Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում է ստացել

Ապրիլ 23,2016 21:03

Ապրիլի 23-ին Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես եկավ երևանյան երկրորդ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Ստորև ներկայացնում ենք ելույթի տեքստը.

«Ֆորումի հարգելի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Հանդես գալով եզրափակիչ ելույթով` ես կցանկանայի նշել, որ Երևանում անցկացված առաջին ֆորումը յուրահատուկ հարթակ հանդիսացավ` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, բողոքի ձայն բարձրացնելու ժխտողականության դեմ, դատապարտելու մարդկության դեմ հանցագործությունները և համախմբելու ջանքերը այդ արհավիրքի կանխարգելման նպատակով։

Այսօր դժվար է պատկերացնել, որ ընդամենը 50 տարի առաջ, երբ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր նշվում, այն մարդկության անցյալի մութ էջերից էր և շատ չէր արծարծվում հայկական շրջանակներից դուրս: Հայ ժողովրդի հավաքական, միահամուռ ջանքերի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ է, որ այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում է ստացել:

Երբ նշվում էր 100-րդ տարելիցը, շատերն էին հարց բարձրացնում, թե ինչ է լինելու հաջորդ տարի: Մենք արդեն վկան ենք այն իրողության, որ հետևողական աշխատանքը չի դադարում ո՛չ տարելիցներից առաջ, ո՛չ տարելիցներին, ո՛չ էլ դրանցից հետո: Երկրորդ ֆորումի անցկացումը հենց դրա մասին է վկայում։

Այս ֆորումը, որն իր հաջող ընթացքով նախորդ տարվա ֆորումի արժանի շարունակությունը հանդիսացավ, վերածվում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված պայքարի կարևոր ձևաչափի: Ինչպես ֆորումի բացման ելույթում նշեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ «աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանություն պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ ինչպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն»: Համոզված եմ, որ հենց այս իրողության գիտակցումն է բոլորիս հավաքել մեկ հարկի տակ: Հիշողությունը պետք է ուղեկցվի գիտակցությամբ, ինչպես այսօր նշեց Վարդան Գրեգորյանը:

Տիկնայք և պարոնայք,

Ամփոփելով մեր աշխատանքները՝ կցանկանայի նշել, որ երկրորդ գլոբալ ֆորումի հիմնական թեմա հանդիսացող՝ ցեղասպանությանը և մարդկության դեմ հանցագործություններին հաջորդած փախստականների և վերապրածների վերաբերյալ քննարկումները ոչ միայն արդիական են, այլ մեր օրերում հատուկ հնչեղություն են ստացել: Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս թեմաների շուրջ բովանդակալից ելույթներով իրենց նպաստը բերեցին ֆորումի արդյունավետ ընթացքին: Արծարծված հարցերի լայն շրջանակ պարունակող նիստերը վեր հանեցին հաճախ ստվերում մնացող բազմաթիվ հարցեր:

Ցանկացած հանցագործության մասին խոսելիս, իհարկե, պետք է նախ և առաջ անդրադառնալ այն մարդկային կյանքերին և ճակատագրերին, որոնք իրենց վրա կրում են հանցանքի ողջ ծանրությունը: Ֆրանչեսկա Պիանան իր ելույթում համոզիչ կերպով ցույց տվեց ներկայումս առկա միգրացիոն ճգնաժամի և շուրջ հարյուր տարի առաջ հետպատերազմյան Եվրոպայում առկա իրավիճակի միջև ընդհանրությունները:

Մարդասիրական օգնության տրամադրման համար բարենպաստ միջավայրի ապահովումը հարկավ պետք է լինի տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների պարտականություններից մեկը ճգնաժամային իրավիճակներում: Իր ելությում սրա կարևորությունն ու հրատապությունը մեզ ի ցույց դրեց Յոախիմ Սավելսբերգը:

Փախստականների և վերապրածների առջև ծառացած բարոյական, հոգեբանական, իրավական խնդիրները հանգամանալից կերպով վեր են հանվել Էլայսա Վոն Ջոդեն-Ֆորջի և Ջակ Փորթերի կողմից:

Ցեղասպանություն հանցագործության տարբեր բաղադրիչների մասին համակարգված զեկույցով հանդես եկավ Սայիդ Չեթինօղլուն: Իմ կողմից ավելացնեմ, որ շատ դեպքերում վերապրածների նկատմամբ հանցագործությունները շարունակվում են բուն ցեղասպան գործողություններին հաջորդող տարիների, անգամ տասնամյակների ընթացքում: Խոսքս այն դեպքերի մասին է, երբ փորձ է արվում թաքցնել կամ ժխտել իրականացված հանցագործությունները: Սա, միանշանակ, ոտնձգություն է վերապրածների՝ հիշելու իրավունքի նկատմամբ: Նրանց առաջնային պահանջը հենց կատարվածի աներկբա ճանաչումն է: Քանի դեռ սա չկա, վերապրածները և վերապրածների ժառանգները շարունակում են մնալ հանցագործության զոհի կարգավիճակում: Իր ելույթում անդրադառնալով ժխտողականության խնդրին՝ ՀՀ Նախագահն ընդգծեց, որ այն ամենամեծ հարվածն է վերապրածների համար` նշելով, որ «այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության»։

Հարյուր մեկ տարի է անցել 1915թ. ողբերգական օրերից` «Հարյուր գումարած մեկ տարի»։ Դրանք ոչ միայն հայ ժողովրդի կորստյան, ցավի, դիմադրության և վերածննդի տարիներ էին, այլև, ցավոք, շարունակվող ժխտողականության։ «Մեկ ու կես միլիոն գումարած մեկ». սա այն կարգախոսն էր, որով տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ իրենց բողոքն արտահայտելու ատելության մթնոլորտի նորօրյա զոհի` Հրանտ Դինքի սպանության դեմ։ Թուրքական հասարակության մի ստվար զանգված իր ձայնը բարձրացրեց՝ փորձելով քանդել ատելության և ժխտողականության շղթաները, այն տաբուները, որոնցով տասնամյակներ շարունակ ոտնահարվել էր նաև թուրք ժողովրդի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը:

Սակայն Թուրքիայի այսօրվա իշխանությունների դիրքորոշումը շարունակում է տրամագծորեն տարբերվել իր հասարակության այդ առաջադեմ հատվածի պահանջներից:

Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ քրդերն այսօր համագործակցում են Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին համագործակցում էին «հայկական ավազակախմբերը»։ Հենց նման բառերով հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումները հարյուր տարի առաջ փորձում էր հիմնավորել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկը` Թալեաթը: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում այստեղ շատ բան չի փոխվել:

Այս կարգի դրսևորումներն են, որ պարարտ հող են ստեղծում նոր հանցագործությունների համար, և ճշմարտացի էր այսօր Ջորջ Քլունին, երբ ասաց, որ մենք ոգեկոչում ենք «այլևս երբեք», բայց դա կրկնվում է նորից, նորից և նորից։

Տիկնայք և պարոնայք,

Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների վերապրածների կյանքի պատմությունները հուզիչ են, միևնույն ժամանակ իրենց մեջ բազմաթիվ ընդհանրություններ են պարունակում։ Երկու վերապրածների` Աննա Աստվածատուրյան Տուրկոտի և Յոուք Չհանգի ճակատագրերը ևս բացառություն չեն կազմել այդ առումով: Նրանք երկուսն էլ ստիպված ընտրել են գաղթի ճամփան, իրենց հյուրընկալած երկրներում ուսում ստացել, կայացել և այժմ բեղուն գործունեություն են ծավալում: Առանձնահատուկ ոգեշնչող էին Քաբանդա Ալոյսի և Նադիա Մուրադի պատմությունները: Այսօր ես նրանց հետ առանձին հանդիպում ունեցա։ Դաժանությանը, ատելությանը նրանք այսօր պատասխանում են խիզախությամբ և իրենց ծավալած մարդասիրական գործունեությամբ: Հենց այսպիսի անհատներն են, լինի դա Ռուանդայից, Կամբոջիայից, Իրաքից, թե այլ վայրերից, որ կանգնած են ընդդեմ ցեղասպանությունների պայքարի առաջին գծում: Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Նադիա Մուրադին և բոլոր նրանց, ովքեր ականատես լինելով իրենց հարազատների բնաջնջմանը, կյանքի նպատակն են դարձրել մարդկության դեմ հանցագործությունների պայքարը:

Ֆորումի հարգելի մասնակիցներ,

Ցեղասպանության կանխարգելման համար պայքարում կարևորագույն դեր ունեն ցեղասպան միջավայրին պատշաճ արձագանքումը, նախազգուշացումը, հանրային իրազեկվածության բարձրացումը: Իր ելույթում պրոֆեսոր Օվե Բրինգը շատ դիպուկ կերպով նշեց, որ վաղվա կանխարգելումը կապված է այսօրվա արձագանքի հետ: Ֆրենկ Չոկը հստակ արտահայտվեց նրանց վերաբերյալ, ովքեր գիտեն կանխարգելելու ձևերը, բայց ձևացնում են, թե տեղյակ չեն։ Նա եզրակացրեց, որ չկա առավել ամոթալի բան, քան իմանալ ինչ կա ակնհայտորեն ոմանց մտքում և չարձագանքել դրան:

Ցեղասպանության կանխարգելման կարևորագույն ուղղություններից մեկը հանցագործներին պատասխանատվության ենթարկելն է: Այս թեմայի շուրջ Ահարոն Ֆիխտելբերգի համակողմանի ելույթը ցեղասպանության հարցը դիտարկեց միջազգային քրեական արդարադատության համատեքստում:

Գրեթե յոթ տասնամյակ է, ինչ ընդունվել է Ցեղասպանության մասին կոնվենցիան, որը շատ կարևոր նշանակություն ունեցավ: Սակայն, միայն բարի կամքը բավարար չէ, որպեսզի ցեղասպանություններ չլինեն: Անհրաժեշտ են կանխարգելիչ կայուն մեխանիզմներ: Անհրաժեշտ է միջազգային իրավունքի իմպերատիվ բնույթ կրող այնպիսի jus cogens նորմերի ամրագրում և իրագործում, որոնք կպատնեշեն նոր ցեղասպանությունների ճանապարհը: Այս համատեքստում ուշագրավ էր Էնցո Կանիցարոյի ելույթը:

Ինչպես իր ելույթում ցույց տվեց Ուիլյամ Շաբասը, միջազգային դատարաններում քրեական պատասխանատվության վճիռները, չնայած նրան, որ հիմնականում ուշացած են լինելում, կարող են կանխարգելիչ դեր ունենալ:

Կանխարգելման հայեցակարգում առանցքային նշանակություն ունի կրթությունը: Ինչպես ընդգծեց Փոլ Լևինը, ներկայիս հիմնարար մարտահրավերներից մեկը ներկա սերունդներին անցյալի ողբերգությունների պատճառ դարձած վտանգների մասին իրազեկումն է: Կարծում եմ՝ սա կարող է դառնալ հաջորդ ֆորումի առանցքներից մեկը։

Ես լիովին կիսում եմ ֆորումի բացման ժամական Դեյվիդ Իգնեշիուսի կողմից հնչեցրած այն միտքը, որ անցյալը պետք է լինի ոչ թե վրեժի զենք, այլ միջոց՝ կառուցելու փոխըմբռնում, արդարություն և համերաշխություն:

Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում նախաձեռնած բանաձևերում ևս արտահայտված են ֆորումի ընթացքում հնչած գաղափարներից շատերը: Այնուամենայնիվ, այսօր ձեր կողմից վերհանվեցին նաև ընդդեմ ցեղասպանությունների պայքարի բացերը: Որպես պետություն, որը առաջնային նշանակություն է տալիս ցեղասպանությունների կանխարգելմանը, մեզ և մեր գործընկերների համար դրանք նշանակում են ապագա անելիքների ուրվագծում:

Տարբեր երկրների ներպետական, հիմնականում՝ նախադեպային իրավունքում առկա են վերապրածների վերաբերյալ ուշագրավ իրավաբանական լուծումներ: Վերջիններիս ուսումնասիրությունը թույլ կտա հարստացնել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև՝ փախստականների վերաբերյալ առկա միջազգային իրավական գործիքները:

Տիկնայք և պարոնայք,

Մենք բոլորս իրար, անկասկած, հրաժեշտ ենք տալու ոգևորվածության և վճռականության զգացումով: Ոգևորվածություն, քանի որ ֆորումը ցույց տվեց, որ քաղաքակիրթ մարդկության քաղաքական, հասարակական և գիտական շրջանակների շատ ներկայացուցիչներ են լծված առանց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների աշխարհի կառուցման գործին: Եվ վճռականություն, քանզի ֆորումի ընթացքում հնչած ելույթները ցույց տվեցին, թե ինչպիսի ծանր հետևանքներ կարող է կրել ողջ մարդկությունը, եթե չկարողանա արդյունավետ և համախմբված լուծումներ գտնել մեր օրերում վերստին հրատապություն ստացած տագնապալի երևույթների դեմ:

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրորդ ֆորումի բոլոր մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստը բերեցին ֆորումի կազմակերպման համար։ Հայաստանի համար հիրավի մեծ պատիվ է իր հարկի տակ այսքան մեծ թվով համաշխարհային ճանաչում ունեցող ցեղասպանագետների, վերապրածների, քաղաքական և հասարակական գործիչների, մարդու իրավունքների պաշտպանների, արվեստագետների, լրագրողների և, ընդհանրապես, բոլոր այն մարդկանց ընդունումը, ում միավորում է ցեղասպանության արհավիրքի դեմ պայքարը: Վստահ եմ, որ ֆորումի աշխատանքների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկությունները կարևոր տեղ կզբաղեցնեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պայքարի շտեմարաններում:

Երկրորդ ֆորումը ևս մեկ անգամ հաստատեց այն, ինչ մենք պայմանավորվել էինք դեռ առաջինի ընթացքում, որ այս գործընթացը շարունակական պետք է լինի։

Տիկնայք և պարոնայք, մինչ հաջորդ հանդիպում՝ երկու տարի անց։

Շնորհակալություն բոլորին:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930