Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը եւս կնպաստի մշակութային կապերի զարգացմանը

Ապրիլ 23,2016 15:00

Շուրջ մեկ տարի փոխադարձ հանդիպումների, քննարկումների արդյունքում ստեղծվեց հայ երաժշտարվեստի պատմության մեջ առաջին անգամ հայ-ֆրանսիական մանկական նվագախումբ (լուսանկարում):

Ժամանակին «Առավոտը» տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Ռոման քաղաքի կոնսերվատորիայի տնօրեն Օրտենս Լակրուայի, դուդուկի դասարանի պրոֆեսոր Լեւոն Չատիկյանի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում, Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի միջեւ կնքվել է փոխհամաձայնագիր՝ ստեղծել համատեղ նվագախումբ հայ-ֆրանսիական մշակութային կապերի պահպանման, ամրապնդման առաքելությամբ: Հիշեցնենք, որ նվագախմբի հայ մասնակիցները 2015թ. մայիսին համատեղ նվագախմբի կազմում հանդես եկան Ֆրանսիայի 4 քաղաքներում՝ Ռոման, Վալանս, Սենտ-Էտիեն, Լիոն:

Այս օրերին 90 երաժշտից բաղկացած նվագախումբը (22-ը Ֆրանսիայից, 68-ը՝ Հայաստանից) ելույթ ունեցավ Աշտարակի մշակույթի տանը եւ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Ինչպես տեղեկացրեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ մանկական նվագախմբի ղեկավար Ռուբեն Ասատրյանը, ապրիլի 22-ին նվագախումբը ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ծրագրում՝ հայ եւ ֆրանսիացի ճանաչված կոմպոզիտորների՝ Խաչատրյան, Բաբաջանյան, Շաքարյան, Սաթյան, Բեռլիոզ, Սեն-Սանս, Ռավել, Ֆորե, ստեղծագործությունների մեկնաբանմամբ: Դիրիժորը նշեց Աշտարակի եւ Գյումրիի համերգներից հետո նվագախմբի երիտասարդ արտիստների ոգեւորության ու հանդիսատեսի ջերմ ընդունելության մասին:

Մեզ հետ զրույցում Ռոման քաղաքի երաժշտական դպրոցի տնօրեն Մարի-Օրտանս Լակրուան հիշեց 2014թ. իր առաջին այցը Հայաստան, հանդիպումը հայ գործընկերների հետ: Ասաց, որ գործընկերությունն արագ վերածվել է ընկերության, ինչի շնորհիվ ծանոթությունը Ֆրանսիայում քիչ ճանաչված հայ կոմպոզիտորների երաժշտության հետ իրենց եւ ֆրանսիացի ունկնդրի համար եղել է բացահայտում: «Ձեր մշակույթը աշխարհի ամենահին մշակույթներից է, ինչը մեզ ստիպում է հետաքրքրվել հայ մշակույթի ծագումով: Այս ամենը մտածելու առիթ է տալիս մեր երիտասարդ սաներին, եւ եթե մենք այստեղ ենք, հաստատ այն պատճառով, քանի որ կիսում ենք այն համոզմունքը, որ վաղվա համար ավելի լավ աշխարհ կառուցելը նախեւառաջ այսօր միասին ու ընկերաբար գեղեցիկը կառուցելն է»,- ասաց Օրտանս Լակրուան: Հետո էլ հավելեց, որ Ռմանի երաժշտական դպրոցը երկար ժամանակ ղեկավարել է (1980-ականներից) ֆրանսահայ ճանաչված դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը եւ ինքը 2007թ. ստանձնելով տնօրենի պաշտոնը, նպատակ ունի հարատեւ դարձնել ֆրանս-հայկական այս երաժշտական ընկերության գործունեությունը, որն, ի դեպ, միակ ուսումնական օջախն է Ֆրանսիայում, որն առաջարկում է հայ ավանդական երաժշտության մեջ մասնագիտացած ուղղություն եւ որտեղ դասավանդում են նաեւ Երեւանի կոնսերվատորիայի դասախոսներ:

Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը փաստեց, որ ավելի քան 75 տարվա պատմություն ունեցող դպրոցը, որը շարունակում է տալ փայլուն շրջանավարտներ, հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիրներ, մանկավարժներ, երաժշտական-հասարակական գործիչներ, այսօր էլ կերտում է իր պատմությունը՝ ապահովելով մնայուն տեղ հայ երաժշտարվեստում: Անդրադառնալով հայ-ֆրանսիական մանկական նվագախմբին, պարոն Կոստանդյանն ասաց. «Մեր կյանքը հարուստ է կարեւոր մշակութային հանդիսություններով, իսկ այս նախաձեռնությունը քայլ առ քայլ, բայց հաստատուն ձգտում է դառնալ յուրօրինակ ծրագիր իր ողջ գունապնակով եւ բազմազանությամբ»:

Հավաստիացրեց նաեւ, թե համագործակցությունը ֆրանսիացի կոլեգաների հետ լինելու է շարունակական, ամենամյա փոխայցելություններով, փորձի փոխանակումներով: Վստահեցրեց, որ այս համերգաշարն իր կարեւոր դերակատարումը կունենա հայ-ֆրանսիական մշակութային կապերի հետագա զարգացման գործում:

Ի դեպ, մինչ հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի հայաստանյան ելույթը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շաղպանտյեն ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում Ռոման քաղաքին եւ ՀՀ մշակույթի նախարարությանը, որոնց շնորհիվ այս ծրագիրը իրականություն դարձավ: Սա հնարավորություն է ընձեռում լսել հայ եւ ֆրանսիացի կոմպոզիտորների երկերը, նպաստում մեր երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը մշակութային դաշտում»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930