Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կկարողանա զսպել լարվածության հերթական բռնկումը. «Հրապարակ»

Ապրիլ 23,2016 12:23

Սերգեյ Լավրովը Երեւանում ասել է, որ 1994թ. հրադադարի եւ 1995թ. հրադադարի ամրապնդման պայմանագրերն անժամկետ են, եւ այդ սկզբունքը պաշտպանում են ՄԽ համանախագահ մյուս երկրները՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Լավրովի հայտարարությունը, կարելի է ասել, ոգեւորության ալիք է բերել հայրենական քաղաքագետների, վերլուծաբանների եւ մեկնաբանների շրջանում: Արվում են ենթադրություններ, ուրվագծվում հեռանկարներ, որոնք կարող են «բեկումնային լինել»: Իրականում ի՞նչ է ասել Լավրովը:

Հարցի պատասխանն ունենալու համար արժե հիշեցնել, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ: Եւ եթե դրանք անժամկետ են, զինադադարի նոր համաձայնության անհրաժեշտություն չկա, եւ ՄԽ մյուս համանախագահ երկրները պաշտպանում են այդ սկզբունքը, ուրեմն ՌԴ արտգործնախարարն այլ բան չի ասել, քան՝ որ 22 տարի հետո էլ կրակը դադարեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, եւ Մոսկվան դույզն ինչ չի զիջել ԼՂ կարգավորման գործընթացի հովանավորությունը: Այսքան բան:

Ավելի հեռուն գնացող ենթադրությունների տեղ ՌԴ արտգործնախարարի ձեւակերպումը չի թողնում: Ընդ որում, իրավիճակի դիվանագիտական այսօրինակ սահմանումը լիովին տեղավորվում է ապրիլի 9-ին Ռուսաստանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում Դմիտրի Մեդվեդեւի այն բնորոշման համատեքստում, որ ավելի լավ է պահպանվի ստատուս-քվոն: Երեւանում Լավրովն ակնարկել է, որ «Կազանի փաստաթուղթը» մերժել է Ադրբեջանը:

Ի՞նչ հեռանկար է ուրվագծվում: Միայն մեկ՝ Ռուսաստանը, թերեւս, կկարողանա զսպել լարվածության հերթական բռնկումը: Բայց այդ ժամանակաշրջանը կողմերի համար կլինի սպառազինությունների ավելի կատաղի մրցավազքում առավելության հասնելու հնարավորություն: Դա իրավիճակի կառավարման լծակ է Ռուսաստանի համար:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930