Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրենք խաղաղ ապրում են, ինձից փո՞ղ եք ուզում»

Ապրիլ 23,2016 15:30

Արմավիրի դատարանում ասաց երկու զինվորների մայրը

Պայմանագրային զինծառայող Հենրիկ Զեյնալյանը եւ նրա զինծառայող եղբայրը՝ Հունանը, այս պահին Արցախում են: Երկուսն էլ ամուսնացած են: Հենրիկն իր երեք երեխաների, թոշակառու ծնողների, եղբոր ընտանիքի հոգսերը թեթեւացնելու համար արդեն մի քանի տարի է, ինչ Արցախում է, ճակատում, ինչպես ասում են: Հենրիկի ամենամեծ զավակը 10 տարեկան է, իսկ փոքրիկը՝ 10 ամսական, որը «տատիկի գործով» երեկ մոր գրկին Արմավիրի դատարանում էր:
Բնականաբար, մորը երեք մանկահասակ երեխաներով թույլ չտվին մասնակցելու նախնական դատական նիստին:

Տատիկը՝ զինվորների մայրը՝ Էմմա Սինանյանը, նրա ամուսինը՝ Հովհաննես Զեյնալյանը դատարանում առանց իրավաբանի էին, իսկ երիտասարդ դատավորի՝ տիկին Ֆիդանյանի հարցին էլ, թե Ձեր իրավունքների ու պարտականությունների մասին գիտե՞ք, պատասխանեց. «Ոչինչ էլ չեմ հասկանում: Չգիտեմ՝ ինչ բառ ասեմ, որ Ձեր կողմից ընկալվի: Չգիտեմ՝ ինչն ինչոց է: Վարկ էի վերցրել փաստաբանին վճարելու համար, հիմա հրաժարվել եմ նրանցից»:
ՌԴ Թաթարստանի Հանրապետության քաղաքացին դիմել է մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Լուկաշին գյուղում ճանաչված, համեստ կենցաղով ապրող այդ ընտանիքին վտարելու պահանջով:

Հայցվորը 14 տարի չի բնակվել 78 քմ մակերեսով վթարային շենքի առաջին հարկի բնակարանում: Երասխավանի դեպքերից հետո այս ընտանիքը հայտնվել էր Լուկաշինում, եւ 1920 թվականին կառուցված այդ շենքում էլ հարեւաններից մեկը հանձնել է վիճելի տան բանալիները, Թաթարստանի Հանրապետության քաղաքացու տվյալները:

zinvor2-(2) zinvor1 zinvor7 zinvor3
Որպես բարեխիղճ անձնավորություն, տիկին Էմման օգտագործել է մինչ օրս այդ բնակարանը, չնայած պոկվող առաստաղին, խոնավությանը, որը ամառն անգամ փայտե վառարանով է մեղմվում, երազելով, թե որդին ծերը ծերին կհասցնի, հնարավորություն կլինի գնել բնակարանը: «Տանտերն» էլ չի առարկել, պայմանավորվել են նախնական գինը՝ 1500 դոլար: Հիմա իմանալով այն մասին, որ այս մեծ ընտանիքը պետք է վճարի նախնական պայմանավորվածությամբ բնակարանի համար, պահանջել է 4000 դոլար գումար: Երբ հրաժարվել են, դիմել է դատարան՝ վտարման պահանջով:

Տունը, ուր այցելեցի, 1500 դոլար տալն էլ շատ է: Այս տունը լոգարան չունի, մինչ օրս նրանք լողանում են, երեխաներին լողացնում տան մեջ՝ թասում: Զուգարանը տնից հեռու է, ցելոֆանե պատուհանից կարելի է նկատել փայտե զուգարանը:

Շենքում հրդեհ էր բռնկվել, եւ երկրորդ հարկը մարելու արդյունքում առաստաղն ավելի վտանգավոր է դարձել: Թաթարստանի «յան» ազգանունով բնակիչը դիմել էր դատարան, թե «իր բնակարանը կամովին չեն ցանկանում ազատել, վերջիններս այն տիրապետոււմ են առանց իր թույլտվության»: Ընտանիքն այս պահին մտահոգ է իր զինվորներով, պարզ չէ, թե նրանք ինչ կերպ կվերադառնան:

Երեկ դատարան չէր ներկայացել այս գործով երկրորդ պատասխանողը՝ գյուղապետը: Նա նոր էր վերադարձել Արցախից, առողջական խնդիրներ ուներ: Գյուղապետը հանդիպել էր իր գյուղի բոլոր զինվորներին, տարվել էր որոշակի օգնություն: Գյուղապետ Կարեն Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այս գործը մեկ տարուց ավելի է, ինչ դատարանում է: Կամայականությունների արդյունքում հակառակ կողմը դատը շահել է: Բոլոր փաստաթղթերն ունեմ: Առանց հիմքի տրված վկայականը դարձավ հիմք: Որեւիցե մեկը չի կարող այս գործով հիմք բերել»: Հարցիս, թե նկատի ունի սեփականության վկայակա՞նը, գյուղապետն ասաց. «Այն փաստաթուղթը, որը կար նրանց ձեռքում, չկա: Իսկ դատարանը հիմք ընդունեց»: Գյուղապետարանը, ի տարբերություն Սինանյանների ընտանիքի, ունեցել է իր իրավաբանը, ասաց, որ ըստ էության կադաստրն իրենց չի մերժել վկայական ստանալու համար, այլ «կասեցրել է»:

Երեկվա դատական նիստը վերաբերում էր շահած դատի արդյունքում հակառակ կողմի փաստաբանին վճարվելիք գումարի բռնագանձման պահանջին: Ըստ գյուղապետի. «Լիազորված անձ է եղել փաստաբանը, չենք կարող ասել, թե նա չի արել: Բայց մարդկային տեսակետից չի գործում որեւէ բան: Կոնկրետ, նորից եմ ասում, կողմը չի կարող բերել հիմքը, թե ո՞վ է սեփականատերը»: Դատական հաջորդ նախնական նիստը կշարունակվի մայիսի 25-ին:
Երկու զինվորները տեղյակ չեն, թե թիկունքում արդարադատությունն ինչ զենքով է իրենց ծնողների դեմ կռվում:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
22.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930