Սիրելի Արամ, ինչպես եւ 1992-ի իմ հրապարակումներում, հիմա նույնն եմ ասում՝ երեւանյան մեր խոսակցություններն ու վերլուծությունները այստեղ՝ Ղարաբաղում, անիմաստ են թվում, հատկապես առաջնագծում: «Եթե հաղթական հրաման լինի, հենց հիմա էլ կգնանք առաջ մինչեւ… իսկ եթե պարտվողական…», թե ինչ կանեն, արի չգրեմ: Իսկ «Կազանի, Մադրիդի, Լավրովի եւ այլոց պլաններին» մեր քաջերը թերեւս ունեն մի պատասխան՝ «տերիտորիա տալու չենք, դա հեչ»: Այսօր դարձյալ արդիական հնչող տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, թեմային դեռ կանդրադառնամ:
Ինչպես նախորդիվ գրել էի, առանց պաճուճանքի շարունակեմ պատմել ղարաբաղցիների, բարեկամներիս եւ ճեմարանավարտ սաներիս մասին, որոնք այսօր Ղարաբաղում են՝ ամեն մեկը՝ իր տեղում, զինվորների կողքին՝ Մարտունիում, Մարտակերտում, Հադրութում: Մարտունու վարչակազմում մի խումբ ապարանցի տղաների տեսանք, օգնություն էին բերել, նրանց մեջ եզդի երիտասարդներ էլ կային, ռազմաճակատում «մոլոդոյ զինվորներ» ունեին, եկել էին նրանց կողքին լինելու նաեւ: Հայր Գեղարդը պատմում էր Մարտունիում ապրիլի 2-3-ին տիրող իրավիճակի մասին: «Զոհված զինվորի հուղարկավորությունն ավարտել, իջել էինք գերեզմանոցից, երբ հուժկու արկը պայթեց կողքի թմբում, բարեբախտաբար՝ ժողովուրդն իջել էր արդեն»: Մարտունու վարչակազմի ղեկավար Կարեն Մաթեւոսյանը մասնագիտությամբ ինժեներ է, առաջին պատերազմի ժամանակ Ճարտար գյուղի վաշտի հրամանատարն է եղել, հետո ավելի բարձր ռազմական պաշտոնում էր, հիմա Մարտունու վարչակազմի ղեկավարն է: Ծանր օրերին կարողացել էին բնակչությանը անվտանգ ապաստարաններում արագ տեղավորել, ջրով, սննդով ապահովել: Ապրիլի 2-ի վաղ առավոտյան ազերիները թիրախ էին դարձրել Զորավանի դպրոցի շենքը, դպրոցի ճանապարհին զոհվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, նրա եղբայրն այսօր արդեն գրեթե ապաքինվել է: Դպրոցի աշակերտների թիվը 148-ն է, սկսել են քիչ-քիչ դասերի գալ՝ ասում է Կարեն Մաթեւոսյանը:
Կարդացեք նաև
Ազերիները փորձել էին ճեղքել Մարտունու ճակատը՝ ապարդյուն: Մարտունու զինվորականների ավագ սերունդը Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի դասերը լավ է յուրացրել: Ավոյին մարտունեցիներն այսօր էլ Աստծո պես պաշտում են: «Ոչ մի տեղ էլ չեմ քյնալու, բայց առաջին պատերազմին էնքան չեմ վախեցել, հունց հիմա: Ավոն էստեղ էր, է… Ավո»,- ասում է Հասմիկ բաբոն: Հայր Գեղարդը Հասմիկ բաբոյի տանն է ապրում, որի չորս զավակներն էլ Ղարաբաղում են: Հայր սուրբի նախշազարդ, ասեղնագործ, ծալած-դարսած հագուստը, հողաթափերը ու մահճակալին փռված կամուֆլյաժը՝ «մեր բանակի ու նատովկան», ավտոմատը, զրահաբաճկոնն ու սաղավարտը շատ հետաքրքիր են դիտվում… Ապրիլի 3-ին արկը ընկել էր Բաբոյի թոռան տան այգում, հարսը՝ Թամարը, բոստանում կանաչի էր հավաքում, բարեբախտաբար՝ րոպեներ առաջ արդեն տուն էր մտել: Առաջին պատերազմի ժամանակ Բաբոյի թոռը՝ Սամվելը, 17 տարեկան էր: Այդ տարիքի սահմանը չանցավ, Հասմիկ բաբոն նայում է պատից կախ նրա նկարին: «Տասնութ չկար, ասըմ էինք՝ քյնաս վըչ, ասըմ էր՝ քյնամ ըմ»: Գնաց կանգնեց մյուս երիտասարդների կողքին ու հավերժ մնաց դիրքերում…
Մարտունու եկեղեցու հարեւանությամբ հայր Սահակի, մյուս հոգեւորականների, բարերարների անձնական նախաձեռնությունների շնորհիվ կառուցվում է մշակութային կենտրոնը, որը պիտի զարգացնի մշակութային կյանքը Մարտունիում: Փողոցներում երեխաները հետաքրքրությամբ նայում են հայր Գեղարդին, նրանցից մի քանիսն իրեն ճանաչում են: «Երեկոյան պիտի տղաներիս, զինվորներիս մոտ գնամ, իսկ սա Նվերն է»,- ձեռք է մեկնում 5-ամյա մարտունեցուն իմ սան հայր սուրբը:
Նախորդ օրերին Ղարաբաղ էին եկել Հայոց երկու վեհափառները՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Նրանց այցը այս դժվարին օրերին մեծ խորհուրդ ունեցավ, թեեւ առանց շքեղ արտաքին շղարշի էր, նույն այդպես, ինչպես Մայր Աթոռից Ղարաբաղ ուղարկվող օգնությունը:
Հրաժեշտ եմ տալիս հայր Գեղարդին, գնում եմ ծննադավայրս՝ Գիշի, զարմիկներիցս երկուսը դիրքերում են, իսկ եղբայրս՝ Երջանիկը, 93-ի ապրիլից ի վեր հավերժ բարձունքներում մնաց: Մեր վարորդի՝ Մելսի եղբայրը առաջին պատերազմում զոհվեց, մյուսը վիրավորվել էր, երկար չապրեց, ու հիմա Մելսը մենակ է: Ինչպես ամենուր՝ այս օրերին նա էլ նույն բանն է ասում. «Էս տասնութ տարեկան էրեխեքը առյուծ են, էրեխա չեն, ոչինչ նրանց կանգնեցնել չի կարող, բայց դե, սրանք էլ թող քիչ ուտեին, բանակն ուժեղացնեին… Էս մեր ժողովրդի միասնությունը թող նրանց էլ դաս լինի, թող ամաչեն էլի, ոնց որ էս ժողովրդից չլինեն, անկուշտ են, կշտանալ չկա»: «Ուտելու» թեման այստեղ 80-ական մեր զենքերի, մեր տղաների քաջության ու մեր ժողովրդի միասնության հետ նույն «ռեյթնգ» ունի:
Գիշիում շինարարական աշխատանքներ էին ընթանում՝ նոր դպրոց-մանկապարտեզի գեղեցիկ շենքը Կրասնոդարի հայ նշանավոր բարերարներից մեկն է կառուցում՝ արմատներով ճարտարեցի Վլադիմիր Ավագյանը: Դպրոցից ոչ հեռու «հանգիստն է»՝ գեղեզմանոցը, քրոջս՝ Մարինեի հետ մեր Երջոյի լույս գերեզմանին խունկ ծխեցրինք: Այստեղ են հանգչում 92-94-ի պատերազմին եւ դրանից հետո իրենց երիտասարդ կյանքը տված գյուղի 39 տղաները: Օրերս նրանց միացավ եւս մեկը: Հայոց բանակի սպա Գրիգորյան Հայկը 23 տարեկան էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան: Ջեբրայիլի մարտերում իր երկու ընկերների հետ զոհվեց անհավասար մարտում: Տանկի հրամանատարն էր՝ Մարտունու Գիշի գյուղի 40-երորդ հավերժը դարձավ Հայկը: Հայր Գեղարդն էր Գիշիում կարգը կատարել:
Տղաներից մի երկուսը մեկ օրով «օտպուսկ էին եկել» գյուղ, մեկ երկուսը վերադառնում էին պոստեր: Բոլոր երիտասարդները առաջնագծում, երկրորդ, երրորդ «էշելոնում են»: «Տի յա էլի պատերազմ ա, Աստված, Աստված ենք կանչում, բայց դե…»,- աչքերը սրբում են մայրերը: Բարի վերադարձ բոլորին, սիրելիներս:
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ.
Ղարաբաղ. Մարտունի
«Առավոտ» օրաթերթ
22.04.2016