Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 22-ին 6 «կողմ», 4 «դեմ» քվեարկության արդյունքներով Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Նախագիծը լիագումար նիստում կքննարկվի երկուշաբթի:
Այսօր էլ «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում և դիրքորոշումների ներկայացում» քննարկումը, որին մասնակցեցին հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրական օրենսգրքի շուրջ մինչ այս ծավալված քննարկումներում բազմիցս ասվել է, որ ընտրություններին մասնակցածների ցուցակները չպետք է հրապարակվեն, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջն է. «Մյուս կողմից, կա մեկ այլ պահանջ, որ դիտորդների եւ վստահված անձանց համար ցուցակները պետք է հասանելի լինեն: Մեր կարծիքով` առաջարկված մեխանիզմը լիարժեք լուծում է այդ հարցը` տեղամասում առանց քվեարկության արդյունքները ամփոփելու` ցուցակները տպվում են, որպեսզի հետաքրքրված կողմերը կարողանան այդ տվյալներն օգտագործել եւ ստուգումներ անել»:
Հարությունյանը նշեց, որ կրկնաքվեարկությունները բացառելու մեխանիզմ իշխանությունները եւս ներկայացրել են. «Քվեարկության մասնակիցները մատնահետքեր են հանձնում, որոնք հավաքվում են եւ համեմատվում: Նման շատ լուծումներ կան նախագծում: Ինչ վերաբերում է ինքնասոսնձվող դրոշմապիտակին, դա նորարարություն է եւ դրա նպատակն է` փարատել կասկածները»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով 4+4+4 ձեւաչափով քննարկումներին` Հարությունյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը շարունակում է դժգոհել, կարծում եմ` դա ավելի շատ քաղաքական գնահատական է, բայց այդ քննարկումների արդյունքում ծագեցին լուծումներ, որոնք արդեն իսկ ընդգրկված են Ընտրական օրենսգրքի նախագծում»:
Դավիթ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ եթե գտնվի դոնոր կազմակերպություն, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու առաջարկը կընդունվի. «Դրանք պետք է տեղադրեն ոչ թե հանձնաժողովների ներկայացուցիչները, այլ մասնագիտացված ընկերությունները: Բացի այդ, առաջարկում ենք, որ չլինի ուղիղ հեռարձակում: Մեր հաշվարկներով` դրա հետեւանքով կապը կարող է ընդհատվել, ինչն էլ կասկածի առիթ կտա: Թող լինի ոչ թե ուղիղ եթեր, այլ տեսանկարահանում: Գործընթացի ամբողջական տեսանկարահանումն անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրատվամիջոցներին, դիտորդներին եւ վստահված անձանց: Կարծում եմ` այս առաջարկը պետք է ընդունվի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ