Ապրիլի 21-ին Վենետիկի Կա’ Բոտտաչին պալատում Գյումրիի նկարիչներին նվիրված ելույթով հանդես է եկել Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը:
Հանդիպման սկզբում տիկին Հարությունյանը հանրությանն է ներկայացրել Գյումրիի պատմության տարբեր փուլերի ժամանակ քաղաքում ծաղկող արվեստներն ու արհեստները, ապա անդրադարձել ավերիչ երկրաշարժին, նշելով, որ իտալացիները առաջիններից էին, որ օգնության հասան մեր երկրին, ապա շեշտել է գյումրեցիների տոկուն կամքը վեր հառնելու արհավիրքից եւ կրկին զարկ տալու երբեմնի արվեստների մայրաքաղաք Գյումրիին:
Այս ընդարձակ նախաբանից հետո տիկին Հարությունյանը սահուն անցում է կատարել դեպի զեկույցի հիմնական թեման` ներկայացնելով այսօր Գյումրիում ստեղծագործող նկարիչներին, մասնավորապես անդրադառնալով Համբարձում Ղուկասյանին, Գագիկ Մանուկյանին, Եսայի Մեյրոյանին, Գեւորգ Սարգսյանին` Ճալային եւ նրա 15/3 կոչվող արվեստանոցին, Հրանտ Միրզոյանին, Հակոբ Հովհաննիսյանին, Տարոն Մանուկյանին եւ այլոց:
Հանդիպման ավարտին տիկին Հարությունյանը տեսակապ է հաստատել Գյումրիի հետ, որտեղից Գյումրիի Նկարիչների միության նախագահ, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Գագիկ Մանուկյանը եւ երիտասարդ շնորհալի նկարիչ, Գյումրիում Street Art ժանրի հիմնադիր, Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի դասախոս, ՀՀ նկարիչների միության անդամ Տարոն Մանուկյանը պատասխանել են ներկաների հարցերին:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցեցին Վենետիկի համալսարանի ուսանողներ, դասախոսներ, հայ համայնքի անդամներ, ինչպես նաեւ հայոց մշակույթով հետաքրքրվող իտալացիներ:
Նշենք, որ անցյալ շաբաթ Վենետիկի Համալսարանում Ղրիմին նվիրված գիտաժողովի շրջանակներում տիկին Հարությունյանը զեկույցով հանդես էր եկել լուսաբանելու ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբոր` Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանի ավանդը հայ մշակույթի մեջ: