Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնագծում-3.  Նամակները ոգևորում են

Ապրիլ 23,2016 16:11

Արդեն 20-ից ավելի օր է, ինչ մեր ժողովուրդը միտքն ամբողջությամբ ուղղել է դեպի առաջնագիծ, որտեղ մեր առյուծասիրտ 18-20-ամյա որդիները հայրենի տան դռներն են անառիկ պահում: Իհարկե, Արցախյան գոյամարտի ժամանակահատվածում, հրադադարում գտնվող 20 տարիների ընթացքում ևս մենք միշտ մեր զինվորի հետ ենք եղել: Սակայն վերջին օրերի իրադարձություններն այլ էին, և ողջ ազգն է ոտքի կանգնել:

DSCN1232 DSCN1227 DSCN1375

Այժմ էլ հազարավոր կամավորականներ են տղաների հետ պաշտպանում սահմանմանը: Այդ թվում են նաև հարյուրավոր քաշաթաղցիներ: Բացի առաջնագծից, Քաշաթաղի շրջանում մեծ աշխատանքներ են տարվում սահմանն ամուր պահելու նպատակով:

Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ գործող քաղպաշտպանության շտաբն աշխատում է շուրջօրյա հերթափոխով: Իրականացվում է կամավորների հերթափոխ, սնունդ ու զինվորին անհրաժեշտ պարագաներ ենք հասցնում առաջնագիծ:

Այս օրերին մի քանի անգամ եղել եմ մարտական հենակետերում, սկզբում հսկել տղաների հետ, այնուհետև տեղ ենք հասցրել նշված պարագաները, և ծանոթացել եմ խրամատում կանգնած զինվորի առօրյային, կենցաղին: Հոգով ուժեղ ու զորեղ մեր քաջորդիները չեն վհատվել ապրիլի սկզբի իրադարձություններից, չնայած մասնակցել են մարտական գործողությունների, կրել են մարտական ընկերոջ կորուստ, տեսել են թշնամու կողմից կատարած վայրագություն: Ընդհակառակը՝ ավելի են հզորացել ու դարձել վճռական: Գիտեն տղերքը՝ այստեղից է սկսվում իրենց տան մուտքը:

Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանի հետ, համայնքին հատկացված «ՈՒԱԶ»-ով հերթական այցով եղանք հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված Ն զորամաս և նրա կողմից պահպանվող հենակետերը: Այս զորամասը նույնպես ապրիլի սկզբին ենթարկվել է ռմբակոծության, ավերվել է շենքի մուտքը, որի դիմաց կանգուն էր ՀՀ ԵԿՄ նախագահի կողմից տեղադրած խաչքարը:DSCN1320 DSCN1255 DSCN1376

Հուշակոթողը կիսվել է պայթյունից: Բարեբախտաբար մարդկային զոհ չի եղել: Զորամասի շտաբի համալրման բաժանմունքի պետ, մայոր Հովիկ Փիրումյանն ընդունեց մեզ, և շտաբի պետի տեղակալ, մայոր Մարտին Ալոյանի ուղեկցությամբ բարձրացանք դիրքեր, որտեղ ժամկետային զինծառայող հրետանավորներին օգնության են հասել կամավորականներ՝ նաև Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներից:

Հենակետերից մեկում դիվիզիոնի տեխնիկ, ավագ ենթասպա Գառնիկ Օհանյանը դիմավորեց մեզ: Տեղեկացրեց՝ իրենց օգնող կամավորների շարքում նաև 5 քաշաթաղցի կա: Տղաներին ենք հատկացնում իրենց հասանելիքը, զրուցում ենք: Վարորդ Խաչատուր Դավթյանն Ապարանից է, արդեն 10 օր է, ինչ հրետանավորների հետ աշխատանքներ է իրականացնում: Կամավորական Նվեր Մատինյանը Քաշաթաղի շրջանի Մովսեսաշեն գյուղից է, լսել է՝ ծնվել է 7-րդ զավակը: Ուրախ է բազմազավակ հայրը, ցանկանում է ժամ առաջ տեսնել երեխային, սակայն  այստեղ դեռ անելիք ունի, պետք է տեր մնալ խաղաղությանը: Հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Կորյուն Ոսկանյանն Արթիկի Պեմզաշեն գյուղից է, 1 տարի 3 ամիս է, ինչ ծառայության մեջ է:

Հետաքրքրվում եմ առաջին օրերի մասին, ինչպես են տղաները դիմավորել թուրքին: Համեստ է պատասխանը՝ մեր առաջադրանքը կատարել ենք լավ: Բացված արկղերից հանում ենք տարբեր դպրոցների աշակերտների նամակները՝ ուղղված հենակետերում հսկող զինվորներին:

DSCN1281 DSCN1365 DSCN1202 DSCN1244

Ուրախանում են տղաները, ընթերցում, հուզվում: Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի դպրոցի զինղեկ Արթուր Դալլաքյանը, ով կամավոր այստեղ է եկել, հրետանավորների համար ընթերցում է երկու նամակ: Երբ ավարտեց խոսքը, զինվորների շարքը ոգևորությամբ «Ուռա» կանչեց, և յուրաքանչյուրն շտապեց իր մարտկոցը: Մյուս հենակետում ևս բարձր է զինվորների ու կամավորականների տրամադրությունը:

Նարեկ Ալեքսանյանը, Արտակ Ղազարյանը, Բակուր Յախշիյանը, Արտյոմ Մնացականյանը, Նորայր Իսրայելյանը, Շալիկո Եղիազարյանը, մնացած քաշաթաղցիները մեծ սիրով են ներկայացնում իրենց մարտական ընկերներին՝ ժամկետային զինծառայող հրետանավորներին: Մարտկոցի ավագ սպա, ավագ-լեյտենանտ Բաբկեն Կարապետյանը Գյումրիից է, գոհ է ավագ ընկերներից, որ այս ծանր օրերին իրենց հետ են՝ թև ու թիկունք, օգնական: Հարազատացել են, և բոլորը մի նպատակ ունեն՝ խաղաղ պահել հող-հայրենին: Շարքային Հայկ Օհանյանը Երևանից է, արդեն 15 ամիս է, որ հրետանավոր է, մասնակցել է ապրիլյան մարտերին, ավելի է հմտացել իր գործում և պատրաստ է մահացու հարված հասցնել մեր տան անդորրը խախտողին: Բյուրեղավանցի Հայկ Մելիքյանը տխուր է միայն, որ այդ օրերին հայոց կողմը շատ զոհ ունեցավ: Շուտով տուն պետք է գնա, բայց դեռ անելիք ունի և ընկերների հետ է: Ավագ-լեյտենանտ, երկրորդ մարտկոցի հրամանատար Արթուր Մարդանյանը Վանաձորից է. խոսելով մարտական գործողությունների մասին, ասաց. «Ընդհանրապես տարածաշրջանում միշտ էլ լարված է եղել, բայց ապրիլի մեկին սկսվածն այլ էր: Այդ օրը գնդում պատասխանատու էինք, որ թշնամին «Գրադ» կայանքից 25 հրթիռ գցեց գնդի վրա: Բարեբախտաբար զոհ չունեցանք: Տագնապով դուրս եկանք պաշտպանական գիծ, կատարեցինք մեր առաջադրանքը և տեղափոխվեցինք հաջորդ պաշտպանական շրջան, որն ավել մոտ է սահմանին: Այստեղ կասեցրել ենք թշնամու հարձակումը, հետ շպրտեի՝ հասցնելով մեծ վնաս: Փառք Աստծո, զոհ ու վիրավոր չենք ունեցել: Անձնակազմն այսօր էլ ոգևորված է և պատրաստ մարտի»:

Անդրադառնալով կամավորականների՝ իրենց կողքին լինելուն՝ մարտկոցի հրամանատարը նշեց, որ դա շատ ոգևորիչ է, բացի այդ կամավորականները, լինելով իրենցից ավագ ու փորձառու, օժանդակում են նաև խորհուրդներով, գիշերները միասին են հսկում մարտական դիրքում: Տեղեկացրեց նաև, որ իր զինվորներից, երեքամսյա ծառայող  Ռաֆայել Երիցյանը, ընթերցելով Երևանի թիվ 157 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Դավիթի նամակը, շատ է ոգևորվել, ուրախացել: Այս առումով հայոց բանակի սպան խնդրեց, որ մեր երեխաները շատ նամակ ուղարկեն իրենց: Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղից է ավագ-լեյտենանտ Գևորգ Ավետիսյանը: 3 տարի է, ինչ այստեղ է ծառայում, սակայն նման մասշտաբի մարտերի առաջին անգամ է մասնակցել իր մարտկոցով և մեծ վնաս հասցրել թշնամուն:

Զինվորներ Վարազդատ Գրիգորյանը, Մխիթար Մնացականյանը, Արթուր Գասպարյանը, սերժանտ Սմբատ Բարսեղյանը, մնացածը գտնում են, որ կամավորականների՝ առաջնագծում լինելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ միասնաբար կարող ենք հաղթել ու հասնել հաջողությունների: «Եթե կռիվը նորից սկսվի, հաստատ թուրքերն են փոշմանելու»,-ասացին տղաները:

Նույն օրը եղանք նաև հաջորդ պաշտպանական շրջանի առաջնագծի մարտական հենակետերում, որտեղ թշնամին շատ մոտ է: Մեզ ուղեկցում էր ինժեներական ծառայության գծով սպա, կապիտան Մարտիկ Սարյանը, ով լավ գիտե տարածքը և մեծ սիրով առաջնորդեց մեզ: Խրամատներում ժամկետային զինծառայողներն ու կամավորականները դարձյալ միասին են: Հենակետերից մեկի պատասխանատու, լեյտենանտ Ֆահրադ Հակոբյանը 2 տարի է, ինչ այս տարածքում հսկում է սահմանը: Ապրիլի 1-ին իր տղաներով բարձրացել էր դիրքեր՝ հերթափոխի, և նույն գիշերն սկսվել էր թշնամու հարձակումը: Հետ են շպրտել թշնամուն, պահել դիրքերը, սակայն մինչ այժմ լարված վիճակում են:

Քաշաթաղցի կամավորականները ոգևորված են իրենց զինակից ընկերներով՝ 18-20-ամյա պատանիներով, նրանց հրամանատարներով: Հակարիի դպրոցի տնօրեն Արսեն Հայրապետյանը, ով առաջին օրերից այստեղ է, ասաց՝ հարազատացել են ժամկետային զինծառայողների հետ:

Նույն գումարտակի մի քանի հենակետերում հանդիպեցինք քաշաթաղցի կամավորականներ, որոնց հետ էին նաև ՀՀ տարբեր մարզերից և ԼՂՀ շրջաններից եկած ազատամարտիկներ ու կամավորականներ: Մարտական հենակետերից մեկում է ծառայում նաև քրոջս որդին՝ ժամկետային զինծառայող Սևակ Գալստյանը, ում համար անակնկալ էր իմ հայտնվելն այստեղ: Սևակը նույնպես իր պարտքն է կատարում, ինչպես բոլոր զինվորները և դեռ 8 ամիս այստեղ մեր անդորրն է պաշտպանելու:

Մթնշաղին իջանք մարտական հենակետերից՝ կատարելով մեր առաքելությունը: Վերջին հենակետերից  իջնում էին ինժեներական աշխատանքներ կատարող զինվորները: Սպայի հրամանով շարքով անցան զինվորները՝ ապացուցելով, որ հոգնածությունը կարող են հաղթահարել, եթե կա դրա անհրաժեշտությունը, իսկ հայրենիքի սահմանները պետք է ամուր լինեն և՛ կառույցներով, և՛ աննկուն կամք ունեցող զինվորներով:

  Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930