Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը»

Ապրիլ 23,2016 12:57

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության,  Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և անձամբ իմ անունից հայտարարում եմ, որ 20-րդ դարի սկզբին հայ ազգի նկատմամբ գործադրված ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են, քանի դեռ թուրքը չի գիտակցել իր մեղքը, ներողություն չի խնդրել ու չի փոխհատուցել հայ ազգին, Հայաստան պետությանը։ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որ նշվեց նախորդ տարի, ընդամենը նոր մի սկիզբ էր հայ ազգի, հայոց պետականության պայքարի ճանապարհին, եւ եռասերունդ Երկրապահն էլ այս պայքարի առաջամարտիկներից է եւ պայքարի աննահանջ նվիրյալ։

Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը, 2015 թվականից արդեն՝ սրբադասված նահատակների հիշատակը: Եռասերունդ Երկրապահը ծաղկադրումներ է կատարելու նաեւ ի հիշատակ ցեղասպանության սրբադասված նահատակների Հայաստանի, Արցախի բոլոր տարածքներում, Սփյուռքի գաղթօջախներում կանգնեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին: Վերակենդանացնելով խաչքարերը` մենք հիմնավորում ենք, որ հայի հավատքը, հայի արարչաստեղծ ոգին, հայ մշակույթն անմահ են:

Հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջև՝ հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը՝ անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

1895-1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի և երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ անկյունում էլ լինի:

Այո՛, ապրիլի  24-ը հայերիս  համար, ոչ այնքան սգո, որքան որ պայքարի, վրիժառության ու վերածննդի օր է:

Հակառակ Օսմանյան կայսրության և թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրերի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը, մաքառեց և 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք-ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ ազատագրվեց Արցախը, և որպես անկախ պետություն Մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով Ցեղասպանության բարդույթից՝ հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ: Նենգաբարո թուրքը այս տարվա ապրիլին ևս փորձեց դավադիր հարվածով վնասել հայությանը, ոտնձգություն կատարեց հայկական Արցախ պետության սահմանների նկատմամբ: Հայոց բանակն ու հայ կամավորականությունը հուժկու հարված տվեցին թուրքին` ստիպելով բունը մտնել: Հազարավոր կամավորականներով եռասերունդ երկրապահն այսօր Արցախի մարտական հենակետերում է` հայոց փառապանծ բանակի հետ, հայ դիրքապահի հետ: Եվ մենք կմնանք այնքան, որքան կպահանջվի, մինչև հաղթական խաղաղության պայմանագիր պարտադրենք ռազմատենչ ոսոխին` երաշխավորելով հայկական զույգ պետությունների անվտանգությունն ու անկախությունը:

Մեր պայքարը մեր ինքնության պահպանման  ու մեր պատմական հայրենիքի համար շարունակվում է:

Ցեղասպանության հերթական տարելիցին մեր առջև բացվում են պատմական ճշմարտության վերականգման հորիզոնները, և անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ  միասնության ու մեր պետության շուրջ համախմբման  են կոչում:

Մենք շնորհակալ ենք առաջադեմ մարդկությանը սրտացավ ու արդարամիտ պահվածքի համար:

Վատիկանի Սուրբ  Պետրոս տաճարում մատուցված պատարագն ու Հռոմի  պապ Ֆրանցիսկոս առաջինի ելույթը,  Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերը, երկու տասնյակից  ավելի պետությունների կողմից Հայոց ցեղասպանության  ճանաչումը առաջադեմ  մարդկության արդարացի մոտեցումն են: Մենք  կարծում ենք, որ այդ մոտեցումը  կշարունակվի  այնքան,  մինչև  Թուրքիան  հարկադրված կգնա համապատասխան զիջումների,  փոխհատուցման,  հայկական պատմական տարածքների վերադարձման:

Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել ուժեղ և հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը:

Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների, երկրապահ կամավորականների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում՝ հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները և շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը հավատն է սեփական ուժերի հանդեպ և որի ուժը համայն հայության միասնությունն է:

Միասնությամբ մենք կհասնե՛նք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը:

Միասնությամբ մենք կպաշտպանե՛նք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի:

Ուրեմն, միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման, արդարացի պահանջատիրության ապահովման ու  մեր  պատմական տարածքների  փոխհատուցման:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ                     Մ. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930