«Այս պահին ամենաշատ փախստականներ ունի Սիրիան, որի պատճառը, բնականաբար, պատերազմն է։ Սիրիայում իրավիճակը չի կարգավորվում, քանի որ իշխանությունը չի ցանկանում հրաժարվել իր աթոռից: Եթե Ասադի գերդաստանը 45 տարի չհաստատվեր Սիրիայում, մարդիկ երբեք հեղափոխություն չէին անի: Իսկ երկրորդ պատճառը ժողովրդավարության բացակայությունն է: Արևմուտքը մեղավոր է, բայց ողջ մեղքն Արևմուտքի վրա բարդելն էլ ճիշտ չէ»,- Մատենադարանում մեկնարկած Aurora dialogues ֆորումի ժամանակ ասաց մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, «Նոբելյան» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Շիրին Էբադին։
Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին էլ նշեց, որ որպես մարդու իրավունքների պաշտպան՝ շատ զգայուն է հարցի նկատմամբ։ Ըստ նրա՝ մեր անվտանգությունը պայմանավորված է ոչ թե ոստիկաններին ապավինելու հանգամանքով, այլ աշխարհում տիրող իրավիճակով։
«Բոլորս գիտենք, որ մարդու իրավունքների խախտումները պատճառ ու հետևանք են տարբեր գործոնների։ Երբեմն պետություններն անտեսում են իրենց հաշվետու լինելու պատասխանատվությունը, ինչը հող է նախապատրաստում մարդու իրավունքների խախտման համար։ Իրավունքների պաշտպանությունն անհնար է առանց երկրներում ճիշտ կառավարման համակարգի ներդրման»,- ընդգծեց Ջիլանին։
Ըստ նրա՝ աղքատության թեման ծամծմելու փոխարեն պետք է լուծել աղքատների խնդիրները․«Աղքատությունն ուղղակի ճգնաժամային հարց չէ, աղքատությունը մարդիկ են։ Փախստականների ներկայությունը որևէ երկրում չպետք է օգտագործվի տվյալ երկրի քաղաքական հարցերը լուծելու համար․փախստականները մարդիկ են, ոչ թե սուբյեկտ՝ ձեր հարցերը լուծելու համար»։
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ