մտավորականներ… և հայերի ձեռքով: