Aravot.am-ի հետ զրույցում 1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը նշեց, որ ոստիկանների կողմից երեկ իր երկու օպերատորներին բերման ենթարկելու տեսագրությունն ուղարկվել է Ոստիկանություն, որտեղից պատասխանի են սպասում: Բաբաջանյանը տեղեկացրեց, որ ոստիկանների գործողությունների հետեւանքով շարքից դուրս է եկել լրատվականի` «ֆեյսբուքյան» կապն ապահովող հեռախոսը, ուղիղ եթերն ապահովող սարքը, տեսախցիկը:
Արման Բաբաջանյանը նաեւ ասաց, որ նախորդ տարի` Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից վնասված երեք տեսախցիկներն էլ փոխհատուցվել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության հրապարակում հավաքված «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման ներկայացուցիչները երթով ցանկացել են հասնել Բաղրամյան 26 եւ ՀՀ նախագահին ներկայացնել Արցախյան խնդրի կարգավորման հետ կապված պահանջները, ինչպես նաեւ` պահանջել պատասխանատվության ենթարկել պետական բարձր պաշտոնյաների: Քանի որ ցուցարարների երթն արտոնված չէր, ոստիկանները նրանց թույլ չտվեցին առաջ շարժվել: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում խմբված ցուցարարների եւ կարմիր բերետավորների միջեւ քաշքշուկների ընթացքում բերման էին ենթարկվել նաեւ 1in.am-ի օպերատորներ Նարեկ Բարսեղյանը եւ Սեւակ Սողոմոնյանը: Ընդհանուր առմամբ, բերման էր ենթարկվել 42 հոգի, որոնք արդեն ազատ են արձակվել:
Ավելի վաղ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Բաղրամյան պողոտայում լրագրողներին ասել էր, որ լրատվականների աշխատակիցների հանդեպ ոստիկանների իրականացրած գործողությունների տեսանյութերը կարող են ուղարկել իրենց, եւ դրանք անպայման կուսումնասիրվեն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ