Այսօր Հայաստանի ազատ ոճի ազգային հավաքականի չորս անդամներ գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Երեւան-Մոսկվա-Ուլան Բատոր չվերթով մեկնում են Մոնղոլիա, որտեղ կայանալու է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական հավաքականի երկրորդ վարկանիշային մրցաշարը:
Հիշեցնենք, որ ընդամենը երեք-չորս օր առաջ Սերբիայում անցկացված եվրոպական առաջին վարկանիշային մրցաշարում 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը երկրորդ վարկանիշը բերեց Հայաստանի ազատ ոճային ըմբիշներին:
Երեկ «Առավոտը» ներկա գտնվեց հավաքականի վերջին մարզմանը եւ զրուցեց գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:
– Պարոն Բաղդադյան: Վաղը մեկնում եք Ուլան Բատոր: Եվրոպական վարկանիշային մրցաշարին մասնակցած թիմի կազմում փոփոխություններ կատարվե՞լ է, թե՞ նույն ըմբիշներին է երկրորդ հնարավորությունն ընձեռվելու:
Կարդացեք նաև
– Փոփոխություններ, իհարկե, կան: Աշխարհի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ընդհանուր առմամբ լավ հանդես եկավ Սերբիայում: Նա գրավեց երրորդ տեղը, բայց ուղեգրի չարժանացավ: Նրան դրա համար նոր հնարավորություն ենք տվել: 74 կգ քաշային կարգում Մոնղոլիա մեկնում է Գրիգոր Գրիգորյանը: Այս քաշային կարգում երիտասարդ Սուրեն Խաչատրյանը Սերբիայում իրեն վատ չդրսեւորեց՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Նա կարող էր ավելին անել, սակայն տարիքն ու փորձի պակասը խանգարեցին: Կարծում ենք, Գրիգորյանը Մոնղոլիայում ավելի հաջող կպայքարի ուղեգրի համար: Մուսա Մուրթազալիեւն իրեն չարդարացրեց: Նրան 86 կգ քաշային կարգում փոխարինել ենք Շամիր Ադյանով: Իսկ 97 կգ քաշային կարգում առաջին անգամ Հայաստանը կներկայացնի Հյուսիս օսեթացի Գեորգի Կիտոեւը: Նա վաղուց էր մեր աչքի առջեւ:
Կիտոեւը տիտղոսակիր մարզիկ է, եղել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր: Բայց վերջին տարիներին նման կարգի պաշտոնական մրցումների չի մասնակցել: Մենք մշտական կապի մեջ ենք նրա եւ մարզչի հետ: Վստահեցնում են, որ ըմբիշը մշտապես մարզվում է եւ վատ մարզավիճակում չէ: Տեսնենք: Մոնղոլիայի մրցագորգը հարցերի պատասխանը կտա: Նա թիմին միանալու է Մոսկվայում:
– Պարոն Բաղդադյան: Նկատում եմ, որ մարզումը լրիվ ծանրաբեռնվածությամբ չի անցնում:
– Այո: Եվ դա հիմնավորված է: Ընդամենը մի քանի օր առաջ են տղաները վարկանիշային մրցաշարում մրցելույթներ ունեցել: Ու նոր ծանրաբեռնվածություններ նրանց տալը նպատակահարմար չէ: Տղաները բարձրակարգ ըմբիշներ են եւ նրանց նոր բան սովորեցնելու անհրաժեշտություն չկա: Հիմա մենք աշխատում ենք տակտիկայի, նախորդ մրցաշարում նկատված վրիպումներն ու սխալները վերացնելու վրա: Վարկանիշային մրցաշարերի խտությունը շատ մեծ է ու դա ի վնաս է միայն Եվրոպայի երկրներին: Պատկերացրեք՝ ապրիլի 19-ին ենք վերադարձել Երեւան եւ վաղը կրկին մեկնում ենք: Երրորդ մրցաշարն էլ կայանալու է մայիսի սկզբին՝ Թուրքիայում: Ասիա, Ամերիկա, Աֆրիկա աշխարհամասերի վարկանիշային մրցաշարերը անցկացվել են մոտ մեկ ամիս առաջ եւ ըմբիշները հասցրել են վերականգնվել, նոր հավաքներ կազմակերպել, ինչը չես ասի մեր ու եվրոպական մյուս երկրների համար:
– Դուք հայտարարել եք, թե օլիմպիական խաղեր մեկնելու են այն ըմբիշները, որոնք օլիմպիական վարկանիշ կնվաճեն: Դա ուժի մե՞ջ է:
– Սկզբունքորեն՝ այո: Վարկանիշային մրցաշարերի ավարտից հետո մենք նախապատրաստվելու բավականին ժամանակ ունենալու ենք եւ հետեւելու ենք բոլորի մարզավիճակին: Աստված մի արասցե, եթե նրանցից մեկը վնասվածք ստանա, հիվանդանա, կամ Խաղերի նախօրեին կորցրած լինի լավագույն մարզավիճակը, հասկանալի է, նրան մեկ ուրիշով փոխարինելու անհրաժեշտություն կարող է առաջանալ:
– Եվ վերջին հարցը: Դուք ժամանակին հայտարարել եք նաեւ, որ պայքարելու եք օլիմպիական չորս ուղեգրերի համար: Եթե լիմիթը Մոնղոլիայում լրացվի, երրորդ վարկանիշային մրցաշարին էլ չե՞ք մասնակցի:
– Աստված տա, այդպես էլ լինի: Բայց մասնակցելու ենք բոլոր մրցաշարերին: Եթե արդեն չորսն ունենանք, կպայքարենք նաեւ հինգերորդի համար:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2016