«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցում էր նաեւ Կամբոջայի տեղեկատվական կենտրոնի գործադիր տնօրեն Յոունք Չհանգը: Նա վերապրել է Կամբոջայի ցեղասպանությունը:
«Ես այդ ժամանակ 14 տարեկան դեռահաս էի, որ քմերները եկան մեր երկիր: Իմ քույրերը սպանվել են: Իմ քույրերից մեկին ստամոքսը դանակով բացել են, որովհետեւ նա գողացած մթերք էր ուտում: Նույնիսկ հաց ուտելը մեծ հանցագործություն էր Կամբոջիայում»,- հիշում է նա:
Նա համարում է, որ Կամբոջայում, Ռուանդայում ցեղասպանությունները կատարվել են այն պատճառով, որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել: Ըստ նրա, դա խտրականություն է, քանի որ հարյուր տարի հնություն ունեցող ողբերգական իրադարձությունները դեռ իրենց գնահատականը չեն ստացել:
«Ես վերապրել եմ Կամբոջայի ցեղասպանությունը: Իմ քույրերը, եղբայրները, հորաքույրները եւ հորեղբայրները սպանվել են այդ հրեշավոր հանցագործության արդյունքում: Ես այդ ողբերգական իրադարձությունների ականատեսն եմ եղել, եւ հենց այդ պատճառով եմ ես հիմա այստեղ՝ Հայաստանում, եւ հուսով եմ, որ մեր պայքարը իր նպատակին կհասնի»,- ասաց Յոունք Չհանգը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ