Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է, որ Հովիկ Աբրահամյանը պետության «դավաճաններին» չի գտնում

Ապրիլ 23,2016 17:00
Hranush Xaratyan

Հրանուշ Խառատյանը՝ զինտեխնիկա տանող վարորդի
գլխատման մութ պատմության եւ կառավարության այլ «գաղտնիքների» մասին

Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով լրագրողների՝ սահմանին տիրող իրավիճակի պայմաններում կառավարության թույլ տված ճոխությունների, պետական պաշտոնյաների հարստությունների մասին հարցերին՝ ասել էր. «Այն մարդիկ, որոնք ապօրինի ճանապարհով են հարստացել, պետությունը, համապատասխան մարմինները կհետեւեն ու համապատասխան լուծում կտան, կփորձենք պարզել: Եթե օրինական ճանապարհով չեն հարստություն դիզել, հարկեր վճարել, դա երկրի հանդեպ դավաճանություն է: Կարծում եմ, որ ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, այդ մտահոգությունը պետք է վերաբերի այդ մարդկանց, ոչ թե նրանց, որոնք օրինական ճանապարհով այս երկրում բիզնես են ծավալել, աշխատում են հարկերը վճարելով ունենալ շահ: Դա նորմալ եմ համարում»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը. «Ա՜խ, ինչ մեղք են, ինչ դժվար է իրենց գործը, համարյա ռազմաճակատ է: Շա՜տ դժվար գործ է, դե ո՞նց պարզեն հիմա»:
Ըստ տիկին Խառատյանի՝ եթե մեր երկիրը համաձայնվել է, որ ինքը կոռումպացված է եւ պետք է հակակոռուպցիոն լայնածավալ ծրագրեր անի, նշանակում է՝ այդ կոռուպցիան մարդկանց մեջ կա, չէ՞. «Լավ, գտեք այդ կոռումպացվածներին, անունները դուք ասեք նրանց, մենք չասենք: Չե՛ն կարողանում, մարդիկ իբր չգիտեն: Կոռուպցիա բառը գիտեն, բայց չգիտեն դրա դրսեւորումները, ո՞նց պարզեն, ո՞նց լուծեն,- հեգնեց նա:- Դեռ 2008-ի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն էր խոսում կոռուպցիայից ազատվելու, հարկերի մասին, հիմա իրենք, պարզվում է, չգիտեն նման մարդկանց, դրանք բոլորը նորմալ բիզնեսմեններ են: Չգիտես, թե ինչու են այդ բիզնեսմենները հայտնվել ԱԺ-ում: Երբ որ ԱԺ-ում են, նրանք բիզնեսմեն չեն, երբ կոռուպցիա է, նրանք կոռուպցիոներ չեն՝ բիզնեսմեն են՝ խճճվել ենք տերմինների եւ դրանցից բխող իրավական գործողությունների մեջ»:

Ըստ տիկին Խառատյանի՝ քառօրյա պատերազմը կառավարության գործելաոճի հետ կապված բազմաթիվ հարցեր է առաջ բերել, որոնց պատասխանները պաշտոնական մարմինները չեն տալիս: Օրինակ՝ բազմաթիվ հարցականներ կան Թալիշում ադրբեջանցի «ահաբեկիչների» սպանած 68-ամյա վարորդի հետ կապված. «Զինտեխնիկան տանող վարորդի գլուխը կտրել են՝ կենդանի մարդու: Դա նույնիսկ ռազմական հանցագործությունների ցանկում ներառված չի: Կապ չունի՝ զինվոր է դա, ինչ է: Գերի ես վերցրել մարդուն՝ կենդանի-կենդանի գլուխը կտրել: Դա համաշխարհային բոլոր կոնվենցիաներին դեմ է: Խայտառակ հանցագործության դրսեւորում է: Ինչո՞ւ է դա կորած-մոլորած մի տեղեկություն առհասարակ, որովհետեւ դա այն խեղճուկրակ միակ մեքենան էր, որը փամփո՞ւշտ էր տանում: Որպես ադրբեջանցիների կողմից գլխատված՝ եզդի տղայի անունն են տալիս, իսկ այդ մարդու անունը չկա, ինչո՞ւ չկա: Սրանք բոլորը հարցեր են: Վերջին հաշվով այդ մեքենան տանում էր Մատաղիսի ուղղությամբ, հյուսիսային դիրքեր, բա հարավային ուղղությամբ էլ փամփուշտ չի եղել:

Ինչո՞ւ են թաքցնում: Եթե դա ռազմական գաղտնիք է, թող ասեն՝ գաղտնիք է, հարցեր մի տվեք, այն, ինչ տեղի է ունեցել ռազմաճակատում, դա ռազմական գաղտնիք է: Թող զինվորներին էլ տանեն երդվեցնեն, ասեն՝ եթե կենդանի մնաք ու զորացրվեք, հանկարծ ոչ մեկին ոչ մի բան չպատմեք, այլապես կենթարկվեք պատասխանատվության: Մենք գնում ենք տոտալիտար համակարգի: Հիմա էլ հորդորում են, թե հակառուսական արտահայտություններ չլինեն: Ես հենց հիմա արխիվում եմ աշխատում, Բակունցի գործն էի նայում: Նրանք ասել են, որ մտածում էին՝ Ստալինը սխալ քաղաքականություն է վարում ու վերջացավ՝ նրանց մեղադրանք է առաջադրված՝ կոմունիստական կուսակցության առաջնորդներին հեղինակազրկելու վերաբերյալ: Այդպիսին չի՞ տոտալիտար քաղաքականությունը՝ հեղինակավոր առաջնորդների մասին չխոսել, քաղաքականության ծրագրի մասին չխոսել, սա է գաղտնիք, նա է գաղտնիք, ո՞ւր ենք մենք գնում, սիրելիներս»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ո՞ւր ենք մենք գնում»

    կարելի չէ պատասխանել

    գաղտնիք է

    (իսկ ո՞ր տեղից է բխել այդ երկրորդ գլխատման պատմութիւնը…)

  2. Ани says:

    Чиновники поделили все выделенные денежные средства для вооружения меж собой, а теперь винят Россию в продаже военной техники врагам. О том, что главным врагом народа являются они, что-то забывают! А помните, как в 1999 или в 2000 году, как армянские чиновники, по нелегальным каналом, хотели продать Турции, Россией Армении предоставленные, противоракетные вооружения? Забывчивые!

  3. Հ.Շ. says:

    անգամ մը եւս՝
    «վարորդի գլխատման մութ պատմության»
    աղբիւրը ի՞նչ է, ո՞ւր է

    պարզ է թէ այդ կարծեցեալ դէպքին ոեւէ ականատես չկայ,
    բացի ենթադրեալ մորթողներից

    անո՞նք են ուրեմն տարածում այս ահաբեկիչ «տեղեկութիւնը»…

    թէ ոչ, արդէն սարսափահար ժողովուրդի երեւակայութեան արգասիքն է է

    վերջապէս, մի տեղից այս պատմութիւնը լսել է, այս ազգագրագետ – եւ հետեւաբար գրագետ – տիկինը

    հարցազրոյցի ընթացքին,
    հարց տուի՞ք իրեն թէ արդեօք ո՞ւրտեղից է ան լսել այդ պատկերաւոր, ահացունց պատմութիւնը

    զորս այս պահին արդէն մօտ վեց հազար ընթերցող կարդացել է…
    երթալ տարածելու համար մի քանի հազար այլ անձերի…

    յետոյ ել ասում են՝
    պաշտօնական աղբիւրներից բխած լուրերը վստահելի չեն

  4. Հ.Շ. says:

    Բուն խնդիրը հետեւեալն է՝

    Եթէ նպատակ ունինք, ինչպէս որ յայտնվեցաւ, կանոնաւոր թղթածրար պատրաստելու, միջազգային ատեաններու առջեւ մատնանշելու համար ամսի սկիզբը պատերազմի ընթացքում թուրքերի գործած՝Մարդկութեան դէմ ոճիրները, անհրաժեշտ է որ այդ ուղղութեամբ տուեալները հաւաքվին ծայրագոյն լրջութեամբ:

    Եթէ այդ ուղղութեամբ մենք սկսինք սարսափազդու հեքեաթներ – կամ ոչ բաւարար չափով փաստված, վիճելի տեղեկութիւններ – տարածել, այդ օրինական քայլը իր ամբողջութեամբ կը վնասվի:

    Այս նիւթին մէջ հիմնական են ՝ մեր զինվորների պահ մը անյայտացած եւ ապա յանձնված դիակների դիազզնութեան արդիւնքները: Գործ մը, որ պէտք է յանձնել օտար մասնագէտների:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930