Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության կապիտանը կերուխումի համար 1 լիտր օղի է պահանջել ավագանու անդամից

Ապրիլ 22,2016 22:30

Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Սոֆյա Այվազյանը ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արտեմ Խաչատրյանի գործողությունների դեմ բազմիցս բողոքել է, 2015թ. հոկտեմբերի 28-ին գրավոր դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Ս. Այվազյանը հայտնել է, որ 2014թ. օգոստոսին  Ա. Խաչատրյանը «Կանեփ-կակաչ» միջոցառման ժամանակ լինելով Լուսաձորում՝ կերուխումի համար իրենից պահանջել է 1 լիտր օղի: Ս. Այվազյանը(այն ժամանակ նա համայնքի ավագանու անդամ էր) ասել է, որ դրա համար պետք է վճարել, Ա. Խաչատրյանը հակադարձել է՝ ոստիկա՞նն էլ պետք է օղու համար վճարի:

Ս. Այվազյանը մեզ հայտնեց, որ ինքը 2015թ. հուլիսին սպառնալիքով ինչ-որ անձից  հեռախոսազանգ է ստացել, ինչի կապակցությամբ դիմել է ոստիկանություն: Արտեմ Խաչատրյանը ոստիկանության մի աշխատակցի հետ եղել է նրանց տանը, բացատրություններ վերցրել, Այվազյան ընտանիքի անդամների հետ Ա. Խաչատրյանի զրույցի մեջ արծարծվել են նաեւ ընտանիքին վերաբերող, անձնական բնույթի մասին տեղեկություններ, որոնք հետո Ա. Խաչատրյանը փոխանցել է Լուսաձորի համայնքի գրադարանավար Տաթեւիկ Բալասյանին, ով Ա. Խաչատրյանի հոր ընկերոջ աղջիկն է: Ս. Այվազյանն ասաց, որ Ա. Խաչատրյանը Լուսաձորի գյուղապետարանում լինելով՝ գյուղապետարանի աշխատողներին սպառնացել է չնեղացնել Տաթեւիկ Բալասյանին: Սոֆյայի վկայությամբ՝ Խաչատրյանը մի անգամ այդ նպատակով գյուղապետարան էր եկել առավոտյան, քաղաքացիական հագուստով: Գյուղապետի տեղակալն ասաց, որ ինքը Խաչատրյանին հարցրել է ,թե ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը տեղյա՞կ է Խաչատրյանի այցի նպատակից, վերջինս նետել է՝ մարզային վարչության պետն ո՞վ է: Սոֆյան ցանկացել է այդ պահին զանգահարել ոստիկանություն, սակայն Ա. Խաչատրյանը բռնել է նրա ձեռքը, իբր մտերմիկ ձեւով փորձել ձեռքը ուսին դնել; Այդ պահին ներկաներից մեկը նրանց լուսանկարել է, լուսանկարը Սոֆյայի մոտ է:

Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանին հարցրինք՝ կապիտան Ա. Խաչատրյանն իրենց սպառնացե՞լ է: Նա ասաց, որ գրադարանավար Տ. Բալասյանը աշխատանքային կարգապահության հետ կապված խնդիրներ ունի, որպեսզի դրա համար տույժի չենթարկվի, աջակցության համար դիմում է  ծանոթ-բարեկամներին, Ա. Խաչատրյանը 3 անգամ գյուղապետարան է եկել, պահանջելով, որ Տ. Բալասյանին չնեղացնեն:

2015թ. նոյեմբերի 9-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գեւորգյանը ի պատասխան Ս. Այվազյանի դիմում-բողոքի, նրան գրավոր հայտնել է, որ ոստիկանության Իջեւանի բաժնում այդ կապակցությամբ ծառայողական քննություն է կատարվել, որի արդյունքներով հիմնավորվել է, որ « ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Իջեւանի բաժնի հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արտեմ Սերգեյի Խաչատրյանի կողմից ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում կատարվել են անշրջահայաց գործողություներ, թույլ տալով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների պահանջների խախտումներ,որի համար «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի՝ նա ենթարկվել է կարգապահական պատասխանատվության եւ նրան հայտարարվել է «նկատողություն»: Ձեր դիմումում նշված մյուս փաստերը ծառայողական քննության ընթացքում չեն հիմնավորվել»:

Դժգոհ լինելով, որ Ա. Խաչատրյանը մեղմ տույժի է ենթարկվել,Ս. Այվազյանը նրա դեմ 2015թ. դեկտեմբերի 22-ին կրկին դիմել է Վլադիմիր Գասպարյանին՝ դիմումի պատճենը հղելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ տողերիս հեղինակին:

Ս. Այվազյանը 2016թ. մարտի 31-ին Իջեւանում հանդիպելով Վլադիմիր Գասպարյանին, նրան հիշեցրել է իր դիմումի մասին: Ս. Այվազյանի վկայությամբ ՝ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ ոստիկանապետը հավաստիացրել է, որ նրա բողոքին ոստիկանության մարզային վարչությունում պատշաճ ընթացք կտան: Դրանից հետո մարզային վարչությունում նրան հայտնել են, որ Ա. Խաչատրյանին հայտարարված նկատողությունը համարժեք է նրա կատարածին: Գյուղապետի տեղակալը հավատում է, որ Վլադիմիր Գասպարյանի շնորհիվ ոստիկանությունը կբարեփոխվի: Ս. Այվազյանը  2015թ. դեկտեմբերի 22-ին Վ. Գասպարյանին ուղարկած դիմումի մեջ գրել է. «Այս իրավակարգը միայն Ձեր արդար միջամտությամբ կկարգավորվի, հավատացած եմ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930