«Հայաստանից եկած ֆիդայիներն ինձ «ապեր» էին ասում, չգիտեին, որ հոգեւորական եմ: Դե, մեղք էլ չունեին… ես էլ մորուք ունեի, իրենք էլ…: Այնպիսի օրեր էին, որ հոգեւորականները մի քիչ ֆիդայի, իսկ ֆիդայիները մի քիչ հոգեւորական էին, որովհետեւ յուրաքանչյուր պատերազմի արդար ընթացքն ու ավարտն Աստծուց է»,-այսպես է պատմել Գանձասարի հոգեւոր հովիվ տեր Հովհաննեսը՝ 90-ական թվականների արցախյան պատերազմի տարիների իր հիշողություններից:
Այդ օրերին տեր Հովհաննեսին անվանում էին նաեւ «Տեր Ռեմբո», հայտնի ֆիլմի հերոսի անունով. հիշենք, որ Ռեմբոն միայնակ ելնում էր խարդախ թշնամու մի ողջ բանակի դեմ ու հաղթում: Եվ ճշմարիտ որ, վկայում են, թե մեր քահանան ծանր գնդացիրն ուսին հենելով՝ ավտոմատի փոխարեն էր գործածում: Պատմում են նաեւ, որ երբ մեքենայի անվադողը փոխելու հարկ էր լինում եւ համապատասխան սարք չէր գտնվում, տեր Հովհաննեսն էր իր ծառայությունն առաջարկում:
-Տիրոջ շնորհները` Տիրոջ հաղթանակի համար,-ասում էր տեր Հովհաննեսը, ապա թե,-որդյակ, ինչքա՞ն ժամանակում կփոխեք:
-Հինգ րոպեում, տեր հայր:
Եվ հսկայազարմ քահանան մեքենայի համապատասխան հատվածը կտրում էր գետնից, պահում էր այնքան, մինչեւ անվադողը փոխեին: Նաեւ, պատերազմի թեժ պահին, հանկարծ անհրաժեշտ էր դառնում ծանր ռազմատեխնիկայի ուղղությունը փոխել՝ ըստ թշնամու հարձակման փոխվող ճակատների: Եվ երբ համապատասխան մեքենաներ չէին լինում, տեր Հովհաննեսն իր կարճ ու սուրբ աղոթքն էր ասում… եւ մոտենալով՝ միայնակ փոխում էր ծանր ռազմատեխնիկայի ուղղությունները: Բնականաբար, նման զորավոր հովիվ քահանա ունենալով` հոտն ավելի հանգիստ ու վստահ է լինում, առավել վայելում Աստծո մոտիկությունն ու արժեւորում սրբությունը, սրբության պահպանությունը:
Տեր Հովհաննեսը նաեւ պատմել է. «Ես այդ օրերին ապրում էի այս խցում,- Գանձասարի վերանորոգվող արեւելահայաց հատվածը ցույց տալով: -Մահճակալս դրված էր այս պատուհանի մոտ: Դիմացի բարձունքից սկսվեց հերթական, բայց այս անգամ ահեղ մի հրետակոծություն: Հետո սկսեցին ռումբեր նետել ինքնաթիռից: Հիմնական նշանակետը Գանձասարն էր՝ մեր ոգու ամրոցը: Սակայն Աստծո բարեհաճությամբ ոչ մի արկ չէր հասնում նշանակետին: Ես նստած էի մահճակալին: Լսվում էր մոտեցող ինքնաթիռի ձայնը: Հանկարծ մեկն ինձ ասաց. «Դո՛ւրս եկ խցից»: Զարմանքով նայեցի շուրջբոլորս, խցում միայն ես էի, դրսում նույնպես մարդ չկար: Նորից լսեցի ձայնը, այս անգամ ավելի ազդու եւ հրամայական. «Շո՛ւտ, դուրս եկ»: Լսեցի: Ոտքս շեմքից դուրս դնելուն պես ինքնաթիռից ընկած արկը պայթեց խցի կենտրոնում եւ մահճակալս…»: Եվ տեր Հովհաննեսը ցույց տվեց ինձ քանդված պատերն ու ներքեւում ընկած մահճակալի կտորները:
Կապիտան Գնել Շահնազարյանի վկայությունները՝ Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2016