«28 տարի է, ինչ ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգայնացվել, հանրայնացվել է: Հիշենք ղարաբաղյան շարժման կարգախոսները. «Միացում», իսկ ավելի ուշ՝ «Ղարաբաղը մերն է»: Հետագայում պաշտոնական Երեւանի փոփոխվող իշխանություններում փոխվել է ոչ միայն բանակցությունների ձեւաչափը միջազգային ասպարեզում, այլեւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում եւ նրա փաստացի մաս կազմող Ղարաբաղում չի փոխվել հասարակական տրամադրությունը, չնայած ներհասարակական խախուտ իրավիճակին, արտագաղթին, հասարակական մեծ վհատությանը:
Հայտնի խոսք է. պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով: Եթե վերլուծենք այս պատերազմում յուրաքանչյուր պետության քաղաքական դերակատարումը, ապա, եթե գիտենք, որ Ադրբեջանը մեր ռազմաքաղաքական թշնամին է, շատերս գիտեինք նաեւ (թեեւ մեծ թվով քաղաքացիներ համաձայն չէին), որ Ռուսաստանն իրականում մեր ռազմավարական դաշնակիցը չէ: Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ այս պատերազմը սադրել է Մոսկվան՝ լուծելու մի քանի խնդիրներ: Բարեբախտաբար, այս անգամ նրան չհաջողվեց դրանք ավարտին հասցնելու, ռազմաքաղաքական եւ քաղաքական առումով ծնկի բերելու Հայաստանին, պարտադրելու իր սկզբունքները:
Ամենակարեւոր դասերը, որ պետք է քաղենք, նախ եւ առաջ անվտանգության խնդիրն է: Ղարաբաղը մեզ համար պարզապես տարածք չէ՝ հայրենիք է նաեւ: Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության անկախության խնդիրն է: Այս կամ այն չափով վտանգել Ղարաբաղի անկախությունը, կամ կորցնել, նշանակում է՝ վտանգել նաեւ Հայաստանի անկախ պետականությունը: Իսկ Հայաստանի անկախ պետականությունը մենք վտանգել ենք վերջին տարիներին պաշտոնական Երեւանի ընդունած որոշումներով. թե մեկ գիշերում Մաքսային Միությանը միանալու որոշումը, թե ԵՏՄ-ին միանալու ազգային ժողովի խայտառակ որոշումը եւ թե 45 տարով Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմահենակետերի տեղակայման ժամկետը երկարացնելը:
Ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ ոչինչ անհետեւանք չի մնում: Այս խնդիրները միավորվելով վտանգել են Հայաստանի անվտանգությունը:
Կարդացեք նաև
Այսօր ամենակարեւոր խնդիրներից մեկը, որ նույնպես պիտի լուծել, մեր կենսունակ անվտանգությունն ապահովելն է: Նախ եւ առաջ մեր ներքաղաքական կյանքում պարտավոր ենք արմատական քաղաքական որոշումներ կայացնել եւ արմատական փոփոխություններ իրականացնել: Դրա մեջ մտնում է նաեւ կոռուպցիայի հաղթահարումը բոլոր ոլորտներում, քանի որ կյանքը ցույց տվեց, որ մեր պետական կառույցները իրականում անզոր են ավելի լուրջ դիմակայություն ապահովել, եթե չլիներ հասարակության պատրաստակամությունը:
Պարտավոր ենք լուրջ վերանայումներ անել Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներում: Նալբանդյան-Լավրով ասուլիսը ցավալիորեն ընդգծեց այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնում, Հայաստանի շահերը ստորադասում է Ռուսաստանի շահերին եւ Հայաստանում ավելի շատ ներկայացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական շահը: Առանց այս խնդիրները լուծելու, ներքին եւ արտաքին քաղաքականությունում լուրջ վերանայումներ կատարելու, մենք չենք կարող առաջ ընթանալ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս կարճատեւ եւ ոչ այնքան կայուն խաղաղությունը չի կարող մեզ համար մեծ արդյունքներ ապահովել, եթե դրանք արագորեն չլուծենք: Բացի այդ, կյանքը ցույց տվեց, որ Ղարաբաղի վերաբնակեցման խնդիրը Դամոկլյան սուր է դարձել մեր գլխին:
Ամփոփեմ: Կարծում եմ, հետագայում Ռուսաստանը կգա ոչ միայն, այսպես ասած, նոր ծրագրերով: Ռուսաստանից կարելի է սպասել Հայաստանի ավելի թուլացում, որից անշուշտ կարող է օգտվել Ադրբեջանը: Մենք շատ կարճ ժամանակ ունենք՝ խաղաղությունը վերածելու կայուն առաջընթացի զարգացման: Հակառակ դեպքում հույսերն առանձնապես լավատեսական չեն: Ռուսաստանը միշտ գալու է այսպես կոչված, բուֆերային գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագրով: Դա նրա մանկության կապույտ երազանքն է: Այս պատերազմի սադրման, հրահրման պատճառներից մեկը, կարծում եմ, նաեւ այդ ծրագիրն իրականացնելն էր:
Առանց ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ արմատական վերանայումների, մենք առաջ չենք ընթանա: Անկեղծ ասած, գործող իշխանությունների հետ ես ոչ մի հույս չեմ կապում: Իր խոսքը եւ պահանջը պետք է ասի հասարակությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ