Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը դարձյալ հակառուսական տրամադրությունների խթանումն է. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 23,2016 10:27

Վերջին շրջանում ոմանք փորձում են հետեւողականորեն տարածել հակամարտության գոտում ռուսական խաղաղապահներ կամ խաղաղարարներ տեղակայելու ինչ-որ գաղտնի պլանի առկայության գաղափարը, իհարկե, չունենալով որեւէ հիմք:

Նպատակը դարձյալ հակառուսական տրամադրությունների խթանումը, զարգացումն է՝ այն դեպքում, երբ հակամարտության գոտում ոչ թե ռուսական, այլ բազմազգ խաղաղապահներ կամ խաղաղարարներ մտցնելու գաղափարը ներառված է միայն հիմնախնդրի համապարփակ լուծման փաթեթի նախագծում, ինչպես, օրինակ, Կազանի փաստաթղթում:

Ավելին. ոմանք ավելի հեռուն գնալով՝ տարածում են իրականությունից ու տրամաբանությունից դուրս գտնվող, զրպարտչական այն միտքը, թե ապրիլի սկզբի ռազմական լայնածավալ գործողություններին Ադրբեջանին մղել է Ռուսաստանը, քանի որ դրանով նպատակ է ունեցել հակամարտության գոտում տեղակայել իր խաղաղապահներին: Լավ, մի պահ ընդունենք, թե այդպե՞ս է, բա ինչո՞ւ չտեղակայեցին…

Սրան փորձում են բացատրություն տալ՝ ասելով, թե տեղակայելու էին այն ժամանակ, երբ Ադրբեջանի պլանն իրականանար, այսինքն՝ մեր թշնամուն հաջողվեր գրավել ազատագրված տարածքների մի մասը կամ Արցախի մի քանի շրջան, ինչը, սակայն, չհաջողվեց մեր զինվորների, բանակի հերոսական մարտերի շնորհիվ:

Սակայն նրանք անտեսում են այն փաստը, որ ոչ մի պետության խաղաղապահ չի կարող գալ ու տեղակայվել Արցախի եւ Ադրբեջանի հակամարտության գոտում առանց Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունների գրավոր համաձայնության: Իսկ տարածքների մի մասը կամ մի քանի շրջան կորցնելուց հետո Արցախի իշխանություններն այդ համաձայնությունը կտայի՞ն՝ շատ լավ հասկանալով, որ նշված համաձայնություն տալն այլեւս բացառելու է կորցրածը հակագրոհով վերադարձնելու հնարավորությունը: Իհարկե՝ ոչ։

Բացի դրանից, որքան տեղյակ ենք, խաղաղապահների տեղակայման փաստաթղթի ստորագրումից կամ պայմանագրի կնքումից հետո այն պետք է պարտադիր վավերացվի ԼՂՀ խորհրդարանի կողմից, իսկ Արցախի խորհրդարանի պատգամավորները, համենայն դեպս նրանց մեծ մասը, կարծում ենք, չէին քվեարկի այդ փաստաթղթի վավերացման օգտին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930