Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագիտության դոկտոր. «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան անգամ բանակցում են, ելնում են միայն ժամանակավորության սկզբունքից»

Ապրիլ 23,2016 22:14

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի խորին համոզմամբ` պետք չէ Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Բանակցության գործընթացը մահացած է: Մահացած բանը վերակենդանացնելն անհնար է, անպտուղ զբաղմունք եւ ժամանակի ու էներգիայի կորուստ: Ինչո՞ւ չարժե բանակցել: Որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան, թյուրքական կողմը ունեն հստակ քաղաքականություն իրենց ազգային գաղափարախոսության շրջանակներում: Եթե անգամ բանակցում են, ապա ելնում են միայն ժամանակավորության սկզբունքից, եթե այդ պահին բանակցության արդյունքը ձեռնտու է իրենց: Այսինքն, նրանց հետ բանակցությունների մեջ մտնելը եւ բանակցությունների արդյունքը վերջնական համարելը նվազագույնը անմտություն է, եթե հասկանում ենք, որ նրանց նկրտումները շատ ավելի հեռու են գնում: Քառօրյա պատերազմը դրա լավագույն ապացույցներից մեկն է, որովհետեւ, բանակցություններով իրենց անհրաժեշտ ծավալը չստացան եւ փորձեցին ռազմական ուժով ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում երկու դեպքում էլ իրենք կարող էին շահող դուրս գալ: Մեկ՝ ռազմական ճանապարհով տարածքներ գրավել եւ երկրորդ՝ ստեղծել մի իրավիճակ, երբ հայկական կողմը ստիպված կլինի գնալ զիջումների:

Այսօր անգամ խոսելով բանակցությունների հնարավորությունների մասին, պաշտոնական Երեւանն իրեն դնում է շանտաժի արդյունքում պարտվող կողմի դիրքում: Պետք է հայտարարել, որ բանակցային գործընթացը սպանված է եւ սպանված է թշնամու կողմից:

Կարո՞ղ ենք վերադառնալ Կազանին: Իմ տեսակետն է՝ ոչ: Քանի որ թե կազանյան, թե մադրիդյան  սկզբունքներում կան Հայաստանի համար խիստ աննպաստ դրույթներ: Եվ ընդհանրապես, ես նույնպես կարծում եմ, որ խաղաղություն՝ հողի կամ տարածքներ կարգավիճակի դիմաց ձեւակերպումներից պետք է կտրականապես դուրս գալ: Հայաստանի դիրքորոշումը միանշանակ պետք է լինի, որ մենք հող չունենք հանձնելու: Կան երկրներ, որոնք մշտական պատերազմական իրավիճակում են, բայց չնայած դրան, իրենց ժողովրդավարական ինստիտուտների շնորհիվ, ներսից ծաղկում են: Դրա լավագույն օրինակը Իսրայելն է: Երկիրը մշտապես պատերազմի մեջ է եւ սեգրեգացված տարածքների է բաժանված: Բայց շարունակում է հանգիստ գործել, անգամ ներգաղթ ունի եւ հրաշալի ապահովում է իր ազգային անվտանգությունը:

Խոսվեց պատերազմի ընթացքում դիվանագիտական ճակատամարտի մասին: Երեկվա ասուլիսում Նալբանդյանը ասաց, որ շատ տեղեր է ճամփորդել: Այո, ճամփորդել է: Բայց ինչպիսի՞ աշխատանք է կատարել իրականում, դեռեւս հայտնի չէ:

Ինչ վերաբերում է քարոզչական ասպեկտին, պետք է ասել, որ սարսափելի ցածր որակի պրոպագանդիստական աշխատանք տարվեց Հայաստանի կողմից: Օրինակ, տեսանյութերի ցածր որակը, տեղեկությունների ուշացած լինելը եւ հակասականությունը բոլորովին լավ չեն խոսում մեր մասին, մանավանդ, որ քարոզչական պատերազմը իսկական պատերազմի ամենակարեւոր բաղադրիչներից է:

Երեկվա իրադարձությունների հետ կապված ստացվում է, որ Հայաստանն իր առանձին խաղը չի խաղում, իր շահերը այնուամենայնիվ չի պաշտպանում՝ առավել պաշտպանում է իր այս կամ այն ռազմավարական գործընկերների շահերը, ընդունակ չէ իր շահերը համապատասխան ձեւով պաշտպանել: Սա հանգամանք է, որին անպայման պետք է ուշադրություն դարձնենք:

Խաղաղապահների մասին: Դա իմ կարծիքով խորապես անընդունելի է: Դա մեզ կզրկի մեր ինքնության վերջին նշույլներից: Պետք է հասկանանք, որ ընդհանրապես խաղաղապահների ինստիտուտը հեղինակազրկված է ամբողջ աշխարհում եւ խաղաղապահները որեւէ հարց որեւէ տեղ չեն լուծում: Նրանք չկարողացան խնդիր լուծել Ռուանդայում ցեղասպանության ժամանակ: Տեսնում ենք նաեւ խաղաղապահների բացարձակ անօգտակարությունը հենց նույն վրաց-աբխազական հակամարտության գծում, որտեղ ռուս խաղաղապահներ էին եւ որեւէ բան չկարողացան անել՝ փոխարենը դարձան ռազմական գործողությունների մասնակից», -ասաց քաղաքագիտության դոկտորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930