Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում Թուրքիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է, քան Թուրքիայում Հայաստանի նկատմամբ». Գեւորգ Պետրոսյան

Ապրիլ 23,2016 14:27

«Եթե վերլուծենք, թե 100-ամյա տարելիցից հետո տարվա ընթացքում ինչ ունեցանք, կարող ենք դրական և որոշակի բացասական արդյունքներ ստանալ: Դրականը ես կդիտարկեի Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում ավելի հանրային դարձնելու քայլերը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման հարցում որակական քայլեր մենք չկարողացանք ստանալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Թուրքագետը նշեց, որ փորձը ցույց է տվել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը փակ շրջան է, և կենտրոնանալով այդ ուղղության վրա՝ մենք գործնականում լուրջ արդյունքների չպետք է սպասենք: 100-րդ տարելիցը լավ առիթ էր մտածելու մեր ռազմավարությունը փոխելու մասին, քանի որ առավել կարևոր հարցը ներկայումս այն է, թե ինչ ուղղությամբ պետք է շարունակել Ցեղասպանության հետևանքների վերացման քայլերը. « Ժամանակն է փոխել ռազմավարությունը: Միջազգային ճանաչման հետ մեկտեղ, միջազգային դատարանների միջոցով կամ անհատական դատավճիռների միջոցով պետք է փորձել Թուրքիայի դեմ որոշակի գործողություններ կատարել: Խոսելով ռազմավարության մասին՝ պետք չէ նկատի ունենալ միայն Հայաստանի կողմից կատարվող գործողություններ: Սփյուռքի կողմից էլ պետք է լինեն այդ ռազմավարական փոփոխությունները: Պետք է զարգացնել իրավական ոլորտը: Ես չեմ կարող ասել, որ այդ ոլորտում մեզ լուրջ հաջողություններ են սպասվում կամ ձախողումներ: Կարևոր է ներկա փուլում ստանալ հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն տարբեր ոլորտների հայ և միջազգային մասնագետներ: Նրանց կտրվի որոշակի ժամանակ և ռեսուրսներ գոնե գնահատական ստանալու համար, թե ինչ կարող է սպասվել, եթե մենք մտնենք իրավական դաշտ»:

Ըստ թուրքագետի՝ ակնհայտորեն 101-րդ տարելիցը ավելի բարդ է լինելու այն առումով, որ կանխատեսվում էր էմոցիոնալ անկում. բավական մեծ թվով ջանքեր, էմոցիաներ, հույզեր հասարակության շրջանակները ներդրել էին 100-րդ տարելիցի միջոցառումներում. «Երկու կողմերից էլ պասիվություն է նկատվում: Այս օրերին թուրքական մեդիայի մոնիթորինգը շատ քիչ ուշադրություն է դարձրել Ցեղասպանության թեմային: Հայաստանում Թուրքիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է, քան Թուրքիայում Հայաստանի նկատմամբ: Այնտեղ ցեղասպանությունը դատապարտում է ոչ թե հասարակությունն, այլ ինտելեկտուալների մի փոքր խումբ, որոնք հիմնականում ձախակողմյան կողմնորոշում ունեցողներ են: Բայց չի կարելի ասել, որ այդ փոքրաթիվ ինտելեկտուալները խոսում են ճանաչման մասին.կարող են ասել ներողություն, ընդունել մեղքը, բայց երբ խոսք գնա տարածքների վերադարձի կամ փոխհատուցման մասին, ապա կասեն, մոռացեք: Այս դեպքում այդ օղակն ավելի է փոքրանում: Զգալի հատվածը ժխտողական քաղաքականության կիսող է»:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչպես կարելի է դիտարկել նախորդ օրը Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորի ելույթը, քանի որ փորձագետների որոշակի հատված կարծում է, որ ելույթը բեմադրված էր, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ անգամ բեմադրության դեպքում շատ մեծ համարձակություն պետք է ունենալ Թուրքիայում նման քայլի գնալու համար. «Կարո Փալյանը բավական հայանպաստ գործունեություն է ծավալում, ինչ Թուրքիայի խորհրդարանում է: Պետք է հասկանանք այն սահմանները, որում նա է: Հեշտ է Հայաստանում կամ Սփյուռքում նստած՝ քննադատել Թուրքիայի հայերին տարբեր հարցերում: Եթե իրավական կամ այլ քաղաքական հետևանքներ էլ չունենա, ապա գոնե հանրայնացնելու առումով բավական ճիշտ քայլ էր: Ուստի ասել բեմականացված է, թե անկեղծ, երկրորդական հարց է: Ենթադրում եմ այս քայլից հետո Թուրքիայի ազգայնամոլական կամ այլ շրջանակներ կարող են հայ պատգամավորին թիրախավորել»:

Aravot.am- նաև հետաքրքրվեց, թե արդյոք դա պայմանավորված էր կամ կապ ուներ այն փաստի հետ, որ Կարո Փալյանը քրդամետ կուսակցության անդամ պատգամավոր է, թուրքագետն ասաց. «Ժողովուրների դեմոկրատական կուսակցությունը իր հիմնադրումից ի վեր հայկական թեմայով ավելի ազատ գծի կրողն է Թուրքիայում: Եթե համեմատենք այլ կուսակցությունների հետ, ապա ԺԴԿ-ն ավելի հայամետ քաղաքական ուժ է: Դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ քրդական ուժ է, թուրքական պետության դեմ որոշակի հաշվարկներ ունի, այլև ընտրողների մեջ մեծ մաս են կազմում հայերը, և կուսակցության անդամների թվում էլ կան հայեր: Եվ առավել սպասելի էր, որ խորհրդարանում գտնվող բոլոր կուսակցություններից կարող էր հենց ԺԴԿ-ի հայ պատգամավորը նման բան անել»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930