Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի իրավապաշտպան. «Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, հաջորդող բոլոր ցեղասպանությունները տեղի չէին ունենա»

Ապրիլ 23,2016 17:32

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին ներկա էր նաեւ, մարդու իրավունքների եզդի պաշտպան Նադյա Մուրադը: Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ իր Իսլամական պետության գերությունում իր վերապրածից հետո իր միակ երազանքն այն է, որ այլեւս ոչ ոք չզգա այն, ինչ ինքն է զգացել:

Նադյա Մուրադը ասաց, որ ինքը Մանսուրում է գերության մեջ մնացել, կարողացել է գտնել իսլամական հագուստ եւ բարի մարդկանց օգնությամբ թաքցնելով դեմքը փախչել: Ճամբարում հայտնվելուց հետո նրան հաջողվել է տեղափոխվել Գերմանիա, որտեղ էլ այժմ ապրում է: Իսլամական պետության զինյալները սպանել են նրա վեց եղբայրներին, իսկ մայրը եւ զարմուհին, որոնք փորձել են փախչել, պայթել են ականի վրա: Նրա երկու քույրերը եւ երեք եղբայրներին հաջողվել է փրկվել, նրանք այժմ ճամբարում են:

«Շուրջ 10 հազար եզդիներ գերի են վերցվել եւ սպանվել են ահաբեկիչների կողմից: Իսկ նրանք, ովքեր չեն սպանվել, մահացել են կիզիչ արեւից: Նրանք Սիրիայի եւ Իրաքի սեւ շուկաներում վաճառել են մեր կանանց եւ երեխաներին, բռնաբարել են եւ մեկ տղամարդուց մյուս տղամարդու ձեռքն են փոխանցել»,- ասաց նա:

Նադյա Մուրադը նկատեց, որ այն, ինչ իրենք վերապրել են, տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքի առաջ. «1.5 տարուց ավել է, որ մեր ազգը տառապում է, բայց ոչինչ չի արվում, որպեսզի նրանց օգնություն ցուցաբերեն: Մի՛ փակեք ձեր աչքերը մարդկային ողբերգությունների վրա, օգնե՛ք մարդկանց, անմեղ մարդիկ չպետք է տառապեն»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա նկատեց, որ եթե այն ճանաչվեր, ապա նրան հաջորդող բոլոր ցեղասպանությունները տեղի չէին ունենա: Ըստ նրա, ճանաչումն է, որ կարող է կանխարգելել ցեղասպանության կրկնությունը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930