Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրեց «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Այդ փոփոխությամբ նախատեսվում է գինու ակցիզային հարկը չկիրառել գինու շշի վրա, իսկ դա կիջեցնի գինու գինը 10 դրամով եւ կնպաստի խաղողագործությանը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հեգնեց՝ «Քաղաքացիներին հարցրեք՝ 2000 դրամանոց գինին, որ վաճառվեց 1990 դրամ, դուք կթողնեք օղին, կեթաք գինի՞ կառնեք»:
Հրանտ Բագրատյանը պատասխանեց՝ այո՛. «Գինին պետք է միավոր սպիրտի հաշվով ավելի էժան լինի, սա՛ է սկզբունքը»:
Կարդացեք նաև
Վարդան Այվազյանը չհամաձայնեց. «Ինձ բացատրեք, ինչո՞ւ պետք է մարդիկ 500 դրամանոց օղին չառնեն եւ առնեն 1990 դրամանոց գինին: Ձեր հաշվարկով, 1990-ը ավելի քիչ է, քան 500 դրա՞մը»:
Հրանտ Բագրատյանը բացատրեց, որ միավոր սպիրտի հաշվով, այո, քիչ է. «Մի՛ մոռացեք, գինու սպիրտայնությունը 10-12 տոկոս է, օղին՝ 40 տոկոս, այսինքն, 4 շիշ գինին 1 շիշ օղի է: Իրականում պետք է գինու գնի շատ ավելի իջեցում: Գինու շիշը մի քանի անգամ թանկ արժի, քան օղու շիշը: Օղին, որպես կանոն թանկ շշի մեջ չեն լցնում»:
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ «Պիվի Հակոբը» միջամտեց բանավեճին. «Եթե 2000 դրամանոց գինու գինը 100 դրամ էլ իջնի, դա էական իջեցում չի լինի»:
Հրանտ Բագրատյանը հակադարձեց՝ ախպեր, էս քննարկումը չպիտի՛ լինի, մենք սկզբունքն ենք ամրագրում, որ գինին պետք է ավելի էժան լինի, քան օղին:
Կառավարությունը հաշվել է, որ Հրանտ Բագրատյանի առաջարկած նախագիծն ընդունելու դեպքում գինին կէժանանա ամենաշատը 15 դրամով: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ գաղափարն իրենց համար ընդունելի է:
Նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ