«Լավրովի այս այցելությունից հետո հուսով եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում կլինի զարգացում՝ բոլոր ոլորտներում մենք կարող ենք ունենալ առաջընթաց»,- ապրիլի 22-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա, պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը նշեց, թե Հայաստանը համարվում է Ռուսաստանի առանցքային գործընկերը ԱՊՀ-ում: Նա նկատեց, որ Ադրբեջանը եւս ԱՊՀ անդամ է. «Սա հաղորդագրություն է ոչ միայն Հայաստանին: 6 հատ առանցքային գործընկեր չի լինում, առանցքային գործընկերը լինում է մի հատ: Այսինքն՝ սա հաղորդագրություն էր նաեւ ռուսական լրատվամիջոցներին, որոնք միգուցե տարբեր կարծիքներ էին հնչեցնում: Միգուցե՝ Ադրբեջանին, միգուցե՝ միջազգային հանրությանը: Բայց բերեք ընդունենք, որ արտգործնախարարը այն մարդը չէ, որ պատահական հայտարարություններ անի: Բնականաբար, հայ-ռուսական դաշնակցությունը, հայ-ռուսական շահերը Ռուսաստանը անում է իր շահերից ելնելով, մենք անում ենք մեր շահերից ելնելով»:
Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ Լավրովը նաեւ նշել է, որ Հայաստանը Կազանի փաստաթղթից չի հրաժարվել. «Իսկ եթե հրաժարվել է Ադրբեջանը, նշանակում է խնդիրը Ադրբեջանի մեջ է, բանակցությունները դեպի փակուղի տանում է Ադրբեջանը: Եթե կազանյան փաստաթղթին եւ բանակցություններին դեմ է ադրբեջանական կողմը նշանակում է նաեւ՝ ագրեսիան սանձազերծել է այն կողմը, որը համաձայն չէ այս իրավիճակին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ