Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) ` «Ավրորա» մրցանակի հետ համատեղ  New York Times-ի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակիին պարգևատրել է «Սկզբունքային լրագրության» մրցանակով

Ապրիլ 23,2016 17:08

Ապրիլի 24, 2016 թ., Երևան, Հայաստան – Այսօր Լրագրողների միջազգային կենտրոնը՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ «Սկզբունքային լրագրության» անդրանիկ մրցանակի դափնեկիր հռչակեց Ռուկմինի Կալիմակիին։ New York Times օրաթերթի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակիին նշյալ մրցանակը կտրվի «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ՝ մեծարանքի արժանանալով մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ունեցած բացառիկ ավանդի համար։

ԼՄԿ «Սկզբունքային լրագրության» նորաստեղծ մրցանակը ճանաչման է արժանացնում այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որը լրագրողը ցուցաբերել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամային վիճակում գտնվող վայրից լրատվություն տրամադրելիս։ Մրցանակակիրը պետք է վտանգի մեջ գտնվող մարդկանց թշվառ կացությունը լուսաբանելու գործում բացառիկ խիզախություն, ինչպես նաև ազնվությանը, արդարությանն ու ազատությանը անհողդոդ նվիրում ցուցաբերած լինի։

«Կալիմակիի լուսաբանումը աշխարհի ուշադրությունը անհավատալի չարաշահումների վրա սևեռելու գործում լրագրության ունեցած ուժի վառ օրինակ է»,–ասում է ԼՄԿ նախագահ Ջոյս Բարնաթանը։ «Նրա աշխատանքը թույլ է տալիս հուսալ, որ զոհերի ձայնը կլսվի և նրանք պաշտպանված կլինեն»։

Նրա գործունեությունը բացահայտել է ԻԼԻՊ-ի կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սոսկալի էությունը, ցույց տվել, թե ինչպես է Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, բացահայտել Աֆրիկայից Միացյալ Նահանգներ մանկական թրաֆիքինգի բազմաթիվ դրվագներ և ականատեսի վկայություններ վերհանել Կոտ դ’Իվուարից մինչև Մալի կառավարությունների և ապստամբ խմբավորումների կողմից իրականացված կոտորածների մասին։ Գիտակցելով հանդերձ, որ լրագրողների կյանքն այժմ առավել քան երբեւէ վտանգված է՝ նա շարունակել է գործել՝ առաջնորդվելով այլոց օգնելու խորը շարժառիթով։

«Ես, որպես լրագրող, չեմ կարծում, որ երբևէ համակողմանիորեն որոշում ես ինքդ քեզ վտանգի ենթարկել. դու ընդամենը քո գործն ես անում։ Իսկ պարգևդ այն է, որ լրագրությունը նման է լապտերի, որն ուղղորդված լույս է սփռում հիմնախնդիրների, հանցագործությունների կամ պետական չարաշահումների վրա»,– ասում է Կալիմակին։ «Ինձ համար սա մեծագույն պատիվ է, և ես համեստորեն ընդունում եմ այս մրցանակը՝ հուսով, որ իմ աշխատանքը կլուսավորի անգամ աշխարհի ամենամութ անկյունները»։

«Սկզբունքային լրագրության» մրցանակը ծնվել է ԼՄԿ-ի և 100 LIVES-ի համագործակցությունից։ Վերջինս համաշխարհային նոր նախաձեռնություն է, որը փրկողների եւ փրկվածների բազմաթիվ պատմություններ վերհանելով՝ մեծարում է մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանում մարդասիրությունը։ 100 LIVES-ը և «Ավրորա» մրցանակը հիմնվել են ի նշան երախտագիտության՝ ուղղված նրանց, ովքեր հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, վտանգեցին սեփական կյանքը, որպեսզի փրկեն հայ ժողովրդի բեկորներին։

«Լրագրությունն ամենազորեղ գործիքներից մեկն է, որը կարող ենք օգտագործել մարդկային տառապանքը լուսաբանելու և մեղմացնելու համար»,– նշում է 100 LIVES նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը- «Ռուկմինի Կալիմակիի հանձնառնությունը մարդկության դեմ իրականացվող սոսկալի ոճիրները բացահայտելու գործում իսկապես օրինակելի է: Մենք հպարտ ենք, որ կարող ենք այժմ մեծարել մեր ժամանակների այն լրագրողներին, որոնց անխոնջ հետեւողականությունն ու աշխատանքի արդյունքը ոգեշնչում է այլոց գործելու և միջամտելու»։

 

Պատմություններ, որ չի կարելի անտեսել

NYT օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակին հաճախ է մեկնել աշխարհի ամենավտանգավոր հակամարտությունների մեջ թաղված տարածաշրջաններ եւ ընչազուրկ համայնքներ՝ լույս սփռելու աշխարհի տարբեր կողմերում մարդու կրած տառապանքների վրա… Սեռական ստրկություն, սով, մանկական շահագործում, ահաբեկչի մտածելակերպ, մարդու կողմից մարդու հանդեպ գործված ամենասոսկալի ոճիրների անվերջ մի շարք։

Կալիմակիի անդուլ աշխատանքը բացահայտել է դաժան ճշմարտությունների մի բույլ, որ անհրաժեշտ է պատմել։ Նրա հեղինակած «ԻԼԻՊ-ը ստեղծել է բռնաբարության աստվածաբանություն» հրապարակումը բացառիկ խորաթափանցությամբ նկարագրում է այդ խմբավորման կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սարսափելի էությունը՝ աննախադեպ լույս սփռելով ԻԼԻՊ-ի խեղված գաղափարաբանության մեջ ամուր հիմքեր գցած սեռական բռնության երեւույթի վրա եւ բացահայտելով դրա զոհերի իրական թվաքանակը։ Կալիմակին հարցազրույցներ է վարել ԻԼԻՊ-Ի պաշտոնական հաղորդագրությունների միջոցով գտնված թվով 21 տուժածների հետ եւ հոդված գրելու նպատակով հետազոտել Human Rights Watch եւ Amnesty International կազմակերպությունների զեկույցները՝ ձայն շնորհելով լռեցված զոհերին։

Եւ սա նա անում է՝ աչքի առաջ ունենալով լրագրողներին ուղղված բոլոր սպառնալիքները, որ այժմ առավել քան երբեւէ ահագնացել են աշխարհում։ «Ինչպես ցույց տվեց լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխատումը, Իսլամական Պետության պես խմբավորումները ներկայումս լրագրողին դիտարկում են իբրեւ թշնամու զինվոր՝ մեղադրելով նրան իրենց աշխարհայացքի հետ չհամընկնող փաստերի վերհանման եւ հրապարակման մեջ»,– մանրամասնում է Կալիմակին։ Ըստ նրա՝ մեր օրերում «թղթակիցը դեմ է առնում միեւնույն ռիսկերին, ինչ զինվորը։ Մենք թշնամի ենք եւ համարվում ենք օրինական թիրախ»։

Ի հեճուկս այդ ամենի՝ Կալիմակին շարունակում է ուղիներ հարթել դեպի թշնամու տարածք։ Մալիում նա հաջողացրել է հետախուզել Ալ-Կաիդայի ենթադրյալ առաջնորդի լքված գրասենյակը՝ ձեռք բերելով եղած ամբողջ գրագրությունը։ Անապատում, ուր բահի յուրաքանչյուր հարվածը հիշեցնում էր Մալիի զորքերի կողմից սպանված արաբների եւ տուարեգների մահվան ահավոր տառապանքները, նա վեց ամիս շարունակ զբաղվել է դիերի արտաշիրմամբ։ Ոչ մի հանձնարարական նրան երբեւէ չի թվացել չափից ավելի վտանգավոր կամ անիրագործելի։

Արտաշիրմումն անգամ Կալիմակիին ետ չի պահել ահաբեկչության մասին գրելու իր որոշումից։ Նա ետ չի կանգնել նույնիսկ այն ժամանակ, երբ դարձել է մի քանի տարի առաջ Կոտ դ’Իվուարում կառավարական զորքերի կողմից իրականացված կոտորածների սակավաթիվ օբյեկտիվ ականատեսից մեկը։ Կենդանի մնացածներից տեղեկանալով վայրագությունների իրականացման վայրերի մասին՝ նա ճանապարհ է ընկել դեպքի վայր եւ քայլ առ քայլ շարժվելով՝ կարողացել է հասնել այն բաց տեղանքին, ուր սփռված են եղել բոլոր դիերը։

Նա կարողանում է վերստին կյանքի է կոչել դաժան իրականությունը՝ որդեգրելով տուժողի անունից եղելությունը պատմելու յուրահատուկ ոճ։ Արեւմտյան Աֆրիկայում նա մի առիթով հարցազրույցներ է վարել հարյուրավոր երեխաների հետ՝ օրըստօրե հետեւելով նրան կյանքին, որպեսզի կարողանա առաջին դեմքից ամենայն մանրամասնորեն պատմել նրանց շահագործման պատմությունները։ Նրա լրագրողական հետաքննությունների արդյունքում երեւան է եկել, թե ինչպես են Սենեգալի իսլամական դպրոցները կրթության սին խոստում տալով՝ երեխաներին դրդում մուրացկանության։ Նա պարզել է, թե ինչպես է Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, բացահայտել Աֆրիկայից Միացյալ Նահանգներ մանկական թրաֆիքինգի բազմաթիվ դրվագներ։

Մարդու իրավունքների այդօրինակ խախտումները վերհանելիս Կալիմակիին առաջնորդում է այն հույսը, որ իր գործն ի վերջո փոփոխության նոր շունչ կբերի։ Մալիում արտաշիրիմված մարդկանց դաժան տառապանքի ժամանակագրության նրա վերականգնումը հարկադրել է երկրի կառավարությանը հետաքննություն սկսել սպանությունների հանգամանքները պարզելու գործով, իսկ Կոտ դ’Իվուարում Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ աշխատող իրավաբանները գործի քննության ընթացքում օգտագործել են նրա կողմից երեւան բերված փաստերը։

Սա է, որ ապագայի հույս է ներշնչում Կալիմակիին։ «Լրագրողությունը նման է լապտերի, որն ուղղորդված լույս է սփռում հիմնախնդիրների, հանցագործությունների կամ պետական չարաշահումների վրա»,– ասում է նա։ «Հուսով եմ, որ իմ աշխատանքը կլուսավորի աշխարհի ամենամութ անկյուններն անգամ»։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930