Լրահոս
Օրվա լրահոսը

«Շփման գիծն արդեն առասպել է, դա անհնար է պաշտպանել որեւէ ձեւով». քաղաքագետ

Ապրիլ 22,2016 22:35

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը պնդում է՝ քառօրյա պատերազմը դադարեցվեց  ուրիշ պետության շահերի պատճառով:

«Ադրբեջանցիները վերցրել են ինչ-որ դիրքեր, հետո  որոշումներ են  ընդունվել պատերազմը վերջացնել: Այդ գործընթացների կառավարումը հետապնդում էր ուրիշ պետությունների շահը, որեւէ մեկը դա չի կարող ժխտել. առնվազն վերջին որոշումը պատերազմը կանգնեցնելու մասին մեր շահը չէր: Հրամանատարներն ասում էին՝ ամեն ինչ մեր ձեռքում է, բայց մեր իշխանություններն ընդունում են որոշումներ հօգուտ Ադրբեջանի»,- քառօրյա պատերազմի արդյունքներն այսպես է վերլուծում քաղաքագետը:

Ըստ նրա. «Մենք ի վիճակի չենք ճիշտ մտածել, չենք կարող հասկանալ ռիսկը ինչ է, ուժը ինչ է: Չենք հասկանում մեր ներքին վիճակը, խնդիրը խորքային է: Շփման գիծն արդեն առասպել է, դա անհնար է պաշտպանել որեւէ ձեւով, շփման գիծը գերեզմանոց է:

Տանկերը խաղալիք են, վերացել են որպես զենք, տանկերը  համարյա չեն մասնակցում որեւէ գործողության ու պայթում են: Ադրբեջանի քաղաքական ծրագիրը ԼՂՀ-ն գրավելն է, մինչեւ տանկը չի գալիս կանգնում, այդ տարածքը քոնը չէ, բայց կյանքը ցույց տվեց, որ տանկերը ոչինչ չեն կարող անել:

Ադրբեջանի տանկերը պետք է որսալ, հենց հիմա հավաքել դիպուկահարներ ու հենց վաղը խփել ու թողնել այդ երկիրն առանց տանկերի ու օդ ցնդեցնել լայնածավալ պատերազմի միֆը:

Արդեն քսանհինգ տարի է՝ ասում են աշխարհը մեր դեմ է, միայնակ ենք, թույլ ենք մեր ուժերով պետք է շարժվենք, միակ ձեւն այն է, որ ոչ մի բան առաջ չքաշենք, որ կարողանանք մեր հզոր հարեւանների հետ լեզու գտնենք ու կարողանանք գոյատեւել»:

Անդրադառնալով քառօրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի գործողություններին՝ ասաց, որ Ռուսաստանը գործել է կիրթ, գրագետ իր շահերից ելնելով. «Չգիտես՝ ինչու մեզ թվում է, թե Ռուսաստանը մեզ դավաճանեց, ինչու պետք է դավաճանի, որովհետեւ Ռուսաստանի կեղծ կերպար ենք ստեղծել, մտածում ենք՝ եթե մի երկրի հետ ունենք նման պայմանագրեր, իրեն այսպես պետք է պահի, եթե այսպես չի պահում, ուրեմն դավաճան է: Դավաճանության մասին խոսք լինել չի կարող»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930