Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս խաղում Հայաստանը հանդես է գալիս բացառապես որպես գործիք»

Ապրիլ 23,2016 16:30

Լեհ վերլուծաբանը կանխատեսում է՝ առաջիկայում սպասվում է
շատ վտանգավոր ժամանակաշրջան Կովկասի, հատկապես Հայաստանի համար

«Առավոտը» բացառիկ հարցազրույց է վարել Լեհաստանի Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի՝ Կովկասի, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փորձագետ Մաչիեյ Ֆալկովսկիի հետ: Լեհ վերլուծաբանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած քառօրա պատերազմի մասին իր դիտարկումները: Նշենք նաեւ, որ պարոն Ֆալկովսկին 2010-2013 թվականներին աշխատել է Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը:

– Պարոն Ֆալկովսկի, ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցան 1994 թվականից հետո աննախադեպ ռազմական գործողություններ, օգտագործվեցին զրահատեխնիկա, փողային եւ հրթիռային հրետանի, ռազմական ուղղաթիռներ, անօդաչու ինքնաթիռներ, ներգրավվեց մեծ թվով անձնակազմ: Ի՞նչ նախապայմաններ կային այս իրադարձությունների հիմքում, եւ ինչո՞ւ հենց հիմա դա տեղի ունեցավ:

– Չլուծված հիմնախնդրի սրացումը սպասելի էր հիմնականում Ադրբեջանի կողմից, որին հասկանալի պատճառներով ձեռք չի տալիս ստատուս քվոն: Բաքուն Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները, որ գրավվել են Հայաստանի կողմից պատերազմի ընթացքում, համարում է իրենը եւ երբեք չի թաքցրել, որ հարմար առիթի եւ դիվանագիտական հաջողությունների բացակայության դեպքերում փորձ կանի այդ տարածքները հետ գրավել:

Ինչո՞ւ հիմա դա տեղի ունեցավ: Կարծում եմ՝ երկու պատճառով. առաջինը պայմանավորված է Ադրբեջանի ներքաղաքական կյանքով, երկրորդը՝ աշխարհաքաղաքական հանգամանքներով: Ներկայիս դրությամբ Ադրբեջանը, որպես պետություն եւ Իլհամ Ալիեւի ռեժիմ, ապրում է լուրջ տնտեսական դժվարություններ, պետությանը սպառնում է սոցիալական անկայունություն: Ադրբեջանական իշխանությունները կարող էին որոշել, որ իրենց պետք է պատերազմ, որ ժողովրդի ուշադրությունը շեղեին այդ խնդիրներից:

Կարելի է ասել, որ նրանց մոտ դա հաջողվեց: Քառօրյա պատերազմից հետո կարելի էր Ադրբեջանում տեսնել էյֆորիա. բոլորն ուրախացել էին, որ ադրբեջանական զորքին հաջողվել էր հետ գրավել Ղարաբաղի շուրջը եղած ոչ մեծ տարածքներ: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական գործոնին, ինձ թվում է, որ Բաքուն, հատկապես վերհիշելով 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, չէր կարող գնալ հարաբերությունների սրման առանց կանաչ կամ գոնե դեղին լույս ստանալու Մոսկվայից, որն այս տարածաշրջանում ունի իր սեփական հետաքրքրությունը եւ սեփական խաղը:

Karabax-2

– Ռազմական առումով ստատուս քվոն սկզբունքային փոփոխություններ չկրեց, չնայած նրան, որ Ադրբեջանը ցանկանում էր իրականացնել իր հարձակողական նպատակները: Սակայն ի՞նչ փոխվեց Հարավային Կովկասում քառօրյա պատերազմից հետո ռազմաքաղաքական առումով: Մենք ավելի շատ մոտեցանք հիմնախնդրի կարգավորմա՞նը, թե՞ ավելի հավանական է եղածի կրկնությունը, լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը:

– Ես համաձայն եմ, որ սկզբունքային փոփոխություններ ստատուս քվոն ռազմական առումով չկրեց: Բայց քաղաքական առումով փոփոխություններ եղան: Նախեւառաջ, Ադրբեջանն ապացուցեց (առաջին հերթին իրեն), որ կարող է եւ կարողանում է պատերազմել: Ադրբեջանցիները 90-ականների պատերազմում պարտվածի մեծ տրավմա ունեն, ես անգամ կարող եմ ասել՝ նրանք վախենում են հայերից:

Վերջին բախումը օգնեց նրանց գոնե մասամբ այդ բարդույթը հաղթահարել: Դա լավ է ադրբեջանցիների, բայց վատ է հայերի համար: Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանական հասարակությունը հիմնականում ուրախանում էր պատերազմի ժամանակ, իսկ Հայաստանում, չնայած կամավորականների թվին, զգուշավորություն կար: Մյուս փոփոխությունը Մինսկի խմբի կլինիկական մահն էր, որը իրեն ոչ մի կերպ չդրսեւորեց բախման ժամանակ: Նույնը վերաբերում է Արեւմուտքին, այդ թվում՝ ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը: Դա հաստատում է, որ, ցավոք սրտի, Արեւմուտքը Կովկասից շատ արագ հեռանում է՝ թողնելով այս տարածաշրջանը Ռուսաստանին եւ Իրանին: Մյուս փոփոխությունը լուրջ հարվածն է, այսպես ասած, հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին եւ լուրջ ճգնաժամը երկկողմ հարաբերություններում՝ Երեւան-Մոսկվա գծի վրա: Ես անգամ կարող եմ ռիսկի դիմել եւ առաջ քաշել թեզ, որ ինչ-որ չափով վերադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առաջացման ժամանակները, երբ հայերը ընդդիմադիր էին Մոսկվային, եւ հակառուսական տրամադրությունները Հայաստանում շատ ուժեղ էին:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր ունեն Ռուսաստանը եւ Թուրքիան այս հիմնախնդրի հնարավոր զարգացումներում եւ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում:

– Սկսեմ Թուրքիայից, որովհետեւ իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ հեշտ է: Ես Թուրքիայի ոչ մի դերակատարում չեմ տեսնում Ղարաբաղի շուրջ եղած զարգացումներում: Այն պարզապես ոչ մի ազդեցության լծակ չունի այստեղ: Միակ հնարավորությունը Բաքվի միջոցով ազդելն է, բայց Աբրբեջանը ոչինչ չի անի Ռուսաստանի դեմ՝ ռուս-թուրքական կոնֆլիկտում:
Ալիեւը խելագար քաղաքական գործիչ չէ: Նա հիմա ընտրության հնարավորություն չունենալու պատճառով եւ Մոսկվայի կողմից «քաղաքավարի բարեկամության առաջարկը» ընդունելով՝ խաղադրույք է անում Ռուսաստանի վրա, որն, ինձ թվում է, փորձում է Ղարաբաղի շուրջը տարածքներ փոխել եւ հավանաբար Բաքվի՝ ռուսական խաղաղապահների տեղակայմանը վերաբերող համաձայնությունը ինչ-որ լուրջ բանի համար է. կամ Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու, կամ Մոսկվայի՝ էներգետիկ գործարքներում ընդգրկվելու, կամ էլ մեկ այլ բանի համար: Կարող ենք միայն գուշակել: Խնդիրն այն է, որ այս խաղում Հայաստանը հանդես է գալիս բացառապես որպես գործիք: Ինձ թվում է՝ Հայաստանում այդ մասին շատերը գիտեն, բայց, ցավոք սրտի, մանեւրելու համար դաշտը փոքր է կամ ընդհանրապես գոյություն չունի: Ռուս-ադրբեջանական պայմաններից հրաժարվելու դեպքում ես չեմ բացառում, որ Հայաստանում կլինեն ներքին ցնցումներ: Առաջիկայում սպասվում է շատ վտանգավոր ժամանակաշրջան Կովկասի, հատկապես Հայաստանի համար:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է փոխել ԱՄՆ-ի եւ եվրոպական պետությունների քաղաքականության մեջ, որոնք հիմնախնդրի կարգավորման մեջ տարբեր ներգրավվածություններ ունեն, որպեսզի ապահովվի լավագույն պայմաններ հիմնախնդրի կարգավորման համար (հատկապես եթե հաշվի առնենք, որ Եվրոպան Իրանի հետ միացնող ամենակարճ ճանապարհը Հարավային Կովկասով է անցնում): Եվ ի՞նչ հնարավորություններ ունի Լեհաստանը այս հարաբերություններում:

– Ինչ վերաբերում է Արեւմուտքի քաղաքականությանը. հարցը չի վերաբերում Ղարաբաղի կամ Կովկասի նկատմամբ քաղաքականությանը, այլ ընդհանրապես համաշխարհային քաղաքականությանը: Արեւմուտքը, հատկապես Եվրոպան, հիմա ապրում է էքզիստենցիալ, ներքին ճգնաժամ: Սա այն Արեւմուտքը չէ, որին ճանաչում ենք՝ ուժեղ, անզուսպ, որը ղեկավարում է աշխարհը եւ ազդում է իր շուրջը կատարվող գործընթացների վրա: Եվրոպայում հիմնական զգացումը վախն է՝ ներգաղթյալների, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի անկայունության, Ռուսաստանի, տնտեսական ճգնաժամի նկատմամբ: Սրանց գումարած պասիվությունը եւ աշխարհում տեղի ունեցող խաբեությունների մեջ մտնել չցանկանալը: Այդ ամենին այլ կերպ են նայում Կենտրոնական Եվրոպայի պետությունները, բայց դրանք էլ այն ազդեցությունն ու ուժը չունեն, որ ունեն Գերմանիան կամ Ֆրանսիան: Չեմ ցանկանա հոռետես լինել, բայց այլ կերպ չեմ կարող ասել. պետք չէ մեծ հույսեր կապել Արեւմուտքի հետ, որը մեծ հաճույքով ամբողջ Կովկասը կտար Ռուսաստանին, միայն թե իրեն մոռանան եւ հանգիստ թողնեն:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930